«Անզիջում թշնամուն միակողմանի և անվերապահ զիջումներ անելը երբեք արդյունք չի տալիս». Տաթևիկ Հայրապետյան
201
Կիրակի, 14 հունվարի, 2024 թ., 21:30
ԱԺ նախկին պատգանավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը, հղում անելով Վահան Զանոյեանի հոդվածին, ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի իշխանության սխալներից շատերը բխում են դրանք անտեսելուց: Այդ դասերն են. *Ցանկացած երկրի համար գրեթե անհնար է պաշտպանել իր սահմաններն իր թշնամիների հետ բացառապես խաղաղության համաձայնագիր կնքելով: Ճշմարիտ է հակառակը. եթե երկիրը սեփական ուժերով պաշտպանում է իր սահմանները, ապա կարող է խաղաղություն ունենալ: Անվտանգությունը կարող է խաղաղություն բերել, սակայն խաղաղությունը չի կարող անվտանգություն ապահովել։ *Երկու թշնամիներից ավելի ուժեղը, հատկապես՝ ծավալապաշտական հավակնություններ ունեցողը, չի համաձայնի խաղաղության, կամ ստորագրի որևէ փաստաթուղթ, որը սահմանափակում է ուժ կիրառելու իր ընտրանքը։ Իսկ եթե նույնիսկ փաստաթուղթ ստորագրի, ապա չի հարգի դրա պայմանները, քանի դեռ իր թշնամին թույլ է և խոցելի: Սա հավիտենական և համընդհանուր դաս է, որն այսօր անմիջականորեն առնչություն ունի Հայաստանի հետ: *Անզիջում թշնամուն միակողմանի և անվերապահ զիջումներ անելը երբեք արդյունք չի տալիս: Արցախի ճանաչումը Ադրբեջանի կազմում, հավանաբար, ամենակարևոր ռազմավարական սխալն էր, որից կարելի էր խուսափել, եթե այս դասն ըմբռնված լիներ։ *Լայնորեն ճանաչված արժեքները՝ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, ինքնորոշման իրավունքը և այլն, որևէ ազդեցություն չունեն այն պետությունների իրական արտաքին քաղաքականության ձևավորման վրա, որոնք պաշտպանում են դրանք: Այդ գործընթացում կարևորվում են ազգային և պետական շահերը։ «Արժեքները», եթե դրանք համապատասխանում են որդեգրված քաղաքականությանը, կարող են օգտագործվել այս կամ այն գործելակերպն արդարացնելու կամ երկրի բարոյական վարկանիշը բարձրացնելու համար: Բայց քաղաքականության մեջ դրանք որոշիչ դեր չեն խաղում: Լավ օրինակ է Արևմուտքի լռությունը ի դեմս Արցախի էթնիկ զտումների։ Սա թերևս ամենատեղին դասերից մեկն է, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքական առաջնորդ պետք է քաղի հայոց պատմությունից: *Չափից ավելի կախվածությունը մեկ ռազմավարական դաշնակցից, հատկապես եթե դաշինքը միակողմանի է այն առումով, որ դաշնակիցներից մեկը շատ ավելի ուժեղ է, հետապնդում է բազմազան աշխարհառազմավարական շահեր և զգալիորեն ավելի շատ բան ունի դաշինքին տալու, քան դրանից ստանալու, վկայում է վատ արտաքին քաղաքականության մասին։ Այս տեսակ քաղաքականությունը վատն է, անկախ նրանից, թե ով է դաշնակիցը: Հայաստանի համար ԱՄՆ-ից միակողմանի գերկախվածությունը նույնքան անխոհեմ կլինի, որքան Ռուսաստանից միակողմանի գերկախվածությունն էր, թեև ռիսկերն ու կախվածության ձևերը կտարբերվեն։ Վահան Զանոյեանի ամբողջական հոդվածի հղումը՝ մեկնաբանությունում։