Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Քաղաքապետարանում պարգևավճարների տրամադրումը կախված կլինի ավագանուց․ «Մայր Հայաստան»-ը նոր նախագիծ կներկայացնի․ «Ժողովուրդ»

Քաղաքապետարանում պարգևավճարների տրամադրումը կախված կլինի ավագանուց․ «Մայր Հայաստան»-ը նոր նախագիծ կներկայացնի․ «Ժողովուրդ»
181
Երեքշաբթի, 30 հունվարի, 2024 թ., 09:18

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը նոր նախագիծ է պատրաստվում ներկայացնել ավագանի, որով քաղաքապետարանում պարգևավճարների տրամադրման ինստիտուտի վերահսկողությունը կանցնի ավագանու անդամներին:
Այսինքն՝ քաղաքապետը ոչ թե աշխատակիցներին միանձնյա որոշմամբ պարգևավճար կտրամադրի, այլ նիստի ժամանակ ավագանու անդամներին հստակ կներկայացվի, թե ինչ հիմնավորմամբ է ցանկանում տվյալ պաշտոնյային պարգեւատրել, և նոր միայն ավագանին կհաստատի կամ կչեղարկի այս որոշումը:

Նախագիծը քաղաքապետին կներկայացվի կա՛մ առաջարկության տեսքով, կա՛մ էլ որպես իրավական ակտերի նախագիծ, այնուհետեւ կուղարկվի գլխադասային հանձնաժողով, որտեղ դրական եզրակացություն ստանալուց հետո կմտնի նաև ավագանու նիստի օրակարգ:

«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանն ասաց՝ այսպիսով ցանկանում են, որ պարգևավճարների ինստիտուտը քաղաքապետարանում վերանա։

«Սիրուն աչքերի համար այլևս որևէ մեկին կարիք չկա պարգևատրել. պետք է բարձրաստիճան չինովնիկը, որը պարգևավճար է ստանում, արժանանա դրան: Զեկուցողը, որը կներկայացնի իր ենթակային պարգևավճարի համար, ավագանու նիստին պետք է տեղեկանք-հիմնավորում ներկայացնի, թե տվյալ պաշտոնյան ինչ աշխատանք է կատարել իր լիազորություններից ավելի, որի համար պետք է արժանանա պարգևավճարի, ավագանին թող քննարկի ու որոշում կայացնի տվյալ աշխատողին պարգեւավճար տրամադրելու մասով»,- ասաց նա»։