Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Ժաննա Անդրեասյանը չի կատարել Փաշինյանի հրահանգը. «Ժողովուրդ»

Ժաննա Անդրեասյանը չի կատարել Փաշինյանի հրահանգը. «Ժողովուրդ»
207
Երեքշաբթի, 09 հունվարի, 2024 թ., 09:18

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի մարզային վերջին այցերի ընթացքում սկանդալների ու զվարճալի միջադեպերի պակաս չի զգացվում: Փաշինյանը հունվարի 5-ին այցելել էր Արմավիրի մարզի Արագած բնակավայրի 348 աշակերտ ունեցող՝ Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոց:
Շրջայցի ընթացքում Փաշինյանը բազմաթիվ դժգոհություններ է ունեցել ջրի թույլ ամրացված ծորակներից, լոգարանի անորակ ցնցուղներից և այլն:
Ամենազվարճալին այն դրվագն էր, որ Նիկոլ Փաշինյանը դպրոցի ցնցուղներից մեկը քանդեց և տվեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ձեռքը՝ հանձնարարելով. «Տիկի՛ն Անդրեասյան, սա վերցրե՛ք և տեսե՛ք, թե տեխնիկական բնութագրով ինչ գնանոց է տրված, և սա ինչ արժե մեր շուկայում: Ամենայն լրջությամբ եմ ասում»:
Գրավոր հարցում էինք ուղարկել ԿԳՄՍ նախարարություն՝ պարզելու՝ արդյոք նախարարը կատարել է Փաշինյանի այս կարևոր հանձնարարականը, ճշտել է արդյոք ցնցուղի գինը, ի վերջո, որքան արժեր այն, և որքան էր հաշվվել ապրանքագրերում։
Նախարարության պատասխանից պարզ է դառնում, որ Ժաննա Անդրեասյանը չի ճշտել ցնցուղի գինը:
ԿԳՄՍՆ-ից հարցումն ուղղորդել են ՀՀ քաղաքաշինության կոմիտե։ «Հայտնում ենք, որ Արմավիրի մարզի Արագած բնակավայրի Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցում Ձեր կողմից հիշատակվող միջադեպի մասին պատմող տեսանյութում արձանագրված է, որ խնդիրը գտնվում է Քաղաքաշինության կոմիտեի գործառույթների շրջանակում: Առաջարկում ենք պարզաբանում ստանալու նպատակով դիմել նշված կառույցին:
Միաժամանակ հայտնում ենք, որ նախորդ շաբաթ ՀՀ Լոռու և Արմավիրի մարզեր կատարած աշխատանքային այցի ընթացքում նորակառույց ուսումնական հաստատություններում մարզադահլիճների գույքի հետ կապված խնդիրները քննարկվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Նախարարի հանձնարարությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որը պետք է զբաղվի խնդիրների գույքագրմամբ, լուծումների վերաբերյալ առաջարկների մշակմամբ»,- ասված է նախարարության պատասխանում»: