Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

««Մարտական եղբայրության» անդամները ստացել են զգուշացումներ, որ որևէ մեկը չի հասնելու Ոսկեպար»․ Թաթոյան

««Մարտական եղբայրության» անդամները ստացել են զգուշացումներ, որ որևէ մեկը չի հասնելու Ոսկեպար»․ Թաթոյան
258
Կիրակի, 24 մարտի, 2024 թ., 16:18

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի գրառումը․ «Այսօր մեզ հասցեագրվել են ահազանգեր, որոնց համաձայն՝ Ոստիկանությունն օրենքի խախտմամբ բերման է ենթարկում «Մարտական եղբայրություն» խմբի անդամներին՝ «ապօրինի կերպով զենք և զինամթերք կրելու» հանցանք կատարելու կասկածանքով:
Ըստ ահազանգերի՝ Ոստիկանության այսօրվա գործողություններից մոտ մեկ շաբաթ առաջ խումբը ծանուցում էր ուղարկել իրավասու մարմիններին՝ Ոսկեպար իրենց այցի վերաբերյալ: Մարտի 22-ից, այսինքն՝ ուրբաթ օրվանից խմբի անդամներին զանգել են Ոստիկանությունից և «հրավիրել զրույցի»: Մեծ մասը չի գնացել՝ նշելով, որ հրավերներն անօրինական են:
Ըստ մեզ հասցեագրած ահազանգերի՝ երեկ խմբի անդամները Ոստիկանությունից ստացել են զգուշացումներ այն մասին, որ խմբի անդամներից որևէ մեկը չի հասնելու Ոսկեպար, եթե որոշեն իրականացնել այցը:
Ոստիկանությունից իրենց սպառնալիքով տեղեկացրել են՝ քանի որ «Մարտական եղբայրությունը» մարտական պարապմունքներ է վարում, այդ փաստը կասկածի տակ չի դնի ձևավորելու հանրային ընկալում այն մասին, որ խումբն իրականուծ ապօրինի զենք-զինամթերք է կրում: Այդ առումով չեն ունենա նաև հանրային աջակցություն:
Համաձայն ահազանգերի՝ հաշվի առնելով ձերբակալվելու Ոստիկանության նախազգուշացումը և մտացածին հանրային կարծիք ձևավորելու սպառնալիքը՝ իրենց որևէ անդամ Ոսկեպար գնալիս որև տեսակի օրինական զենք կամ զենքի կաղապարվածք իրենց հետ չեն ունեցել:
Ահազանգի պնդմամբ՝ «Մարտական եղբայրությունը» արդեն մեկ տարի է, ինչ ունի համապատասախան թույլտվություն և կնքված հուշագիր Նոյեմբերյանի համայնքապետարանի հետ՝ պարապմունքներ իրականացնելու վերաբերյալ ու իրենց կողմից օգտագործվեղ բոլոր զենքերի համար առկա են համապատասխան թույլտվություններ:
Այսօր առավոտյան խմբի անդամների մեկնելու պայմանավորված վայրում՝ Երևանի Աբովյան 60 հասցեում, նրանց արդեն սպասելիս են եղել ոստիկանության ներկայացուցիչները, որտեղ գտնվող բոլոր անդամներին բերման են ենթարկել:
Խմբի այն անդամները, ովքեր պատերազմի և/կամ նախկինում ռազմական գործողությունների են մասնակցել և ունեն որոշակի հանրային ճանաչում՝ բերման են ենթարկվել հենց իրենց տներից կամ տանից դուրս գալիս:
Բերման են ենթարկված 40-ից ավելի անդամներ՝ թե´Երևանում, թե´ Ոսկեպարում:
Վերջիններիս մի մասին Ոստիկանության ներկայացուցիչները Ոսկեպարում են հայտնել, որ նպատակահարմար չէ նրանց այդտեղ գտնվելը:
Ահազանգերը հայտնել են, որ Ոստիկանությունն անձանց բերման ենթարկելիս կիրառել է օրենքը խախտող անհամաչափ ուժ:
Բացի խմբի անդամներին բերման ենթարկելուց, խմբի անդամների ներկայացուցիչների տեղեկությունների համաձայն՝ Ոտիկանությունը սկսել է խուզարկություններ: Ըստ ահազանգի՝ դրանք առանց դատարանի համապատասխան որոշման են:
Բերման ենթարկվածներին չի տրվել զանգի կամ տեղեկացնելու հնարավորություն:
Նշված բոլոր իրավունքների ապահովումը միջազգային կարևոր պահանջ է: Դրանց խախտումն անթույլատրելի է, և դրանք ուղղված են անօրինական ազատազրկումից կամ անօրինական քրեական հետապնդումից նրանց պաշտպանելուն: Այս հաղորդումը հիմնված է մի քանի աղբյուրից ստուգված տեղեկությունների վրա»։

Աղբյուրը`   Արման Թաթոյան