«Ամանորը Հայաստանում նշել-չնշելու մասին». Յաշա Սոլոմոնյան
194
Այսօր, 02:12
Ճամփորդական ակումբի հիմնադիր Յաշա Սոլոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամանորը Հայաստանում նշել-չնշելու մասին։ Վերջին տարիներին հաճախ է քննարկվում այս հարցը, ես կասեի՝ անգամ ծամծմվում։ Հարցին անդրադառնում են ոլորտային փորձագետներ, լրագրողներ, քաղաքական գործիչներ, պետական պաշտոնյաներ և այլն։ Հնչում են տարատեսակ կարծիքներ, արվում վերլուծություններ՝ ըստ էության, երբեմն էլ՝ աբսուրդի հասնող։ Փորձեմ մի քանի փաստերի և տվյալների վրա հենվելով՝ հնարավորինս փակել այս թեման։ Հուսամ՝ այն օգտակար կլինի թե՛ ոլորտային գործընկերներին, թե՛ տարատեսակ պաշտոնյաների, ովքեր թմբկահարում են հարցը՝ առանց խնդրի էության մեջ խորանալու։ Իրականում այստեղ խնդիր էլ չեմ տեսնում։ Տրամաբանական երևույթի հետ գործ ունենք։ Նախ սկսենք նրանից, թե Հայաստանում ընդհանուր առմամբ քանի հյուրանոցային մահճակալ ունենք, ասել է, թե քանի մարդ կարող է գիշերել բոլոր հյուրանոցներում միաժամանակ։ Համացանցում որոշ վիճակագրական տվյալների ուսումնասիրություններից դուրս բերեցի մոտարկված - միջինացված թիվ՝ 22.000, որի առնվազն 1/3-ը գտնվում է մայրաքաղաք Երևանում։ Այսինքն, Երևանից դուրս մենք ունենք մոտ 14.000 հյուրանոցային մահճակալ։ Այս թվի մեջ ընդհանուր ներառում են հյուրանոցները, հյուրանոցատիպ հանգրվանները, առողջարանները, հանգստյան տները, հյուրատները և այլն։ Այժմ, եթե որպես ելակետ վերցնենք միայն Երևան քաղաքի բնակչությունը, ապա ստացվում է, որ մեր մարզերն, ընդհանուր առմամբ, կարող են գիշերակաց տրամադրել Երևան քաղաքի բնակչության ընդամենը 1․3%-ին։ Այն էլ, եթե Երևանցիները որոշեն անխտիր զբաղացնել բոլոր մարզերի բոլոր գիշերակացի հնարավորությունները։ Բայց հասկանում եք չէ՞, որ Ամանորին բոլոր մարզերը - բնակավայրերը - հյուրանոց - հյուրատները չեն, որ գայթակղիչ են։ Ամանորը միայն ուտել - քնելը չէ։ Ժամանակները փոխվել են։ Մարդիկ հետաքրքիր ժամանց են փնտրում, գեղեցիկ միջավայր են ուզում։ Ձեռքներդ դրե՛ք սրտներիդ։ Բացի Երևանի ու մի քանի այլ խոշոր քաղաքների կենտրոնական հրապարակ-փողոցներից, որևէ այլ տեղ կա՞ Ամանորի շունչ, ինչ-որ հետաքրքիր առաջարկ, զբաղմունք։ Չկա՛։ Ի սեր Աստծո՛։ Հիմա չսկսեք, թե բա գյուղական կյանք՝ լավաշ, բոքոն, պանիր, կաթ-մածուն։ Դրանով հայ մարդուն շատ դժվար է զարմացնել և հետաքրքրել։ Ավելին, կիսաջեռուցվող հյուրատների նախաճաշին հրամցվող էժան յոգուրտներն ու անհասկանալի ծագման նրբերշիկները բացարձակ ոչ մի ամանորյա տրամադրություն չեն ապահովում։ Էլ չեմ ասում, որ այդ հյուրատների պատերից դուրս «դասական» հայկական գյուղերն ու գյուղաքաղաքներն են՝ ցեխոտ, անհրապույր ու անխնամ փողոցներով, գիշերային լուսավորության բացակայությամբ ու գորշությամբ։ Այ քեզ՝ Happy New Year!!! Իսկ ահա համեմատաբար ինչ-որ զբաղմունք, միջավայր, որակ առաջարկող և ապահովող հյուրանոցներում էլ բախվում ես անտրամաբանական, ես կասեի՝ «սրտաբանական» գների։ Բայց սա էլ է նորմալ, կա՝ պահանջարկ, կա՝ առաջարկ։ Ինչպես վերևում արդեն նշեցի, ստացվում է որ Ամանորին մեր գիշերակացի առաջարկները խոշոր մաղով անցկացնելուց հետո, հնարավոր կլինի գիշերակաց ապահովել Երևան քաղաքի բնակչության առավելագույնը 0.5%-ի համար։ Բա մնացա՞ծը։ Դե մնացածն էլ, բնականաբար, փորձում են ավելի մատչելի և հետաքրքիր այլընտրաք փնտրել՝ ՀՀ սահմաններից դուրս։ Եվ դա ավելի քան նորմալ է։ Համաձայն վիճակագրական ծառայության տվյալների՝ միայն 2019-2020 թ․ 47․039 ՀՀ քաղաքացի Նոր Տարվա տոներն անցկացրել է Վրաստանում։ Դե նախորդ Ամանորի մի քանի կիլոմետրի հասնող հերթը հայ-վրացական սահմանին կարծում եմ հիշում եք։ Էլ չենք խոսում այլ ուղղություններով մեկնող հազարավոր քաղաքացիների մասին։ Այսպիսով, պարզ մաթեմատիկական հաշվարկը ցույց է տալիս, որ Ամանորը տանից դուրս նշել ցանկացող ՀՀ քաղաքացիների թիվը մի քանի անգամ գերազանցում է ՀՀ հյուրանոցային տնտեսություններում մահճակալների ընդհանուր թվին։ Իսկ գին-որակ հարաբերակցությունը և հրապուրիչ առաջարկների քանակը, մեղմ ասած, բավարար և գոհացուցիչ չէ։ Հետևություն։ Լրիվ նորմալ է, որ մեր քաղաքացիները մեծ քանակով արտերկրում են նշում Ամանորյա տոները։ Առհասարակ նորմալ չէ՝ այս թեման տարբեր մակարդակներում այսքան քննարկելը ու հատկապես դա մեր քաղաքացիների «պակաս հայրենասիրության» ծիրում դիտարկելը։ Հուսամ՝ այսպիսով կփակենք այս թեման։ Բոլորիդ գալիք Ամանորը շնորհավոր՝ անկախ նրանից, թե որտեղ և ինչպես եք այն պատրաստվում նշել»։