Ռազմաքաղաքական հարցերի վերլուծաբան Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հակասական կերպար էր Վազգենը: Արցախ, բանակ ու Մահապարտներ, բայց կային նաև 1996 թ-ի ընտրությունները և իր ընդհանուր ՀԱԽՈՒՌՆ, ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾՉԻՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ՈՉ ԲՆՈՐՈՇ բնավորության գծերը: Կար հսկայական նվիրում, բայց, անկասկած է, որ չկար նաև պետական վարչակառավարչական գործուն կմախք ստեղծելու գիտելիքի պատշաճ պաշար… ԴԺՎԱՐ Է ՎԱԶԳԵՆ ԳՆԱՀԱՏԵԼԸ, մանավանդ իր ծննդյան օրով, երբ շատ մեծ է գայթակղությունը, այն էլ այս պայմաններում, իրեն ուղղակի գեղեցիկ, գովասական խոսքեր նվիրել… Ավելի դժվար է ՄՈԴԵԼԱՎՈՐԵԼ ԵՎ ՓՈՐՁԵԼ ՀԱՍԿԱՆԱԼ, թե ինչ կլիներ, եթե չլիներ «Հոկտեմբերի 27»-ը: Այդ մասին ինձ հաճախ են հարցնում և ես շատ եմ մտածել դրա մասին… …ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ «ԵԹԵ» ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ, սա երկաթյա կանոն է, անթիվ տարբերակներից տեղի է ունենում միայն մեկը, իսկ այդ մեկը այն եղավ, ինչ մենք տեսանք 1999 թ-ի հոկտեմբերի 27-ին: Այնուհանդերձ, զգուշորեն, զուտ որպես տեսական մոդել և պատմաբանի մտավարժանք – ի՞նչ կլիներ, եթե չլիներ հոկտեմբերի 27-ը: Եթե ընդունենք, որ Վազգենը հենց այս պահին կենդանի լիներ ու լիներ ակտիվ քաղաքականության մեջ, ապա, ըստ իս, ամենից առաջ չէին լինի Ռոբերտ Քոչարյանի, իսկ հետո էլ Սերժ Սարգսյանի 10-ական նախագահական տարիները: Վազգենն այն կերպարը չէր, որ որևէ մեկի հետ իշխանություն կիսեր, նման կերպարները կամ ԻՐԵՆՔ ԵՆ ԼԻՆՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ, ԿԱՄ… ՉԵՆ ԼԻՆՈՒՄ: Չէր լինի նաև Կարեն Դեմիրճյանը՝ լայն իմաստով: Այսինքն, Վազգենը նրան հեռացրած կլիներ իշխանությունից, քանի որ այս կերպարները միմյանցից վճռականորեն տարբեր էին. Վազգենը բռնկուն, հախուռն ու էմոցիոնալ կերպար էր և այդպիսին էլ կմնար քաղաքականության մեջ, իսկ Կարեն Սերոբիչը ԽՍՀՄ դասական դպրոցն անցած տիպաժ էր, այս երկուսը ԵՐԲԵՔ ՉԷԻՆ ԿԱՐՈՂԱՆԱ գործել միմյանց հետ կամ, առավել ևս, միմյանց լրացնելով, իրենց սկզբնական այդ դաշինքը դատապարտված էր, այն զարգացում չէր ունենա: Կկարողանա՞ր Վազգենը Հայաստանի Հանրապետության համար պետական վարչակառավարչական գործուն կմախք ստեղծել: ԿԱՍԿԱԾՈՒՄ ԵՄ, ԿԵՐՊԱՐԸ ԱՅՆ ՉԷՐ, ՆՈՒՅՆԻՍԿ ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՈՐ ՎԱԶԳԵՆԸ ԴՐԱ ՀՍՏԱԿ ԳԻՏԱԿՑՄԱՆԸ ՉՀԱՍՆԵՐ: Այլ հարց է Մոսկվայի գործոնը՝ կկարողանա՞ր Վազգենի կերպարը ԽՍՀՄ դասական դպրոցն անցած Պուտինի հետ կայուն հարաբերություններ հաստատել: Դժվար, Պուտինը նման կերպարներին չի ընդունում, նման կերպարները իր տեսակին դեմ են: Վազգենը իր այդ կերպարով դժվար ընկալվեր նաև «սպիտակ օձիքներով» արևմտյան թյուդոների և մակրոնների կողմից… 1990-ականների վերջին Վազգենի ԺԱՄԱՆԱԿԸ ԿԱՐԾԵՍ ԱՐԴԵՆ ԱՆՑՆՈՒՄ ԷՐ, գալիս էին նոր ժամանակներ, երբ քրտինքի, մարտի դաշտում թափած արյան ու փոշու փոխարեն հետխորհրդային տարածքում իշխանության էին գալիս օլիգարխիկ կառավարիչները, իսկ արևմուտքում էլ ինչպես կային, այնպես էլ մնում էին «գեղեցիկ ժպտացող թյուդոներն ու մակրոնները»: Վազգենը քաղաքական դաշտից կհեռացներ բոլորին, բայց… ինքն էլ չէր մնա քաղաքական դաշտում, իսկ իր ստեղծած պետությունն էլ ԴԺՎԱՐ ԹԵ ԻՍՐԱՅԵԼ ԼԻՆԵՐ: Մենք կունենայինք ռազմավարչական-օլիգարխիկ մի համակարգի ամբողջություն, որը ներքնապես կլիներ թույլ, իսկ «նիկոլների» ի հայտ գալու հավանականությունն էլ ԿԼԻՆԵՐ ԱՆՉԱՓ ՄԵԾ. խաղաղ պայմաններում «սպիտակ օձիքներից» կազմված երրորդ դասին պետք է առավելագույնը «Իսրայել», բայց ոչ երբեք 1990-ականների կեսերի Հայաստան: Եվ այնուհանդերձ, ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՈՒՆԴԴ, ՎԱԶԳԵՆ, քո տեսակի մեջ անկրկնելի, անափ հայրենասեր ու նվիրված իսկական հայ մարդ: Դու հայտնվեցիր հայկական քաղաքական երկնակամարում, քո սխալներով հանդերձ ասուպի քո վառ հետքը թողեցիր և… վառվեցիր, ինչպես Երկրագնդին մոտեցող գիսաստղն է այրվում մթնոլորտում, վառվեցիր՝ այդպես էլ չհասած Երկրագնդին, քանի որ… Երկրագունդը գիսաստղի համար չէ: Շնորհավոր, Վազգեն, կրկին շնորհավոր, քո ժամանակի համար դու անփոխարինելի էիր, իսկ հիմա մենք կրկին ու ցավոք… քո ժամանակներում ենք»: