Հանքավանում սոճիների չորացման պատճառը նեմատոդն է

Հանքավանում սոճիների չորացման պատճառը նեմատոդն է (կլոր որդ)։ Հանքավանի մերձակայքի չորացող սոճու թեփից անջատված նեմատոդների մորֆոլոգիական ախտորոշման արդյունքները հաստատել են, որ այնտեղ առկա է սոճու ցողունային նեմատոդ (Bursaphelenchus xylophilus), որը համարվում է կարանտինային խիստ վտանգավոր տեսակ։ Այն առաջին անգամ է հայտնաբերվել Հայաստանում, գրում է «Հետք»-ը։
ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի միջատաբանության և բնահողի կենդանաբանության լաբորատորիայի գիտաշխատողները, Գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ, 2021-23թթ․ «Հայաստանի սոճուտների վնասատու միջատների ֆաունայի արդի վիճակը. տեսակային կազմը, վնասակարության գնահատումը և պայքարի հնարավոր եղանակները» թեմայով հետազոտություն են իրականացրել։ Հանքավանի հատվածում կատարած հետազոտություններից արդեն իսկ ունեն արդյունքներ։ Մոլեկուլային հետազոտությունները հաստատել են, որ Հանքավանում հայտնաբերված նեմատոդի միտոքոնդրիալ ԴՆԹ-ի COI գենի նուկլեոտիդային հաջորդականությունը 100% -ով համընկել է GenBank NCBI շտեմարանում առկա այս տեսակի COI գենի հաջորդականությունների հետ։
Bursaphelenchus xylophilus տեսակի նեմատոդը տեսանելի չէ անզեն աչքով։ Այն հնարավոր է ուսումնասիրել մանրադիտակով։ «Այս փոքր նեմատոդների մեծ քանակությունը կարող է բերել սոճիների ոչնչացման,- ասում է Միջատաբանության և բնահողի կենդանաբանության լաբորատորիայի առաջատար գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Գայանե Կարագյանը և ցույց տալիս մանրադիտակի տակ դրված առարկայական ապակին։ Նա ղեկավարել է սոճուտների եռամյա ուսումնասիրության ծրագիրը։
«Մանրադիտակով հեշտ է որոշել, որ նեմատոդը պատկանում է Bursaphelenchus ցեղին, բայց xylophilus տեսակի է, թե ոչ՝ կարող է որոշվել միայն ԴՆԹ հետազոտությամբ, քանի որ Bursaphelenchus ցեղի 100-ից ավելի տեսակ է հայտնի»,- շարունակում է Գ․ Կարագյանը։
Գայանե Կարագյանը պատմում է, որ Հայաստանում սոճիների չորացման առաջին ահազանգերը ստացել են դեռևս 2016-17թթ․, երբ իրենց են դիմել Շրջակա միջավայրի նախարարությունից հայ-վրացական սահմանի՝ Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղի անտառներում սոճիների չորացումն ուսումնասիրելու հարցով։ Գիտնականները հասկացել են, որ խնդիրը լուրջ և խորն է, դիմել են Գիտության կոմիտեին, որպեսզի ֆինանսական աջակցություն ստանան ուսումնասիրություն իրականացնելու համար։ Ի վերջո, 2020թ․ նրանց գրանտային եռամյա ծրագիրը ֆինանսավորում է ստացել։ Ստանալով տարեկան 12 մլն դրամ ֆինանսավորում ՝ գիտնականները սկսել են ուսումնասիրությունները Հայաստանի հյուսիսից։ Ծրագրում ներգրավված էր նաև խորհրդատու Գերմանիայից՝ դոկտոր Յորգ Մյուլլերը (Dr. Jörg Müller) Վյուրցբուրգի համալսարանի Կենսաբանական կենտրոնից։ Վերջինս խորհուրդ է տվել միջատների, այդ թվում՝ վնասատու բզեզների հավաքագրման համար կիրառել ֆերոմոնային պատուհանային թակարդների մեթոդը։ Ամիսը մեկ գիտնականների խումբը գնացել և հավաքել է թակարդներում հայտնված միջատների նմուշները և իրականացրել լաբորատոր հետազոտություններ։ Ֆերոմոնները բավականին թանկարժեք են՝ մոտ 2000 եվրո, և նրանց գնումը նախատեսված չէր գրանտային ծրագրի բյուջեում, գերմանացի խորհրդատուն նվիրել է դրանք հայ գիտնականներին։
Առաջին տարվա աշխատանքներից հետո 5-հոգանոց հայ գիտնականների խումբը հասկացել է, որ իրենց հարկավոր է նաև միջազգային փորձ ունեցող լրացուցիչ նեղ մասնագետների աջակցությունը։ Եռամյա ծրագրին ներգրավվել են նաև ՌԴ գործընկերները՝ «Բույսերի կարանտինի համառուսաստանյան կենտրոնի» գիտաշխատողներ՝ նեմատոդների մասնագետ Ելենա Արբուզովան եւ ֆիտոպաթոգեն սնկերի մասնագետ Անաստասիա Շուկովսկայան: Նրանց աջակցությամբ էլ նմուշների մի մասը տեղափոխվել է ՌԴ և լաբորատոր փորձաքննության ենթարկվել։
«Շաղափով ծառի բնում փորանքներ ենք բացում, հավաքում ենք բնափայտի թեփը՝ վնասված և համեմատության համար՝ նաև առողջ ծառերից։ Գիտարշավի ընթացքում թեփի նմուշները պահում ենք մեքենայի սառնարանում, հետո հասցնում լաբորատորիա և դրանց մի մասն ուղարկում ենք մեր ռուս գործընկերներին՝ մոլեկուլային հետազոտության համար։ Բերմանի մեթոդով թեփերից անջատվում են նեմատոդները՝ հետագա մանրադիտակային ձևաբանական և մոլեկուլային ուսումնասիրությունների համար»,- պատմում է Գայանե Կարագյանը։
Գիտնականը նշում է, որ չնայած գենետիկորեն հաստատվել է, որ Հանքավանում սոճիների չորացման հիմնական պատճառը նեմատոդն է, Հայաստանում սոճուտների զանգվածային չորացումը նաև այլ գործոններով է պայմանավորված, և չորացման երևույթների պատճառները համախմբային են:
Ով է տարածում նեմատոդը
Հայաստանի տարածքում «ԵԱՏՄ կարանտինային օբյեկտների ցանկ»-ից հայ գիտնականները հայտնաբերել են կարանտինային միջատների 3 տեսակ՝ սոճու սև երկարաբեղիկը (Monochamus galloprovincialis), սոճու սերմերի մլուկը (Leptoglossus occidentalis) և շագանակագույն մարմարյա մլուկը (Halyomorpha halys):
Համարվում է, որ նեմատոդների հիմնական տարածողներ են հանդիսանում Monochamus ցեղի երկարաբեղիկ բզեզները։ Այդ բզեզները ձվադրում են ծառերի կեղևի տակ, դուրս եկած թրթուրները սնվում են բնափայտով, հետագայում հարսնյակավորվում են և վերածվում հասուն առանձնյակի, որը, կրծելով բնափայտը, առաջացնում է յուրահատուկ ելքային անցքեր: Նեմատոդները ներթափանցում են բզեզի օրգանիզմ վերջինիս հարսնյակից դուրս գալուց անմիջապես հետո և բզեզի միջոցով տեղափոխվում են այլ ծառերի վրա:
1950-60-ականներին, ըստ Միրզոյանի գրքերի, Monochamus-ի եզակի առանձնյակներ են գրանցվել Երևանում և Գյումրիում, իսկ անցյալ տարի գիտնականները հայտնաբերել են դրանից նաև «Զիկատար» պետական արգելոցի ֆերոմոնային թակարդներում։ Իսկ «Սևան ազգային պարկում» բազմաթիվ են այլ վնաստու՝ Մոխրագույն երկարաբեղ փայտահատները՝ Acanthocinus aedilis, Acanthocinus griseus-ը։
«Ծառերի վրայի անցքերով հասկանում էինք, որ այս տեսակները առկա են, իսկ ֆերոմոնային թակարդներում հայտնաբերեցինք և հաստատվեց, որ դրանք իսկապես կան»,- ասում է Գայանե Կարագյանը։
Հայաստանի սոճուտներում առաջին անգամ հայտնաբերվել է ինվազիվ վնասատու միջատների 2 տեսակ՝ սոճու սերմակեր մլուկը, որը հայտնաբերվել է առաջին անգամ Լեռնահովտի անտառտնտեսությունում, իսկ այժմ լայնորեն տարածվել է հանրապետության սոճուտներում, և կողավոր ռագիումը, որը գտնվել է նույն Լեռնահովտի անտառատնտեսությունում և «Դիլիջան» ազգային պարկում։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

«Բացառիկ կլիմայական երևույթ»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
92Երեկ, 11:48
«Կաղնիները զանգվածաբար վարակված են»․ Քրիստինա Վարդանյան
18622.06.2026, 15:24
«Դե ինչ, ծափահարեք քաղաքապետին»․ Քրիստինա Վարդանյան
25920.06.2026, 16:30
«Հացենիները կատալպայով փոխարինելը հանցանք էր»․ Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
23620.06.2026, 16:00
«Ուղղակիորեն լեգիտիմացվում է ադրբեջանական զինված ուժերի ներթափանցումը և 3000 հա տարածքի զավթումը». բաց նամակ (լուսանկար)
63316.06.2026, 23:39
Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով
31415.06.2026, 20:18
«Նորմալ երկրում մարդկանց արդեն տարհանած կլինեին». Արեն Ափիկյան (տեսանյութ)
33215.06.2026, 13:00
«Ծանր մետաղներով հարուստ հոսքաջրերը հոսում են Կապանի փողոցներով»․ Մարիամ Սուխուդյան (տեսանյութ)
30415.06.2026, 12:48