«Հոգևորականը պետք է լինի ամենուր, ուր իր հավատավոր համայնքն է, մանավանդ փոթորկված պահերին»․ Հայր Ասողիկ Կարապետյան
201
Երեկ, 22:18
Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆՔԻ Երբեք ցանկություն չի եղել խոսելու կամ գրելու հոգևոր իմ ծառայության ընթացքի վերաբերյալ, քանի որ այն միմիայն տեսանելի պետք է լինի մեր Տիրոջը, Ում շնորհով անձը ձեռնադրվում և օծվում է քահանա: Իսկ քահանան էլ, որպես հոգևոր նվիրապետության մի աստիճանավոր, բացառապես հնազանդ և հաշվետու պետք է լինի իր հոգևոր վերադասին: Ա՛յս է հոգևորականի ճշմարիտ ծառայական կերպը, նրա վեհ կոչումն ու սուրբ առաքելությունը: Սակայն այսօրվա մեր իրականությունը, որը լեցուն է կատարյալ ստորաքարշ զրպարտություններով, անզգամ շինծու մեղադրություններով, հակաօրինականություններով՝ հարկ համարեցի ի գիտություն ամենքի գրել հետևյալը: 2003 թ. ի վեր նախ՝ որպես քահանա, իսկ 2019 թ. որպես միաբան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, իմ ազատ կամքով և գիտակից վճռով մասնակցել եմ գրեթե բոլոր հասարակացունց հանրահավաքներին ու ցույցերին: Մասնակցել եմ, որովհետև, համոզված եմ, հոգևորականը պետք է լինի ամենուր, ուր իր հավատավոր համայնքն է, մանավանդ, նրա փոթորկված պահերին, որպեսզի հայը հայի վրա ձեռք չբարձրացնի, որպեսզի երկու կողմերն իրար լսելի լինեն, և այդ ամենը ծառայի ազգի ու պետության գերագույն շահերին: Եվ գրեթե միշտ մասնակցել եմ իմ հոգևոր եղբայրների ընկերակցությամբ՝ այն վճռականությամբ, որ միշտ պատրաստ պետք է լինենք՝ նաև որպես կենդանի պատ կանգնելու մեր ազգակիցների՝ ցուցարարների ու ոստիկանների, քաղաքացիների և պետության միջև: Եվ այդ բոլոր տարիներին ապրել եմ և գոհության, և ուրախության, և ծանր դառնության՝ խորը ցավի պահեր… Եվ հոգևորականի այդ ներկայությունը գնահատել ու երախտագիտությամբ է ընդունել թե՛ ժողովուրդը, թե՛ ոստիկանը, թե քաղաքական գործիչը, թե պետական պաշտոնյան: Այո, քանի որ Տիրոջ տան սպասավորն իր հոգևոր խնամքն անխտիր բոլորի վրա է տարածել՝ ազգային համերաշխության ու միասնության թթխմոր դառնալով: Թող ամենքին լսելի լինի՝ եկեղեցական նվիրապետության մեջ և հոգևոր կյանքում ընդմիշտ թագավորում է ինքնազոհ սերը, նվիրումը և հնազանդությունը՝ համաձայն Տեր Հիսուս Քրիստոսի օրինակի և Սբ Ավետարանի վարդապետության: Այս ամենը գրեցի, որպեսզի դուք, սիրելի հավատակիցներ, ճանաչեք Ճշմարտությունը և զատորոշեք Ճշմարտության կեցուցիչ ձայնը: Մնանք հաստատուն մեր սուրբ հավատքի մեջ, մնանք հավատարիմ մեր Սուրբ Եկեղեցուն և նրա աստվածային նվիրապետությանը՝ ի գլուխ ազգընտիր Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի: Տեր և պաշտպան լինենք մեր ազգային ինքնությանը, ազգային իղձերին և մեր Մայր Հայրենիքին»։