Երկուշաբթի, 23 դեկտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Թուրքիան կարող է դառնալ կամուրջ Հայաստանի և ԵՄ-ի միջև». Վահան Կոստանյանը` Բահրեյնում

«Թուրքիան կարող է դառնալ կամուրջ Հայաստանի և ԵՄ-ի միջև». Վահան Կոստանյանը` Բահրեյնում
599
Շաբաթ, 07 դեկտեմբերի, 2024 թ., 23:54

Դեկտեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» միջազգային ֆորումի շրջանակներում մասնակցել է պանելային քննարկման։

Նախարարի տեղակալի ելույթից և հարցերին պատասխաններից մեջբերումները ներկայացված են ստորև։

«Ձերդ գերազանցություններ, հարգելի՛ գործընկերներ, թույլ տվեք նախևառաջ շնորհակալություն հայտնել Բահրեյնի Թագավորությանը՝ բոլոր պատվիրակներին ցուցաբերած հյուրընկալության համար և շնորհավորել Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտին (IISS)՝ այս կարևոր միջոցառման քսաներորդ տարելիցի կապակցությամբ:

Թեև այս հարթակում քննարկումները հիմնականում կենտրոնացած են այս տարածաշրջանի հետ կապված խնդիրների վրա, այն կարևոր է նաև մեր տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի երկրների համար: Երբ մենք սկսում էինք նախապատրաստվել այս տարվա «Մանամայի երկխոսությանը» և քննարկում էինք այս տարվա երկխոսության թեմաները, այս պանելի անվանումը կենտրոնանում էր հակամարտությունների քաղաքական արձագանքների վրա։ Միջոցառման օրվան ընդառաջ անվանումը փոխվեց հետևյալ կերպ՝ «Հակամարտություններին քաղաքական և ռազմական արձագանքները», ինչն ուղղակիորեն ցույց է տալիս, որ նախկինում գոյություն ունեցած՝ կանոնների վրա հիմնված, կարգը այլևս չի գործում և աշխարհը ձախողում է հակամարտություններին միայն քաղաքական լուծումներ տալու գործում։

Սակայն որպես տարածաշրջանի ներկայացուցիչ, որն ընդամենը վերջերս է բախվել զինված հակամարտության, այն ուղերձը, որը ես ցանկանում եմ փոխանցել հետևյալն է. ռազմական լուծումները կայուն չեն, և բոլոր կողմերը պետք է ձգտեն գտնել քաղաքական լուծումներ: Սա այն համոզմունքն է, որն ունի Հայաստանի կառավարությունը և փորձում է իրականացնել մեր տարածաշրջանում: Դա հեշտ չէ և պահանջում է քաղաքական խիզախություն, բայց, հաշվի առնելով այն հանգամանքները, որոնց ներքո մենք ապրում ենք՝ շատ կարևոր է հավատարիմ մնալ քաղաքական լուծումներին:

Թույլ տվեք այս քննարկմանն ավելացնել նաև մեկ այլ շերտ՝ տնտեսական հարթությունը: Մենք համոզված ենք, որ սա այն հիմնական բանալիներից մեկն է, որի միջոցով կարելի է հասնել խաղաղության ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում: Գիտեք, որ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի իր հարևաններից երկուսի՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ, որոնց հետ սահմանները փակ են: Մեր կառավարությունը հավատում է, որ հավելյալ փոխկապակցվածության ստեղծումը կնպաստի տարածաշրջանում կայունության ամրապնդմանը: Այսպիսով, Հայաստանի կառավարությունը հանդես է եկել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ, որն ուղղված է հյուսիսը և հարավը, արևելքը և արևմուտքը կապելուն։ Ես կարծում եմ, որ սա հատկապես հետաքրքիր թեմա է Պարսից ծոցի համագործակցության խորհրդի (ՊԾՀԽ) երկրների համար, քանի որ Հայաստանը նպատակ ունի կապել Սև ծովը ՊԾՀԽ-ի և Ծոցի երկրների հետ և ձևավորել ավելի լայն տարածաշրջանային կապեր, ինչը մեզ համար նույնպես նշանակում է ունենալ ավելի ընդարձակ տարածաշրջանային փոխկապակցվածություն, ինչպես նաև խաղաղություն և կայունություն:

Արժեքները շատ կարևոր դեր ունեն նոր՝ կանոնների վրա հիմնված, կարգ հաստատելու գործում: Բերեմ Հայաստանի օրինակը. այս տարի՝ մի քանի ամիս առաջ, Հայաստանը, հանդիսանալով «երկու պետություն» սկզբունքի կողմնակից, ճանաչել է Պաղեստինի անկախությունը: Դա մի որոշում էր, որը հիմնված էր արժեքների վրա։ Որպես երկիր, որը բախվել է հայրենակիցների սովի մատնվելու, բռնի տեղահանման երևույթներին, մենք չենք կարող անտարբեր մնալ նրա նկատմամբ, ինչը կատարվում է Պաղեստինի հետ: Ցավոք, դիվանագիտական առումով շատ բան չենք կարող անել, բայց մեր կողմից հնարավոր քայլերից մեկն անկախության ճանաչումն էր, որը մենք արել ենք: Միաժամանակ, մենք շատ մտահոգված էինք Լիբանանում տիրող իրավիճակի առնչությամբ: Տարիների ընթացքում Հայաստանը տեղում ՄԱԿ ներկայության՝ UNIFIL-ի մաս է կազմել, և մեր ներկայությունը տեղում շարունակվում է:

Այսօր Հայաստանը շատ մտահոգված է Հալեպում տիրող իրավիճակով: 2010-ական թվականներից Սիրիայում հակամարտության բռնկումից ի վեր, Հայաստանն այն սակավաթիվ երկրների շարքին էր պատկանում, որը շարունակում էր դիվանագիտական ներկայություն ունենալ Սիրիայում, մասնավորապես Հալեպում:

Ամփոփելով, հարգելի գործընկերներ՝ կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք պետք է վերադառնանք դիվանագիտությանը և պետք է փորձենք մտածել և գտնել կայուն լուծումներ»

Հարցերին փոխնախարար Կոստանյանի պատասխաններից.

Պատասխանելով Պաղեստինի պետության ճանաչման վերաբերյալ հարցին՝ փոխնախարար Կոստանյանը հավելել է. «Պաղեստինի Պետությունը ճանաչելու՝ ՀՀ կառավարության որոշումն ուղղված չէր Իսրայելի դեմ։ Այդ որոշումը կայացվեց թե պաղեստինցիների, թե իսրայելցիների համար, քանի որ մենք տեսնում ենք, որ այս երկու ժողովուրդների համար խաղաղության և կայունության պայմաններում ապրելու հնարավոր ճանապարհը «երկու պետություն» սկզբունքով լուծումն է»:

Արհեստական բանականության կիրառման խնդիրների վերաբերյալ հարցի առնչությամբ փոխնախարար Կոստանյանը նշել է. «Արտաքին գործերի գերատեսչության տեսանկյունից՝ տեսնում ենք արհեստական բանականության կիրառման կարգավորումների կարիք, հատկապես, երբ խոսքը վերաբերում է մարտական իրավիճակներում մարդու իրավունքներին: Եվ այս հարցում մենք միացել ենք ԱՄՆ՝ ոլորտի կարգավորմանը միտված նախաձեռնությանը»:

Հարավային Կովկասին վերաբերող հարցին ի պատասխան Վահան Կոստանյանը նշել է. «Եվ գալով վերջին, բայց ոչ պակաս կարևոր՝ մեր տարածաշրջանի վերաբերյալ հարցին՝ նշեմ, որ չեմ կարող ներկայացնել Իրանի, Ռուսաստանի կամ Թուրքիայի քաղաքականությունները: Այստեղ եմ ներկայացնելու մեր քաղաքականությունը, և այն շատ պարզ է, դրա երկու հիմնական ուղղությունները հետևյալն են. առաջին ուղղությունը մեր հարաբերություններն են մեր հարևանների հետ: Մենք ունենք չորս հարևան՝ Վրաստան, Իրան, Ադրբեջան և Թուրքիա: Եվ մենք հավատում ենք, որ պետք է ունենանք չորս հարևանների հետ առնվազն բարիդրացիական հարաբերություններ: Իսկ մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների երկրորդ շերտը մեր արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումն է: Ինչպես ականատես եղանք, մեր ավանդական գործընկերների հետ փոխգործակցությունը միշտ չէ, որ օգտակար էր:

Ներկայումս մեր արտաքին քաղաքականության նպատակը մի փոքր այլ է, և եթե հակիրճ ձևակերպենք, դրա նպատակը կլինի պաշտպանել մեր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, մեր սահմանների անխախտելիությունը, նաև ժողովրդավարությունը: Եվ հիմա մենք փորձում ենք զարգացնել մեր գործընկերների հետ հարաբերությունները՝ մտքում պահելով այս ընկալումը:

Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին, ապա դուք գիտեք, որ մենք անկեղծորեն շահագրգռված ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Մենք հավատում ենք, որ Անկարայի հետ հարաբերությունների կարգավորումը կարող է դրական ազդեցություն ունենալ նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացների վրա։ Բայց նաև հաշվի առնելով, որ Հայաստանը ավելի է մոտենում մեր արևմտյան գործընկերներին՝ այստեղ հավանաբար ես պետք է հարցս ուղղեմ. որտե՞ղ է Թուրքիան տեսնում իր արտաքին քաղաքականությունը՝ թե՛ տարածաշրջանում, թե՛ Եվրոպական միության ու Արևմուտքի հետ հարաբերությունների մասով։ Ակնհայտ է, որ Հայաստանը ձգտում է մոտենալ Եվրոպական միությանը, Հայաստանի ժողովուրդն ունի եվրոպական ձգտումներ։ Սահմանների բացման դեպքում Թուրքիան, որը նաև ԵՄ մաքսային միության անդամ է, կարող է դառնալ կամուրջ Հայաստանի և ԵՄ միջև»։