Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ինչու ասացի՝ պատերազմը դժբախտություն չի». Մարինե Պետրոսյան

«Ինչու ասացի՝ պատերազմը դժբախտություն չի». Մարինե Պետրոսյան
279
Հինգշաբթի, 01 փետրվարի, 2024 թ., 00:00

Բանաստեղծուհի Մարինե Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարպիս Փաշոյանի հետ վերջին հարցազրույցից հետո ֆեյսբուքում հարձակումներ եղան ինձ վրա՝ լակոտական և քֆուրոտ։ Տակն էլ, հավանողների մեջ, ընկերներիցս կային ահագին։ Բայց շատ չտխրեցի ոնց որ։ Սիրտս քարացել ա երևի։ Ուղղակի սկսեցի ավելի շատ քնել։ Էսօր էլ, հարցազրույցի տեսագրությունը նորից նայելուց հետո, ասեցի մի քիչ քնեմ հանգստանամ արթնանամ գրեմ դրա մասին, արթնացա տեսնեմ՝ մեկի տեղ ութ ժամ եմ քնել։ Դու ե՞րբ էիր վերջին անգամ ութ ժամ քնել ցերեկով, Մարինե։ Մանուկ ժամանակ երևի։
—Լավ, ութ ժամ քնելը վտանգավոր բան չի, կյանքին չի սպառնում, կարևորը՝ արթնացել ես, դե հիմա պատմի։
—Ի՞նչ պատմեմ։
—Պատմի թե ինչու ասացիր՝ պատերազմը դժբախտություն չի։
—Հա, փորձեմ բացատրել։ Ավելի ճիշտ՝ փորձեմ հասկանալ, որովհետև խոսելիս ես ինքս էլ չէի նկատել, որ տենց բան եմ ասում։ Որ ճիշտն ասեմ՝ մի քիչ անջատված էի էդ պահին, հիշողությունների գիրկն էի ընկել։ Հաղթանակի տարիներից էինք խոսում։ Հաղթանակի տարիներից էինք խոսում, որոնք ցուրտ ու մութի հետ ասոցացվեցին, կարիքի հետ ասոցացվեցին։ Ես ասում էի՝ տենց չպետք ա լիներ, մենք պետք ա ոչ թե «սովորական կապիտալիզմ» կառուցեինք, այլ մեր երկիրը մեր հաղթանակի տրամաբանությամբ կառուցեինք, էն տեսակ երկիր կառուցեինք, որտեղ ոչ ոք ծայրահեղ կարիքի մեջ չէր հայտնվի, ոչ ոք էդ պատճառով չէր դժբախտանա․․․ Հենց էդ ժամանակ էլ Կարպիսն ասեց՝ «բայց պատերազմն ինքնին դժբախտություն ա»։ Ես էլ ասեցի՝ «ոչ»։ Ասեցի ու նորից եմ կրկնում՝ ոչ, Արցախյան պատերազմը, որն ավարտվել էր մեր հաղթանակով, դժբախտություն չէր․ եթե մենք կարողանայինք մեր նորաստեղծ պետությունը կառուցել նույն էն հիմքի վրա, որով էդ պատերազմում հաղթել էինք, մենք ուրիշ Հայաստան կկառուցեինք, հաղթած ու երջանիկ Հայաստան կկառուցեինք և ի վերջո չէինք գա հասնի էսօրվա էս նվաստ վիճակին։
Իսկ հիմա ավելի կոնկրետ և ավելի մանրամասն բացատրեմ, թե ինչ նկատի ունեմ։
Ղարաբաղյան շարժումը սկսվեց 1988 թվի փետրվարին․ ԼՂԻՄ մարզխորհուրդը Ստեփանակերտում արտահերթ ժողով էր գումարել և ընդունել էր Ադրբեջանի կազմից դուրս գալու, Հայաստանի կազմի մեջ մտնելու որոշում։ Նաև դիմել էր Ադրբեջանի, Հայաստանի և ԽՍՀՄ Գերագույն խորհուրդներին՝ որ հաստատեն էդ որոշումը։ Ամեն ինչ ԽՍՀՄ սահմանադրության շրջանակներում էր արված և որոշիչը, Սովետի տրամաբանությամբ, Մոսկվայի խոսքն էր․ Կենտրոնը կարող էր ասել՝ այո, բայց կարող էր ասել նաև՝ ոչ։ Մոսկվան ընտրեց երկրորդ տարբերակը, Կոմկուսի առաջին քարտուղար Գորբաչովի շուրթերով հստակ ասաց՝ Ոչ, և «Վրեմյա» լրատվական ծրագրով, որն էն ժամանակ լսում էր ԽՍՀՄ ամբողջ բնակչությունը, Երևանի Ազատության հրապարակում հավաքված և «Ղա-րա-բաղ», «Միա-ցում» վանկարկող հսկայածավալ ժողովրդին անվանեցին «մի խումբ ծայրահեղականներ»։ Հայհոյեցին փաստորեն։ Բայց դեռ մի պուճուր հույս մնացել էր․ Սիլվա Կապուտիկյանը և Զորի Բալայանը գնացին Մոսկվա, որ հանդիպեն Գորբաչովի հետ և բացատրեն հայ ժողովրդի ակնկալիքները իրանից։ Գնացին, հանդիպեցին, բացատրեցին։ Բայց համոզել չկարողացան։ Վերադարձան Երևան, Ազատության հրապարակը ծայրից ծայր լցրած ժողովրդի առաջ ելույթ ունեցան, ասացին՝ չի ստացվում, ժողովուրդ, Գորբաչով պապիկը չի համոզվում, գնացեք տուն։ Եվ էդ անգամ ժողովրդին համոզել կարողացան՝ ժողովուրդը ցրվեց տներով։ Իսկ հաջորդ օրը եղավ Սումգայիթյան սպանդը։
Երբ մի քանի ամիս հետո հանրահավաքները Երևանում վերսկսվեցին, հարթակում կային արդեն նոր մարդիկ, հարթակում արդեն նոր Ղարաբաղ կոմիտեն էր։ Հանրահավաքները Ազատության հրապարակում շարունակվեցին, շարունակվեցին, և շուտով պարզվեց՝ ժողովրդի մտածողության մեջ մի էական, ամենաէական բան փոխվել ա․ հայ մարդիկ արդեն ոչինչ չէին ակնկալում Մոսկվայից, որոշել էին, որ իրենք են որոշողը։ Երբ ազգը ազգովի, համարյա լրիվ ազգովի, որոշում ա որ ինքն ա որոշողը, դրա մեջ կա ուժ։ Արցախյան առաջին պատերազմում մենք էդ ուժով ենք հաղթել։ Էդ ուժը երկնքից չէր ընկել, էդ ուժը հայ ժողովրդի մեջ արթնացել էր Արցախյան շարժման արդյունքում, որը գլխավորում էր Ղարաբաղ կոմիտեն։ Եվ հայ ժողովուրդը Ղարաբաղ կոմիտեի ամենախարիզմատիկ անդամին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, ընտրել էր նորաստեղծ Հայաստանի առաջին նախագահ։
Կարպիսն ինձ հրավիրել էր զրույցի, որ խոսեինք Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը փոխելու՝ Նիկոլի մտադրության մասին։ Ես ասացի, որ գերադասում եմ խոսել ավելի հիմնային հարցերից։ Իսկ ամենահիմնային հարցն էն ա, թե ոնց եղավ որ Նիկոլ Փաշինյանը, էսքան աղետ Հայաստանի գլխին բերելուց հետո, մինչը հիմա մնում ա մեր երկրի վարչապետ։ Սրան երկու պատճառ կա։ Մեկի մասին հարցազրույցի ժամանակ ասացի․ Նիկոլի թիկունքին արտաքին ուժ(եր) կա(ն)։ Մյուս պատճառը սոցիալական ատելությունն ա, որը հաղթեց ազգային զգացումին։ Սրա արմատները անկախության առաջին տարիներում են։ Հայաստանը պատերազմում հաղթել էր, Ազատության հրապարակում ժողովրդի սիրելին դարձած Տեր-Պետրոսյանը դարձել էր նորանկախ Հայաստանի նախագահ։ Հաղթած ժողովուրդը Վերածննդի էր պատրաստվել հոգեբանորեն, բայց Վերածննդի փոխարեն եկավ սոցիալական գահավիժումը և դրանից ծնվեց ատելության դիվային էն ուժը, որից մինչև հիմա սնվում ա Նիկոլ Փաշինյանը։
—Մարինե, բայց դու ինչո՞ւ ես միայն Տեր-Պետրոսյանին մեղադրում, չէ՞ որ դրա համար Հայաստանի բոլոր մյուս նախագահներն ու քաղաքական գործիչներն են նաև պատասխանատու։
—Չէ, միայն Տեր-Պետրոսյանին չեմ մեղադրում, իհարկե դրա համար բոլորն են պատասխանատու։ Բայց ես Տեր-Պետրոսյանի վրա կենտրոնացա՝ մի քանի պատճառով։ Նախ, ինքն էր մեր երկրի առաջին նախագահը ամենավճռորոշ պահին՝ երբ հետագա զարգացումների հիմքը դրվեց։ Բացի այդ, ինքը ամենամեծ ժողովրդականությունն ուներ, իրա խոսքը ամենամեծ ուժն ուներ, և եթե Լևոնը ուրիշ դիրքորոշում ունենար, եթե Լևոնը «սովորական պետության» փոխարեն ազգային պետության կառուցումի նպակադրում դներ, լիքը բան ուրիշ կլիներ հիմա։
Ընդ որում էս խոսակցությունը անցյալի մասին չի։ Կարպիսի հետ իմ հարցազրույցին հետևած արձագանքները հստակ ցույց տվեցին, որ Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը ազգային նպատակադրումի հարցում էսօր էլ քարկապի դեր ա կատարում մեր մտային-քաղաքական ոչ փոքր մի հատվածում։ Ես համոզված չեմ, բայց հույս եմ փայփայում, որ Առաջին նախագահն ինքը դա հասկացել ա և կօգնի որ քանդենք էդ քարկապը և դուրս գանք ավելի լուսավոր մի տեղ, որտեղից դեպի առաջ ճանապարհ ա երևում»։

Աղբյուրը`   Մարինե Պետրոսյան