«Հայաստանի տնտեսությունն ունի խոշոր բիզնեսի կարիք». Հակոբ Բադալյան
799
Երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2024 թ., 21:36
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի տնտեսությունն ունի խոշոր բիզնեսի կարիք: Իրապես խոշոր բիզնեսի, այլ ոչ թե պարզապես՝ Հայաստանի «չափանիշներով» խոշոր բիզնեսի: Բայց դրա համար պետք է ոչ թե բարձրացնել մանր ու միջինի բեռը, այլ հիմնարար աշխատանք կատարել արտաքին խոշոր ներդրումային ծրագրեր ներգրավելու համար: Տարիներ շարունակ հրապարակվում է 1000 խոշոր հարկատուների ցուցակը: Սա նույնիսկ ծիծաղելի է՝ Հայաստանում 1000 խոշոր հարկատու: Ծիծաղելի է, որովհետև այդ բնորոշումը տրվում է Հայաստանի չափանիշներով, մինչդեռ մենք մեր տնտեսության մասշտաբը պետք է համեմատենք ոչ թե ինքներս մեզ հետ, այլ՝ մեր մարտահրավերների. օրինակ՝ Ադրբեջանի և այնտեղ իրականացվող տնտեսական, ներդրումային նախագծերի: Որովհետև Ադրբեջանը մեզ համար մարտահրավեր է: Մեր 1000 խոշոր հարկատուների ցանկում այդ իմաստով կա մեր մարտահրավերների հետ համեմատելի, իրապես խոշոր հազիվ մեկ-երկու տասնյակի հասնող ընկերություն: Բնական է, որ նավթագազային ռեսուրս ունեցող Ադրբեջանի հետ բացարձակ համեմատութուն լինել չի կարող, ի վերջո նավթագազային սեկտորը տալիս է խոշոր գեներատիվ հնարավորություններ: Բայց, մեր համեմատական կողմնորոշիչը պետք է լինի հենց դա, հետեւաբար մեր գերխնդիրը պետք է լինի առավելագույնն անել Հայաստանում խոշոր ներդրումային ծրագրեր իրականացնելու, դրա համար արտաքին խոշոր գործընկերներ ներգրավելու համար: Չենք ունենա բացարձակ նույն արդյունքը, բայց միանգամայն հնարավոր է ունենալ համեմատելի արդյունք: Մինչդեռ Հայաստանում, օրինակ, իրականացվում է Ազգային ավիափոխադրող ստեղծելու ծրագիր, ոլորտում բավականին հեղինակավոր արտաքին ներդրողի՝ Շարժայի էմիրության «Էյր Արաբիա» ավիաընկերության հետ, բայց արտաքին ներդրողը դժգոհ է մնում պայմանավորվածությունների կատարման ընթացքից, ինչի հետևանքը լինում է այն, որ ներդրումային ծրագիրը պարզապես ձախողվում է, իսկ Հայաստանը՝ զրկվում միջազգային բարձր ստանդարտով աշխատող Ազգային ավիափոխադրող ընկերություն ունենալու, ըստ այդմ նաև՝ պետական արժեքավոր բրենդ ունենալու հնարավորությունից: Իսկ ի՞նչ վիճակում է Աբու Դաբիի էմիրության մեկ այլ խոշոր ներդրողի՝ «»-Մասդարի հետ արևային խոշոր կայան կառուցելու ծրագիրը: Ընթացքի մե՞ջ է, ո՞ր փուլում է: Ինչ-որ քիչ ձայն կա՞ այդ առնչությամբ: Հունիսի դրությամբ կար մի ռեպորտաժ, որ արեւային կայանի կառուցումը նույնիսկ չի էլ մեկնարկել, հետքն իսկ չկա: Այն դեպքում, երբ շահագործման ժամկետ էր նշվում 2025 թվականը, իսկ շինարարության մեկնարկի՝ 2023 թվականը: Հայաստանի պետական մրցունակությունն ու կենսունակությունը պայմանավորված է լինելու մեր տնտեսության մեջ խոշոր տրամաչափով խաղացողների ներկայությամբ: Այո, չափազանց կարեւոր է նաեւ մանր ու միջին բիզնեսի, ըստ այդմ՝ միջին խավի ձեւավորումը: Բայց, դա տրամաչափը հենց համարժեք տրամաչափի էլ խնդիրներ է լուծում պետության համար, պետական դիմադրունակության ու կենսունակության համար: Եթե մենք, որպես պետություն ուզում ենք լուծել մեր առաջ եղած խոշոր խնդիրները, մենք պետք է կարողանանք ներգրավել խոշոր ներդրումներ, իրականացնել խոշոր նախագծեր, կարողանալ լինել արտաքին խոշոր ներդրողների համար վստահելի գործընկեր: Կրկնեմ, ներդրումներ, ոչ թե վարկային միջոցներ: Պատճառաբանությունը, թե ներդրողները չեն գա ռիսկային գոտի, մի կողմից լինելով իրավացի, մյուս կողմից չափազանցություն են: Այո, Հայաստանը ներդրումային ջերմոց չէ, բայց այդպիսին չի լինի երբեք, եթե մենք իհարկե ուզում ենք, որ լինի սեփական քաղաքական ինքնությամբ և սուբյեկտությամբ պետություն: Հետևաբար, այդ պետությունից պահանջվում է գտնել ներդրողների հետ հարաբերվելու, նրանց մոտ վստահության ու գրավչության սեփական բանաձևը գտնելու կարողություն: Այլ ոչ թե պարզապես դա անելու անկարողությունը ծածկելու համար հանրությանը ներշնչել դատապարտվածության զգացում»: