Շաբաթ, 23 նոյեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Կեսարյան հատումների թվի զսպման աճպարարությունը»․ Ծաղիկ Վարդանյան

«Կեսարյան հատումների թվի զսպման աճպարարությունը»․ Ծաղիկ Վարդանյան
1545
Չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2024 թ., 00:36

«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ՀՀ-ում ԿԵՍԱՐՅԱՆ ՀԱՏՈՒՄՆԵՐԻ ԹՎԻ ԱՃԻ ԶՍՊՄԱՆ ԱՃՊԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Եվ այսպես, ի լուր ամբողջ աշխարհի, բոլոր ծանոթ և անծանոթ լրատվամիջոցներով և իհարկե Հ1- ով Առողջապահության նախարարությունը բարձրաձայնում է, որ ՀՀ-ում շատ բարձր է ծննդալուծման դեպքերի մեջ կեսարյան հատումների չափաբաժինը՝ շուրջ 40% և որ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ՝ 2023-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ մոր և մանկան առողջության բաժնում ամրագրած է կեսարյան հատումների աճի նվազեցման դրույթը, որից էլ բխում են իրենց դարակազմիկ միջոցառումը։
Ներկայացնում են, որ որպեսզի զսպեն կեսարյան հատումների թվի աճը նորմալ և բարդացած ծնունդների գներն են բարձրացրել և որ 2008 թվականից այն չի վերանայվել:
ՀԻՇԵՑՈՒՄ, ինչ վերաբերում է մանկաբարձական ծառայությունների գներին՝ ծննդալուծում նորմալ ճանապարհով, կեսարյան հատում և այլն, ապա այն անցել է փոփոխությունների, վերանայումների երկար ճանապարհ, մինչև 2011թ. այն եղել է ընդհանուր հիվանդանոցային ծառայությունների նման, և մեկ դեպքի համար փոխհատուցվել է մոտ 50000 ՀՀ դրամ, հետագայում նորմալ, բարդացած ծննդաբերությունների գները բարձրացվել են, նույնիսկ՝ կրկնապատկվել և զուգահեռ ներդրվել է ծննդօգնության ծառայության աշխատակիցների բոնուսային վարձատրության մոդել, որը գործում է մինչև այժմ, որը նույնպես իր հերթին վերանայվել է 2015թ., 2019թ.:
Այսպիսով, օրինակի համար, նորմալ և թեթև շեղումներով ծննդաբերությունը երկար ժամանակ փոխհատուցվում էր 109400 դրամի չափով, հաջորդիվ, 2018 թվականին իրականացվել է ծննդօգնության ծառայությունների վերանայում և ոչ միայն գնային փոփոխություններ են իրականացվել, այլև փոխվել է ծննդօգնության ծառայությունների դասկարգումը՝ ըստ ֆինանսական փոխհատուցման և սահմանվել է գին՝ 140000 դրամ, ապա 2023 թվականին՝ 150000 դրամ:
Ներկայացրած կարճ քրոնիկան վերաբերում է ԱՆ-ի այն պնդմանը, թե 2008 թվականից ծննդօգնության գները չեն վերանայվել: Փաստեմ, որ ոչ միայն մի քանի անգամ գներն են վերանայվել, այլև մտցվել է ծննդատան աշխատողների բոնուսային վարձատրություն, ավելին՝ սահմանվել են ծննդատների մակարդակներ և ըստ դրա սահմանվել են ծնունդների ֆինանսավորման առավելագույն չափաբաժիններ, օրինակ՝ 1-ին մակարդակի ծննդատունը պետության կողմից բարդացած ծնունդների համար ընդհանուր ծնունդների թվի 13%-ի չափով է ֆինանսավորվում, իսկ կեսարյան հատումների համար՝ 15%-ի չափով: (ՀՀ ԱՆ 2019թ. 331-Ա հրաման): Այս չափաբաժիններից ավելի կատարածը ֆինանսավորվում է նորման ծննդաբերության գնով:
Ասել կուզեմ, որ կեսարյան հատումների թվի աճի ֆինանսական զսպան գործիք կիրառվում է 2012 թվականից, այն վերանայվել է 2019թ-ին, սակայն կեսարյան հատումների թվի աճը չի դանդաղում, ընդհակառակը:
Այնուհանդերձ, իրականում այս գների փոփոխությունով ինչ է անում ԱՆ-ն.
Ցավոք, ՀՀ-ում 2023-2024 թթ-ի ծնունդների համեմատությունը խոստումնալից չէ, արձանագրվել է թվի անկում՝ անկախ անպտղության հաղթահարման հարցում անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման ընդլայմանը։
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ 2023-2024 թթ. հունվար-հունիս ամիսների ծնվածների թիվը համապատասխանաբար 17192, 15898, այսինքն 1294-ով պակաս:
Իսկ ՀՀ Պետական բյուջեով 2024 թվականին մանկարձական բժշկական ծառայությունների համար նախատեսվել է շուրջ 7,424 մլն. դրամ 36114 դեպքի համար: Անզեն աչքով տեսանելի է, որ ծնունդների թվի նվազման նման տեմպի պարագայում ընթացիկ տարում առնվազն 2000 ծնունդ պակաս է լինելու նախորդ տարվանից և ամենալավատեսական կանխատեսման դեպքում էլ ծննդօնությունում չի ծախսվի նվազագույնը 400 մլն դրամ: Սրան էլ հավելեմ, որ նույն Պետական բյուջեի «Առողջության համապարփակ ապահովագրությանն (ԱՀԱ) ուղղված միջոցառումներ» միջոցառումով նախատեսված 18 մլրդ դրամն այս տարի, հավանաբար, կվերաբախշվի այլ ծրագրերի մեջ:
Անդրադառնանք սույն աճպարարությանը, որ շեփորահարվում է՝ որպես կեսարյան հատումների զսպման հզոր գործիք:
Վերևում ներկայացրեցինք, որ ծնունդների թիվը նվազել է և այդ ծրագրում գումարներ են խնայվել, ԱՆ-ն որոշել է դրանց մի մասը թողնել ծննդօգնությանը: Հաջորդիվ կատարել է գների բարձրացում՝ նորմալ և թեթև շեղումներով ծննդաբերության գինը ավելացրել է 10%-ով, բարդացած ծնունդները՝ 25%-ով, կեսարյան հատման գները անփոփոխ են մնացել։
Ստացվում է՝ սա ոչ թե խթանող գործիք են հորինել, այլ ընդանենը ծրագրում մնացած գումարների հաշվին ծառայությունների գին են բարձրացրել, որն այս տարի կվերաբերվի վերջին եռամսյակին և կկազմի մոտ 10-12 մլն դրամի կարգի գումար՝ 400 մլն խնայողության դիմաց:
Դե բայց այս ամենը ներկայացվում է կեսարյան հատումների թվի նվազնան ռազմանվարական սոուսով:
ԿԵՑՑՑԵ ՓԻԱՌԸ
Ինչ վերաբերվում է ծննդաբերության ժամանակ էպիդուրալ անզգայացմանը, ապա, ըստ գործող վարձատրման չախորոշիչի, ծննդաբերության ժամանակ անեսթեզիոլոգը և նրա բուժքույրը բոնուս ստանում են, իսկ գների հրամանի 2-րդ բաժնում, որտեղ շարադրված են ծննդօգնության ծառայությունները, ծանոթություններ մասում ամրագրված է «բաժնի գներում ներառված են անզգայացման, լաբորատոր և գործիքային ախտորոշիչ հետազոտությունների արժեքները»:
Հետաքրքիր է՝ ինչ անվճար էպիդուրալ անզգայացումից են խոսում, եթե անզգայացման ծառայությունը ներառված է ծննդաբերության գնի մեջ:
Ամփոխելով այս «ռազմավարական» միջոցառումը փաստում եմ.
*Ծննդօգնության գների փոփոխությունները որևէ աղերս չունեն կեսարյան հատումների թվի կրճատման հետ՝ կապրենք կտեսնենք:
*Ներկայացրած ծննդօգնության գների բարձրացումը կապված է ծնունդների թվի վազման և այդ ծրագրում գումարների պրոֆիցիտի հետ:
*Այն որ 2008 թ-ից հետո վերջապես հիշել են ծննդօգնության գները, իրականություն չէ, անգամ ամոթ է անցած 15 և ավել տարիներում կառավարիչների աշխատանքի վրա նման ստվեր գցելը:
Էպիդուրալ անզգայացման առումով արվել է ընդամենը այդ ծառայության առանձնացում է և գնի սահմանում:
Հ.Գ. Մի բան լավ է, որ, ամեն դեպքում, որոշակի գների բարձրացում է իրականացվել, որի արդյունքում մի փոքր էլ կավելանա բուժանձնակազմի աշխատավարձը:
ՀՀ կառավարություն, ՀՀ առողջապահության նախարարություն, Նիկոլ Փաշինյան, աճպարարության փոխարեն իրական աշխատանքով զբաղվեք, օրինակ՝ իրավական ակտերում սահմանեք կեսարյան հատումների բացարձակ և հարաբերական ցուցումները և այլն»:

Աղբյուրը`   Ծաղիկ Վարդանյան