Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Մեր Տեր Հիսուս Քրիստոսը, համաձայն Ավետարանի, Ս. Պետրոս, Ս. Հակոբոս և Ս. Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն՝ աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է. «Դեմքը փայլեց, ինչպես արեգակը. և Նրա զգեստները դարձան սպիտակ՝ ինչպես լույսը» (Մատթեոս 17:2, Մարկոս 9:2, Ղուկաս 9:29): Աշակերտների ապշած աչքերի առջև Քրիստոս խոսում է շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համբարձված Ս. Եղիա մարգարեի հետ: Ս. Ղուկաս ավետարանիչը պատմում է, որ նրանք խոսում էին Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի դեպքերի մասին, որ պիտի տեղի ունենային Երուսաղեմում (Ղուկաս 9:31): Սքանչելի տեսարանից զմայլված՝ Ս. Պետրոս առաքյալը բացականչում է. «Վարդապետ, լավ է, որ մենք այստեղ մնանք. երեք տաղավարներ շինենք, մեկը՝Քեզ, մեկը՝ Մովսեսի և մյուսը՝ Եղիայի համար»: Մինչ Նա խոսում էր, լուսափայլ մի ամպ հովանի է դառնում նրանց, և ամպից եկող ձայնն ազդարարում է. «Դա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, Դրան լսեցեք»: Հանգստացնելով ու ոտքի կանգնեցնելով գետնամած առաքյալներին՝ Հիսուս նրանց պատվիրում է ոչ ոքի չհայտնել տեսածի ու լսածի մասին՝մինչև Աստծո Որդու փառավորվելը:
Ս. Հովհան Ոսկեբերանը երեք բացատրություն է տալիս, թե ինչու Տիրոջը հայտնվեցին Ս. Մովսես և Ս. Եղիա մարգարեները. երկուսն էլ ունեցել են Աստծո տեսիլքը՝ Մովսեսը՝ Սինա (Ելք 24.12-18), իսկ Եղիան՝ Քորեբ լեռան վրա (Գ Թագավորներ 19:8-18): Նրանք խորհրդաբար ներկայացնում էին կյանքը և մահը: Մովսեսը մահացավ՝ այդպես էլ չտեսնելով խոստացված երկիրը, իսկ Եղիան կենդանի կերպով երկինք վերացավ հրեղեն կառքով:
Հիսուսի պայծառակերպության ժամանակ Մովսեսի՝ նախանձահույզ օրենսդրի ու Եղիայի՝ երկինք տեղափոխված նախանձախնդիր օրինապահի հայտնվելը խորհրդանշում է, որ Քրիստոս է Օրենսդիրը և չի դրժում Աստծո Ուխտը: Նա է Տերը երկրի և երկնքի, ողջերի ու մեռյալների, քանզի Մովսեսին մեռյալների միջից վեր հանեց, իսկ Եղիային՝ ողջերի:
Այս տոնը հայտնի է նաև Վարդավառ անունով: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտություն է:
«Վարդավառ» ժողովրդական անվանումը, հավանաբար, գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից:
Ս. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսին վարդի հետ համեմատելով. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով՝ երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպությունն Իր մեջ կրում էր աստվածային էությունը և պայծառակերպվելով՝ հայտնեց Իր Աստվածությունը:
Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահք: Իսկ հաջորդ օրն, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ:
Պայծառակերպության տոնով հաստատվեց այն ճշմարտությունը, որ Հիսուս Աստծո Որդին է: Աստծո պատգամն է առաքյալներին և ողջ աշխարհին. «Նրան լսեցեք»:

Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
102Երեկ, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
114Երեկ, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
35710.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
54008.09.2026, 23:12
«Հովհաննավանքը հայ ժողովրդի սրբությունն է, ոչ թե ռաբիս երաժշտության տակ փող աշխատելու «օբյեկտ»». Սամվել դպիր Գրիգորյան
70507.09.2026, 08:42
Քարահան Թեփեում հայտնաբերվել է 11 հազար տարվա եզակի արձան (լուսանկար)
74406.09.2026, 22:36
Հովհաննավանքում մինչև ուշ գիշեր բլատնոյ ու ռաբիզ է հնչում, Ստեփան Ասատրյանը փող է աշխատում (տեսանյութ)
64506.09.2026, 21:24
Երուսաղեմում դարձյալ թքել են հայկական սրբավայրի ուղղությամբ. ոստիկանությունը պահպանություն է տեղակայել
53406.09.2026, 21:12