Օգտատեր Տիգրան Ղարդաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոչինչ չի աշխատում: Երևանի քաղաքապետարան, Տիգրան Ավինյան, Հայկ Կոստանյան, Telcell Wallet, լսո՞ւմ եք. ոչինչ չի աշխատում: Էսօր 2025 թվականի հունվարի հինգն ա, ու ես որոշեցի փորձարկել քաղաքապետարանի առաջարկած տրանսպորտի նոր փաթեթները: Այո, վերջերս որոշվել էր մինչեւ փետրվար երկարաձգել միանգամյա 100 դրամանոց տոմսերի հնարավորությունը, բայց դրանք գործելու էին «նոր փաթեթների հետ միաժամանակ» եւ զուտ «անցումային շրջանը քաղաքացիների համար հնարավորին դյուրին կազմակերպելու գործընթացով»: Ինձ հետաքրքեց, թե ինչպես ա պրոցեսը կազմակերպած, ու որոշեցի փորձարկել բոլոր առաջարկած տարբերակները: Կրկին՝ ԲԱՑԻ QR ՏՈՄՍԵՐԻՑ, ՈՒՐԻՇ ՈՉԻՆՉ ՉԻ ԱՇԽԱՏՈՒՄ: Խնդիրների մի մասը, հավանաբար, մինչեւ փետրվար կլուծվի-կշտկվի, բայց, ա՛յ սիրելի քաղաքապետարան (ու չսիրելի Telcell), բա սենց գործ անո՞ւմ են: 1. Բանկային քարտերով վճարումը, որի մասին արդեն մի ամսից ավելի ա՝ հայտարարվել էր, էսօր չէր աշխատում: Մի քանի ավտոբուսի մեջ եմ փորձել, ու ամենուրեք վալիդատորը հանում էր էդ անճոռնի ահաբեկող բարձր ձայնը: Խնդրի հետ միայն ես չեմ, որ բախվել եմ: Ֆրուստրացիայի աստիճանը ավտոբուսների մեջ էսօր բավականին բարձր էր, հատկապես, երբ մարդիկ չեն հասկանում՝ քարտի մեջ գումար չկա՞, գուցե սխա՞լ են տեղադրում քարտը, թե՞ ընդհանուր տեխնիկական խոտան կա: Բա վալիդատորի էս խայտառակող մռնչոցից հետո հիմա ի՞նչ դեմքով են ավտոբուսից օգտվելու: 2. Տրանսպորտային քարտը եւս չէր աշխատում (նկարի մեջ՝ ձախ քարտը): Արժի 500 դրամ, տրվում ա Telcell-ի հատուկ տերմինալների կողմից (ենթադրում եմ, սովորական տերմինալներից տարբերվում են ճակատային մասով): Ձեռքբերման մեխանիզմը հետեւյալն ա. - Գնում ես քարտը, - Գրանցվում ես քաղաքապետարանի հատուկ կայքէջում, - Նշելով գնածդ քարտի համարները՝ քաղաքապետարանի էջից գնում ես քեզ դուրեկան փաթեթը՝ կցելով այն քարտին: Փորձարկման նպատակով գնեցի 10 տոմսանի փաթեթ (2200 դրամ), կցեցի քարտին, մոտիկացրեցի վալիդատորին... Կարմիր էկրան ու մռնչոց: Առկա ա նաեւ այլ խնդիր. չկա միջոց պարզելու, թե գնածս քարտի մեջ քանի տոմս ունեմ կամ մինչեւ ամսի քանիսն ա իմ փաթեթը ակտուալ: 3. Կա եւս մի տարբերակ (կրկին քաղաքապետարանի կայքէջով): Բանկային քարտդ սարքում ես տրանսպորտային քարտ: Կարեւորը՝ NFC ունենա (հավանաբար՝ անգամ էական չի, որ գործող բանկային քարտ լինի): Ձեռքբերման պրոցեսը նույնն ա, ինչ նախորդ կետում նշել էի: Վալիդատորը քարտի համարները տեսնելուն պես դրան վերաբերվելու ա ոչ թե որպես բանկային քարտ, այլ որպես տրանսպորտային քարտ: Էդ ամենը տեսականորեն, որովհետեւ փորձելուցս հետո (էս անգամ էլ միօրյա 900 դրամանոց փաթեթով) ոչինչ չաշխատեց: 4. Telcell-ի ծրագրի մեջ ուղղակի գոյություն չունեն նոր փաթեթների QR տարբերակները, իսկ դրանք խոստացվել էին հունվարի մեկից (ու նաեւ ավելի էժան գնով): Ի դեպ, պարզ չի՝ ինչո՞ւ են QR փաթեթները ավելի էժան: Ի սկզբանե թվում էր, որ քարտով տարբերակներն ավելի թանկ են, որովհետեւ քարտի արժեքը մտնում ա տոմսի գնի մեջ, բայց, ինչպես վերը նշեցի, քարտը կամ առանձին գնվում ա, կամ տրամադրվում ա քո կողմից... ------------------- Քաղաքապետարանի էջում նշված ա հեռախոսահամար (1-05), որով կարելի ա դիմել խնդիրների առկայության դեպքում: Այստեղ պնդեցին, որ քարտերը նախատեսված են փետրվարից աշխատելու համար: «Ու դե մի հատ թող ամսի յոթը գա, տեսնենք ինչ ա լինում»: Սա հակասում ա քաղաքապետարանի տրամադրած պաշտոնական տեղեկատվության հետ. բազմիցս ասվել ա, որ նոր փաթեթները հասանելի կլինեն հունվարի մեկից: Իսկ քաղաքապետարանի ֆբ էջի երեկվա հոլովակը (ոգեշունչ corporate երաժշտության ներքո) պնդում էր, որ փաթեթները արդեն իսկ հասանելի են իրենց կայքէջում: Զանգեցի նաեւ Telcell-ի հեռախոսահամարով (8830՝ նշված վալիդատորի կարմիր էկրանին)՝ «Այս պահին բոլոր օպերատորները զբաղված են»: ----------------- Ես պրինցիպիալ դեմ չեմ գների բարձրացմանը: Բայց ոչ հանրային տրանսպորտի էսպիսի կիսատ-պռատ վիճակում: Ու խոսքը միայն վճարման խնդիրների ու deadline-ները բազմիցս խախտելու մասին չի. տրանսպորտի քանակը ակնայտորեն քիչ ա. դրանք ծանրաբեռնված են, գալիս են բավականին մեծ ինտրերվալով, իսկ ժամը 21:00-ից հետո շատ համարներ ուղղակի անհասանելի են: Սրա հետ կապված՝ խոստացվել էր, որ 171 նոր ավտոբուսների մուտքով (որոնք դեռ անցած տարի պետք ա գծի մեջ լինեին) վիճակը պետք ա բարելավվի, սակայն հիմա հայտարարվում ա, որ նոր ավտոբուսները եկել են փոխարինելու հին ու մաշված շարժակազմը... Ի դեպ, վերոնշյալ նոր խմբաքանակ ավտոբուսները Yandex քարտեզում դեռեւս չեն երեւում (դա եւս խոստացված էր): Վերադառնալով վճարման խնդիրներին՝ ինձ համար մնում ա առեղծված, թե ինչու ա էս ամենը վստահվել նման գործի մեջ փորձ չունեցող Telcell-ին: Ավելին՝ եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, քաղաքապետարանի կողմից հայտարարված վճարման օպերատորի մրցույթի ժամանակ նմանատիպ աշխատանք նախկինում կատարած լինելը (էն էլ մի քանի անգամ) գլխավոր պայմաններից մեկն էր»: