«Տնտեսական վտանգավոր քիմիական նյութերը պետք է պահվեն փակվող պահարաններում»․ Մարինե Գրիգորյան
1241
Չորեքշաբթի, 24 հուլիսի, 2024 թ., 18:48
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայի ղեկավար Մարինե Գրիգորյանն անդրադարձել է տանը պահվող քիմիական նյութերին, որոնց մեծ մասը թեև հարաբերականորեն անվնաս են, բայց լինում են նաև չափազանց վտանգավոր նյութեր: Մասնագետի խոսքով՝ վտանգավոր են հատկապես քայքայող քիմիական նյութերը, օրինակ՝ ամոնյակը, կաուստիկ սոդան (հիմք), թթուները (քացախաթթվային էսենցիան), կրային նստվածքը քայքայող նյութեր, որոշ մաքրող, լվացող հեղուկներ, որոնք կարող են շատ ծանր վնասվածքներ առաջացնել: Վտանգավոր նյութեր են նաև լուծիչներն ու նավթամթերքները, օրինակ՝ լաքերը, նավթալամպերի վառելիքը, բենզինը, կերոսինը: Նման նյութերի մեծ քանակների ընդունման դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկական օգնության՝ նյութն օրգանիզմից հեռացնելու և ներծծումը կանխելու նպատակով: Պետք է հիշել Տնտեսական վտանգավոր քիմիական նյութերը պետք է պահվեն փակվող պահարաններում կամ երեխաներին անհասանելի տեղերում: Թունավոր քիմիական նյութերը պետք է պահել իրենց գործարանային տարաներ կամ տուփերի մեջ: Պատահարներից շատերը տեղի են ունենում հենց այն պատճառով, որ քիմիական նյութը պահվում է կերակրի կամ ըմպելիքների տարաներում: Վտանգավոր քիմիական նյութեր օգտագործելիս պետք է չափազանց ուշադիր լինել, քանի որ հենց այդ ընթացքում դրանք կարող են երեխաներին հասանելի դառնալ: Կարդալ կենցաղային նյութերի տարաներին փակցված նախազգուշացնող պիտակները, որտեղ նշվում է տվյալ նյութերի թունավոր կամ վտանգավոր լինելը: Բացատրել երեխաներին պիտակներին նշված վտանգի նախազգուշացնող նշանները: Առաջին բուժօգնություն Խորհուրդ է տրվում տանը երբեք փսխում չառաջացնել: Եզակի դեպքերում, եթե ծանր թունավորման վտանգ կա և հիվանդանոցը հեռու է, կարելի է փսխում առաջացնել պատահարի վայրում: Նախապես տուժածին անհրաժեշտ է խմեցնել գոլ ջուր. ապա մատով, փայտիկով կամ գդալի պոչով գրգռելով լեզվարմատը կամ ըմպանի հետին պատը՝ առաջացնել փսխում: Փսխելիս տուժածը պետք է լինի հարմար դիրքով նստած, մի փոքր առաջ թեքված կամ կողքի վրա պառկած՝ գլուխը մի փոքր առաջ թեքած: Ցանկալի է փսխման ընթացքում պահել տուժածի գլուխը՝ ձեռքով բռնելով նրա ճակատը: Ուշադրություն Երբեք փսխում մի՛ առաջացրեք, քանի դեռ չեք խորհրդակցել բժշկի հետ: Փսխում չի կարելի առաջացնել, երբ՝ թունավորումը նավթամթերքներից է (բենզին, կերոսին), քանի որ դրանց գոլորշիները կարող են թափանցել շնչուղիներ և քայքայել թոքերի հյուսվածքը. տուժածը մեջքի վրա պառկած դիրքում է, քանի որ փսխման պարունակությունը կարող է շնչուղիների խցանման պատճառ դառնալ. թունավորվածը թմրած կամ գրգռված է. թունավորումը այրող-քայքայող կամ փրփուր առաջացնող ազդեցությամբ նյութերից է: Շնչարգելության, հարաճուն քնկոտության, գիտակցության կորստի կամ ջղաձգությունների դեպքում երեխային պետք է անմիջապես հասցնել հիվանդանոց: Գիտակցության կորստի դեպքում երեխային պետք է պառկեցնել երեսի վրա կիսաթեք դիրքով, որպեսզի լեզուն հետանկումով շնչուղիները չփակի և երեխան շնչահեղձ չլինի: