Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«ԱԱԾ սահմանապահների հետ կապված 2 տհաճ միջադեպ, որի մասին պե՛տք է գրեմ». Թաթուլ Հակոբյան

«ԱԱԾ սահմանապահների հետ կապված 2 տհաճ միջադեպ, որի մասին պե՛տք է գրեմ». Թաթուլ Հակոբյան
259
Երկուշաբթի, 08 հունվարի, 2024 թ., 23:36

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԱԱԾ սահմանապահների հետ կապված 2 տհաճ միջադեպ, որի մասին պե՛տք է գրեմ:
ԱԱԾ-ի հարցում ես առանձնակի զգայուն եմ և երբեք չեմ գրում բաներ, որ գրում եմ, օրինակ, քաղաքականության, կոնֆլիկտների և այլ թեմաներով: ԱԱԾ-ն մեր պետության անվտանգությունն է, հետևաբար՝ մեր անվտանգությունը, անկախ իշխանությունից:
Բայց այսօր Կապանի Դավիթ Բեկ գյուղում մի տհաճ միջադեպ եղավ, որի մասին կգրեմ, բայց մինչ այդ մեկ այլ միջադեպի մասին գրեմ, որ եղել է 2 ամիս առաջ և չեմ գրել:
Մեղրիից Շվանիձորով գնում եմ Ծավ, ապա՝ Կապան:
Բնականաբար, կանգնում եմ Արաքսի ափին, իմ «Նիսսան Մարչ»-ի կապոտի վրա «սեղան բացում»՝ հաց, պանիր, թեյ/սուրճ: Իմ թանկարժեք ժամանակն ուզում եմ լավ օգտագործել և փառահեղ ճաշ անել՝ Արաքսը և լեռները վայելելով:
Մեկ-երկու կադր էլ անում եմ փշալարից այն կողմ և գետից այս կողմ տարածքում մշակվող այգիներից: Այդպիսի նկարներով լեցուն է ինտերնետը:
Գիտեմ, որ տեսախցիկները նկարում են: Հասնում եմ հայ-ռուսական համատեղ անցակետ՝ պոստ, կանգնեցնում են: Մի ռուս է, մի հայ: Հատուկ նախընտրում եմ ռուսերենը:
Ասում են՝ ի՞նչ եք անում այս կողմերում: Քաղաքակիրթ են:
Ասում եմ, սա Հայաստանն է:
Մեքենայի մեջ ի՞նչ է, հարցնում են:
Ասում եմ՝ գրեթե դատարկ է:
Էս մեր հայը փորացավն է պատմում, թե՝ իսկ ի՞նչ էիր նկարում:
Բացում եմ հեռախոսը, իր ներկայությամբ, բայց արդեն ջղային հատ-հատ ջնջում մի քանի նկարներ:
Հենց մյուս ափին, մեր բարեկամ պարսիկներն ազատ մոտենում են Արաքսին, մտնում ջուրը, նկարում, պարում, ինչ ուզում, անում են, ոչ փշալար կա, ոչ դիտաշտարակ: Մեր կողմում, սակայն, դեռ ԽՍՀՄ է, Սառը պատերազմ ու փշալար:
Ջղայնությունս, որ իմ երկրի ու բարեկամ Իրանի միջև օտար ուժ կա, տևում է մեկ րոպե, որովհետև սկսում ես վայելել Սյունիքի բազմահարկ ու անվերջանալի լեռները, որոնք հպարտություն են ներշնչում:
----
Այսօր առավոտյան 5-ին արթնացել և ուղևորվել եմ Դավիթ Բեկ: ԱՄՆ-ի իմ ընկերները և բարեկամները այս անգամ ուզում են օգնել այստեղ հաստատված արցախցի ընտանիքներին:
Արդեն ուսումնասիրել եմ, գիտեմ, որ 5 ընտանիք է հաստատվել: Ճանապարհից զանգահարում եմ նրանցից մեկին և խնդրում, որ հավաքվեն մեկի տանը, որպեսզի բոլորին միասին բացատրեմ, թե ովքեր են իրենց ուզում օգնել, ինչ օգնություն է և այլն:
Ժամը 1-ին հասնում եմ Դավիթ Բեկ: Տունը, որտեղ հավաքվել են բռնի տեղահանված 5 արցախցիները, հենց գյուղապետարանի կողքին է: Կարճ ներկայացնում եմ արդեն իսկ ավարտած Բերդավանի և Չինարիի ծրագրերը, պատմում Բարեկամավանում շարունակվող ծրագրի մասին:
Հարցեր են տալիս, պատասխանում եմ: Վերջում խնդրում եմ մեկին, որ 3-4 նկար անի իմ հեռախոսով, ինչպես նաև 1-2 րոպեանոց տեսանյութ, որով արցախցիներից ամեն մեկը շատ կարճ ներկայացնում է իր կարիքները: Սա ես անում էի, որ ուղարկեմ ԱՄՆ, որպեսզի այնտեղ իմ ընկերները ընթրիքի կամ այլ միջոցառման ժամանակ ցույց տան, որ մարդիկ 100, 200 500 կամ 1000 դոլար հավաքեն, ուղարկեն, որ այստեղ այս տնավեր մարդկանց համար կով, խոզ, ոչխար ու հավ գնենք, որ կարողանան գարուն հասնել, երեխաներին սոված դպրոց չուղարկել, հետո Աստված մեծ է...
Դուրս եմ գալիս, որ շարունակեմ ճանապարհը դեպի Կապան, հենց ուզում եմ մեքենային մոտենամ, առաջ են գալիս 20 տարեկան երկու ԱԱԾ ծառայողներ:
Քաղաքավարի ասում են, որ լրագրողները նկարահանումների համար այստեղ պետք է թույլտվություն ունենան:
Բացատրում եմ, որ ես լրագրող եմ, բայց այլ գործով եմ եկել:
Ապա էլ չեմ երկարացնում, հանում եմ հեռախոսը, հենց իրենց ներկայությամբ ջնջում 3 նկարները, բացի այս մեկը, որ դնում եմ այստեղ, և արցախցիների 2 րոպեանոց ընդհանուր տեսանյութը, որտեղ միայն տխուր դեմքեր են և չկա այլ բան:
Հարկ եմ համարում ԱԱԾ ջահելներին ցույց տալ անձամբ իմ կողմից արցախցի 5 ընտանիքներին որպես նվեր տարած 20 արկղ մուրաբաները, հանկարծ չմտածեն՝ «դիվերսանտը» վտանգավոր բաներ է արել իրենց վերահսկողության տարածքում:
Ջղայնացած նստում եմ իմ «Նիսան Մարչ»-ը և արցախցիների տխուր հայացքի ուղեկցությամբ հեռանում: Նրանք չեն հասկանում, թե սա ի՜նչ պատմություն է: Դիմացից տեսնում եմ, որ արդեն գյուղամեջ են հասնում 2 այլ ԱԱԾ-ականներ:
Ապրեք, շատ լավ եք ծառայում Հայաստանի Հանրապետությանը:
Քիչ առաջ հեռախոսիս զանգում է արցախցիներից մեկը և խնդրում, որ կրկին վերադառնամ Դավիթ Բեկ և իրենց կարիքները վերջնականացնեմ, որ իրենք էլ օգնություն ստանան:
Իմ ջղայնացած հեռանալը նրանց ավելի էր տխրեցրել: Մտածել են, որ այլևս Դավիթ Բեկ ոտք չեմ դնելու:
Մարդ ամոթից գետինն է մտնում, թե ուր հասցրեցինք այս մարդկանց:
Թ.Հ.
Կապան, 8 հունվարի, 2024թ»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան