Կիրակի, 17 նոյեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«1 ժամում լեզվական ոլորտին վերաբերող 31 իրավախախտում եմ հայտնաբերել»․ Կարեն Հեքիմյան

«1 ժամում լեզվական ոլորտին վերաբերող 31 իրավախախտում եմ հայտնաբերել»․ Կարեն Հեքիմյան
98
Այսօր, 16:24

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «1 տարվա ընթացքում ընդամենը 27 հայցադիմում:
Լեզվի կոմիտեն շարունակում է չաշխատել:
Ուղիղ 1 տարի առաջ Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվեց Դվոյան Սիրանույշը:
Տարին ունի 365 օր (2024 թիվն ուներ 366 օր):
Բացի նախագահից, Լեզվի կոմիտեն ունի նախագահի տեղակալ, նախագահի երկու օգնական, երկու բաժին՝ լեզվական վերահսկողության և վարչական իրավախախտումների: Բաժիններն ունեն աշխատակիցներ: Թվարկածս անձինք ունեն պարտականություններ:
Այժմ դիմում եմ Լեզվի կոմիտեի աշխատակիցներին:
Եկեք դուրս գանք Երևանի, Վանաձորի, Կապանի, Գավառի, Ստեփանավանի, Ախուրյանի, Թալինի և Հայաստանի մնացած մեծ և փոքր քաղաքների, գյուղերի, ավանների և այլ բնակավայրերի փողոցներ:
Լավ, եթե չկա հնարավորություն, գոնե Երևանի փողոցներ դուրս գալ կարո՞ղ ենք:
Լավ, եթե չկա հնարավորություն, գոնե Երևանի կենտրոն դուրս գալ կարո՞ղ ենք:
Ավելի լավ առաջարկ ունեմ. Լեզվի կոմիտեն գտնվում է Կիևյան 16 հասցեում: Երևանի գոնե այդ հատված դուրս գալ կարող ենք, չէ՞:
Օրինակ՝ ես կարող եմ: Ավելին՝ արդեն դուրս եմ եկել և ուղիղ 1 ժամում Կիևյան 16 հասցեի շրջակայքում լեզվական ոլորտին վերաբերող թվով 31 իրավախախտում եմ հայտնաբերել: Ընդամենը 1 ժամում: Իսկ դուք 366 օրում 27 իրավախախտում եք հայտնաբերել: Թվերը վերցրել եմ datalex կայքից: 366 օրվա ընթացքում Լեզվի կոմիտեն Վարչական դատարան է ներկայացրել ընդամենը 27 հայցադիմում:
Ինչպես կասեր Փաշինյան Նիկոլը, եկեք խմենք ՀՀ հարկատուների կենացը»։

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան