«Դրսի երկու ուժերը Հայաստանում իշխանության բերեցին գաղափարական հոգեզավակին». Հայկ Մարտիրոսյան
295
Շաբաթ, 02 մարտի, 2024 թ., 00:00
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ժամանակը ուղեղ ունեցողների համար ուսուցիչ է նաև նրանով, որ հաճախ մարդկանց կանգնեցնում է անցյալն ու պատմությունը վերաիմաստավորելու, վերագնահատելու հրամայականի առաջ: Հիմարները զերծ են դրանից: Ուղղակի չունեն դրա կարիքը: Հետևաբար ոչ վերագնահատում են անցյալը և ոչ էլ հետաքրքրվում անցյալով: Ու առավելևս անցյալի վերագնահատման որևէ կարիք երբևէ չեն զգում: Մարտի 1-ը վերագնահատելու ժամանակն է: Զոհերն անտեղի էին: Անմեղ էին: Ափսոս էին: Հանցանք էր այդ մարդկանց սպանելը: Ոճիր էր: Անմարդկային էր: Բայց մյուս կողմից նրանց մի մասը դուրս էր եկել հայտնի է թե ում կոչով ու հայտնի է թե ում՝ իշխանության վերադարձնելու համար: Պայքարը հայաստանահանձների երկու տարբեր թևերի մեջ էր և մարտի 1-ին փողոց դուրս եկածները ելել էին այսօրվա աննախադեպ պատմական աղետի ճարտարապետին իշխանության բերելու համար: Նրան չստացվեց բերել իշխանության՝ իրենց որպես ֆոն օգտագործելով՝ դրսի երկու ուժերը Հայաստանում իշխանության բերեցին նրա գաղափարական հոգեզավակին: 2008-ի այդ օրերը ես շատ լավ եմ հիշում: Ու հիշում եմ, որ Ազատության հրապարակի մոտով անցնելիս՝ մտածում էի թե ինչպե՞ս կարող են սրանք այսքան հսկա ամբոխով Հայաստանի կործանման գաղափարախոսին պաշտել և վերադարձնել ցանկանալ: Ու մի թիմ, որում Նիկոլ կար՝ իշխանության բերել: Դրանից 10 տարի անց ինքս հրապարակայնորեն սատարեցի Նիկոլին: Ինչու՞: Ինչպե՞ս: Շատ պարզ է: Նիկոլը ընդգծված ազգայնականի գիծ էր որդեգրել: Ամբողջությամբ հանդես էր գալիս լևոնականության բոլոր թեզերին հակառակ, Քոչարյանի և Սերժի ֆոնին թունդ հայրենասեր և ոչմիթիզհողական էր ներկայանում: Մարդիկ փոխվելու, աճելու, վատից լավը դառնալու հատկություն ունեն: Եզակիների պարագայում է այդ հատկանիշը գործարկվում: Բայց այն կա: Այդպես լինում է: Ու ես հավատացած էի, որ այդպիսի կտրուկ ու խորքային փոխակերպումը պրոգրեսի և աճի հանգամանք է տվյալ պարագայում: Եվ միայն հետո հասկացա, որ միայն Հայաստանում էր հնարավոր նման մասշտաբների քաղաքական հայացքների կեղծում և դերասանություն իրականացնել և բացահայտվելուց հետո մարսել դա: Իսկ մինչ դա, երբ իր իշխանության գալուց հետո սկսեցի հասկանալ, որ դա խաբեություն էր և կասկածել, որ մեծ ծրագրի մաս է՝ առաջինը ողջ քաղաքական դաշտում սկսեցի քննադատել իրեն: Մնացածը հայտնի է: Ու մինչդեռ ես հավատարիմ մնացի իմ սկզբունքին ու բացահայտ կամ բացահայտված դավաճաններին երբևէ չսատարեցի, ինձ համար մինչ այսօր հանելուկ է, թե ինչպես էին մարդիկ 2008-ին մոլեռանդորեն սատարում բացահայտորեն ու բացահայտ դավաճանաբանության հիմնադիր հորը: Ու դրանց մեջ այսօր խիստ և թունդ և անգամ միակ ազգայնական ներկայացող մարդիկ կային: Կային և նրանք, որ այսօր շարունակում են սատարել հորը, բայց դեմ են հոգեզավակին: Ես կատարել եմ մարտյան օրերի իմ վերագնահատումը: Սրանք, ինչպես ամեն հարցում, հրաժարվել են դա անել: Ի դեպ՝ մարտի մեկի զոհերի պատվին Կոմայգում կանգնեցված կոթողը զարհուրելի է: Պլպլան, ոսկեզօծ ռաբիզություն է ու արվեստի քյառթու բռնաբարում: Ճիշտ այնպիսին՝ ինչպիսին մարտի մեկն էր՝ բարիկադների երկու կողմերում կանգնած միևնույն տիպի մարդկանցով: Ինչպես նաև այսօրվա մնացած ամեն ինչով»: