Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Վրաստանում ընտրական գործընթացը պայմանական կարելի է բաժանել երեք մասի՝ նախընտրական փուլ, բուն քվեարկության գործընթաց և հետընտրական զարգացումներ: Առաջին երկու փուլում Բիձինա Իվանիշվիլիի թիմը հաղթեց, այսպես կոչված, «հավաքական Սաակաշվիլիի» թիմին: «Վրացական երազանքը» իրեն կարողացավ ավելի հաջող նույնացնել խաղաղության և կայունության հետ՝ բարոյալքված և մասնատված ընդդիմության ֆոնին: «Վրացական երազանքը», դատելով ընտրությունների արդյունքներից, համոզիչ հաղթանակ է տարել ու, եթե կարողանա դիմադրել «փողոցի» ճնշմանը, այդ հաղթանակը կկապիտալիզացվի՝ որպես նոր կառավարման մանդատ: Վրացական իրադարձությունների առթիվ մեզանում տարածված են մի քանի մոլորություններ: Դրանք դիտարկվում են Ռուսաստան-Արևմուտք հակադրության համատեքստում, ինչը, մեղմ ասած, պարզունակ մոտեցում է: Հիմա ամբողջ Արևմուտքում պայքար է գնում լիբերալ շահախմբերի և ստատուս-քվոն փոխել ցանկացող ուժերի միջև: Նույն պայքարի լոկալ դրսևորմանն ականատես եղանք նաև Վրաստանում, որտեղ հաղթանակ տարած կառավարող թիմը լիբերալ դոմինիզացիայի ստատուս-քվոն փոխելու կողմնակից է: «Վրացական ժողովուրդը ընտրեց խաղաղությունը, զարգացումը և լուսավոր եվրոպական ապագան»,- ընտրություններից անմիջապես հետո ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Եթե Վրաստանի կառավարող թիմը չի ցանկանում Արևմուտքի ֆորպոստը դառնալ ռեգիոնի որևէ երկրի, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի դեմ, դա ավտոմատ չի ենթադրում, որ նա սպասարկում է ռուսական օրակարգ: Նիկոլ Փաշինյանի՝ բանկրոտի ենթարկված, քաղաքականության պրիզմայով չի կարելի դիտարկել Վրաստանի զարգացումները: Նույնքան պարզունակ է պնդումը, թե իբրև Վրաստանում ավտորիտար իշխանությունը հաղթել է դեմոկրատներին, այսինքն, պարտվել է դեմոկրատիան: Միխեիլ Սաակաշվիլին, անշուշտ, նպաստել է Վրաստանի արդիականացմանը, բայց նրա իշխանության կրախի պատճառներից մեկն ավտորիտար կառավարման համակարգն էր, որն ընդդիմության նկատմամբ հաշվեհարդարի հարուստ պատմություն ունի: Եթե, ի տարբերություն Ուկրաինայի և Մոլդովայի, Վրաստանի կառավարող թիմը չի ցանկանում իր երկիրը «հակաՌուսաստան» դարձնել, դեռ չի նշանակում, թե ձախողել է եվրոպական քննությունը: Արևմտյան լիբերալ էլիտաներն ու դեմոկրատիան վաղուց հոմանիշներ չեն: Եվ վերջապես՝ Հայաստանի համար ձեռնտու է էլեկտորալ այն պատկերը, որն արձանագրվեց Վրաստանում, որովհետև դա բալանսավորված արտաքին քաղաքականության, խնդիրները ռեգիոնում լուծելու մասին է»: