Ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Ոչ, Բաքվի ժամացույցը չեմ հեռացնի»․ Հանրային ռադիոյի տնօրեն

«Ոչ, Բաքվի ժամացույցը չեմ հեռացնի»․ Հանրային ռադիոյի տնօրեն
183
Երեկ, 18:18

Հանրային ռադիոյի նորանշանակ տնօրեն Արմեն Քոլոյանը, որը մինչ այդ «Ազատություն» ռադիոկայանի աշխատակից էր, երեկվանից Հանրային ռադիոյի նյուզրումում տարբեր երկրների ժամանակը ցույց տվող ժամացույցներ է փակցրել պատին, և այդ ժամացույցների մեջ կան նաև մեր թշնամական երկու պետությունների՝ Բաքվի ու Անկարայի ժամանակը ցույց տվող ժամացույցներ։
Այսուհետ Հանրային ռադիոյի աշխատակիցները ոչ միայն Երևանի, Մոսկվայի, Թեհրանի, Թբիլիսիի ու Լոնդոնի, այլև Բաքվի և Անկարայի ժամացույցների ներքո կաշխատեն։ Եւ սա, բնականաբար, հարուցել է ռադիոյի շատ աշխատակիցների վրդովմունքը, հատկապես, որ այնտեղ աշխատում է նաև Բաքվի կողմից սանձազերծված պատերազմում զոհվածի մայր։ Ընդ որում, այս ամենը տեղի է ունեցել երեկ՝ Արցախը հանձնելու տարելիցի նախօրեին, այս մասին գրում է «Մեդիահաբ»-ը։
Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանը լրատվամիջոցի հետ զրույցում ասել է, որ դա իր նախաձեռնությունն է եղել․ «Իմ նախաձեռնությունն է, աշխարհի բոլոր նյուզռումերում կան բազմաթիվ ժամացույցներ, որոնք ցույց են տալիս տարբեր երկրների քաղաքների ժամանակը, երբ որ, օրինակ, հաղորդագրություն ենք ստանում, որ այսինչ քաղաքում ինչ-որ հանդիպում է տեղի ունենում, և գրվում է, որ տեղական ժամն է։ Ուստի, ավելի հեշտ կողմնորոշվելու համար մարդիկ նայում են ժամին և հասկանում են, որ եթե Երևանում ինչ-որ մի ժամ է, ապա այդ քաղաքում մեկ ուրիշ ժամ է։ Ընդամենը դա է»։
- Իսկ Բաքվի Հանրային ռադիոյում Երևանի ժամանակով ժամացույց կա՞։

- Ես չգիտեմ, ես այնտեղ չեմ եղել, ես եղել եմ Բաքվում 1960-ականներին, մեզ դպրոցով էին տարել Սովետի ժամանակներում, ես չգիտեմ՝ Բաքվի Հանրային ռադիոյում ինչ տրամադրություններ են և, մեղմ ասած, անտարբեր եմ, թե ինչ են մտածում Ադրբեջանի Հանրային ռադիոյի աշխատակիցները։

- Վստահ եմ՝ Դուք շատ լավ տեղյակ եք մեր հասարակության էմոցիաներից այս հարցում, հատկապես, որ այս ամենը տեղի ունեցավ Հանրային ռադիոյում իշխանափոխությունից հետո, երբ Դուք դարձաք տնօրեն և Արցախի հանձնման տարելիցի այս օրերին։

- Ես հասկանում եմ, այդ թայմինգը ընդամենը զուգադիպություն է, և ենթադրել, որ դրանում ինչ-որ հատուկ մեսիջ է եղել, պարզապես աբսուրդ է։ Էդ ժամացույցները մենք կարող էինք դնել ավելի շուտ, եթե դրանք պատրաստ լինեին, որովհետև դրանք պետք է պատրաստ լինեին որոշակի ժամկետում, բայց մեզ ասացին, որ դեռ չկան, պատվիրել են, որ էնտեղ գրությունները պետք է գրվեն, և այդ ամեն ինչը պատրաստ է եղել երեկ չէ առաջին օրը, և հաջորդ օրը տեղադրել են։ Այսինքն՝ ես էդ բոլոր մեղադրանքները, թե «այ սենց, հատուկ Արմեն Քոլոյանը՝ սորոսական, Արևմուտքից եկել է, որ ցավ պատճառի մարդկանց», դա պարզապես համարում եմ աբսուրդ։ Եւ, ես բոլոր նրանց, ովքեր վրդովվել էին, այսօր մենք շատ անկեղծ խոսակցություն ենք ունեցել, և իմ տեսակետը հայտնել եմ, որ, ժողովուրդ ջան, մենք պարտավոր ենք հաշվի նստել, որ աշխարհում, գուցե դժբախտաբար, դա ես չեմ ուզում մեկնաբանել, կա Ադրբեջան անունով երկիր, որն ունի Բաքու անունով մայրաքաղաք, և կա Թուրքիա անունով երկիր, որն ունի Անկարա անունով մայրաքաղաք․․․

- Եթե Հանրային ռադիոյի աշխատակիցները, ամեն դեպքում, պնդեն, որ պետք է հեռացնեք Բաքվի և Անկարային ժամացույցները նյուզռումից, քանզի նրանք չեն ուզում դրա ներքո աշխատել, հակատակ դեպքում՝ դիմում կգրեն և կհեռանան, Դուք ինչպե՞ս կվարվեք, կհեռացնե՞ք առնվազն գոնե Բավքի ժամացույցը ռադիոյից։

- Գիտե՞ք ինչ, ես կարող եմ հենց հիմա select all և Delete անել ընդհանրապես բոլոր տեղեկությունները Բաքվի և Անկարայի մասին․․․

- Ես միայն Բաքվի ժամացույցը նկատի ունեմ, դա կհեռացնե՞ք։

- Ոչ, ես դա չեմ հեռացնի, որովհետև դա տեղեկատվական նշանակություն ունի։ Ովքեր դրանում տեսնում են հատուկ մեսիջ, այդ մարդիկ, իմ համոզմամբ, ոչ համաչափ են գնահատում իրավիճակը, որովհետև, իմ կարծիքով, մենք չենք կարող ենթադրել, որ այդ քաղաքը չկա կամ հարևան մյուս երկրի քաղաքը չկա։ Այո, թշնամական քաղաքներ են, մեզ վրա ճնշումներ են գործադրում, բայց այդ քաղաքները գոյություն ունեն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։