«Պետք է ոչ թե հրապարակային բանավեճի հրավիրեր, այլ խնդրագիր ուղարկեր նախկին նախագահներին». Արտակ Զաքարյան
144
Երեկ, 22:06
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ի՞նչ է ցանկանում Նիկոլը խոսել նախագահների հետ: Ինչպես ինքն է ասում՝ բացի բանավեճից, ցանկանում է նաև հրապարակային խոսել Հայաստանի ապագայի ռազմավարության մասին: Այն ինչ տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ, վերջին վեց տարիներին, ուղղակի թույլ չի տալիս հավատալ Նիկոլի անկեղծությանը: Ապագայի ռազմավարության մասին Նիկոլ Փաշինյանի հետ խոսելու համար, նախ պետք է վստահ լինել, որ նա գիտի է «ռազմավարություն» բառի իմաստը: Որովհետև, եթե իմանար՝ Հայաստանը գոյաբանական սպառնալիքների առջև չէր կանգնեցնի: Ավելի խորանալով նրա բանավեճային առաջարկի ձևակերպումների մեջ, այնպիսի տպավորություն է, որ Նիկոլի մոտ ընդգծված տագնապ կա ոչ այդքան Արցախի դեմ գործած իր մեղքերի, որքան ապագայում ՀՀ-ին սպառնացող ավելի մեծ աղետի մասով: Ենթադրաբար, նա արդեն գիտակցում է, որ «Արցախը հանձնենք՝ հանգիստ ապրենք» դավադիր գաղափարը շատ ավելի ծանր բեռի տակ է դրել Հայաստանի կառավարությանն ու հայ ժողովրդին: Ամբողջովին տապալված ու ամեն ինչում ձախողված ղեկավարը, կարծես թե լատենտ օգնություն էր խնդրում երկրի ամենափորձառու մարդկանցից՝ նախկին նախագահներից: Իսկ իմաստ ունի՞ արդյոք ապագայի մասին, հրապարակային խոսակցություն ծավալել և խորհուրդներ տալ մի մարդու, ով 2021թ. բոլորին խոստանում էր, որ «Ապագա կա»: Իմաստ ունի՞ արդյոք, որևէ բան քննարկել մի մարդու հետ, ով հանուն իշխանության պատրաստ է տրորել ցանկացած կարմիր գիծ, պատրաստ է զոհել հազարավոր կյանքեր, կարող է իր կայացրած քաղաքական որոշումների պատասխանատվությունից խուսափել ու այլոց մեղադրել: Իր իշխանության վեց տարիներին, ճակատագրական որոշումներ կայացնելիս Նիկոլի մտքով ինչո՞ւ չի անցել խորհրդակցել նախկին նախագահների հետ՝ դրանց հետևանքների մասին: Եվ վերջապես, ինչո՞ւ է Փաշինյանը նախագահներին հիմա հրավիրում ապագայի ռազմավարության մասին խոսելու... «Խաղաղության խաչմերուկն» ու Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացն այլևս հուսադրող չէ: Ձախողվել և/կամ տապալվել է երկրի անվտանգության կոնցեպտը, արտաքին հարաբերություններում լիակատար քաոս է, տարածաշրջանում կարող է պայթել նոր պատերազմ, տնտեսությունը սկսել է ծանր շնչել, աճում է ՀՀ կառավարությունից քաղաքացիների դժգոհությունը, ՔՊ-ում սկսել են չենթարկվել և այլն... Այս իրավիճակում, նա պետք է ոչ թե հրապարակային բանավեճի հրավիրի (իմանալով, որ չեն գնալու) և ձեռքի հետ էլ փորձի էժան դիվիդենտներ փախցնել, այլ, վաղուց պետք է խնդրագիր ուղարկեր նախկին նախագահներին և ճգնաժամային կառավարման խորհուրդ ձևավորելու առաջարկությամբ հանդես գար: Այսօր գոնե Արցախի հետպատերազմյան մասը կպահպանվեր, Սյունիքին սպառնացող վտանգները կչեզոքանային ու այսքան աղետալի վիճակում չէին լինի Հայաստանի գործերը: Կընդունեին առաջարկը թե, ոչ՝ այլ հարց է»: