«Վերջին վեց տարում մեր երկրում որևէ գործարան, որևէ ռազմավարական օբյեկտ կառուցվե՞լ է». Նորիկ Նորիկյան
187
Երեկ, 02:12
«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորիկ Նորիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Խոսենք փաստերով․ եթե ինչ-որ բան արած լինեին, վստահ եմ՝ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ հեծանիվ քշելուց կխոսեր այդ մասին․ միակ «Զարմանալի» փաստն այն է, որ 7 տարի պահանջվեց՝ կողմնորոշվելու համար, որ Ամուլսարը շահագործվելու է․․․ Հետաքրքիր է՝ գործող իշխանությունը կարո՞ղ է մատնանշել, թե վերջին վեց տարում մեր երկրում որևէ գործարան բացվե՞լ է ու ներկայումս այն արդյունավետորեն աշխատո՞ւմ է, թե՞ ոչ: Առհասարակ, Նիկոլ Փաշինրանի օրոք որևէ ռազմավարական օբյեկտ կառուցվե՞լ է, թե՞ ոչ… Խոսենք փաստերով․ 1. 2018թ․ նոյեմբերի 26-ին Թալինում նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Առաջիկայում Սեւանում շաքարի գործարան է բացվելու։ Մինչ օրս այդ գործարանը բացվում է։ 2. 2018թ․ դեկտեմբերի 7-ին Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզի Մերձավան համայնքում ներկա է գտնվել «Այ Էմ Ջի գրուփ» ՓԲԸ-ի՝ կենցաղային տեխնիկայի արտադրության գործարանի բացմանը: Այն հայ-լիբանանյան-սիրիական համատեղ ներդրումային ծրագիր է: Նախնական կապիտալ ներդրումը և գործառնական ծախսերը կազմում են 4.5 մլն ԱՄՆ դոլար: Սկզբնական փուլում գործարանը կունենա 70-80 աշխատատեղ և տարեկան կարտադրի 126 հազար միավոր կենցաղային տեխնիկա՝ հեռուստացույց, լվացքի մեքենա, օդափոխիչ, սառնարան և տեխնիկա: Նախատեսվում է, որ գործարանը կսպասարկի ոչ միայն Հայաստանը, այլ նաեւ տարածաշրջանի եւ ԱՊՀ երկրները: Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում կենցաղային տեխնիկայի արտադրության գործարանի հիմնումը և նշել, որ կառավարությունը շարունակելու է աջակցել Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում ներդրումային ծրագրերի իրականացմանը: 3. 2019թ․ հունիսի 6-ին ՀՀ Կառավարությունը տարածեց հաղորդագրություն, որ Հայկական արտադրության հեռուստացույցներն արդեն վաճառքում են: Հայաստանից, Սիրիայից եւ Լիբանանից գործարարները 4,5 միլիոն դոլարի ներդրում են արել: Կառավարությունն ընկերությանը մաքսային արտոնություն է տրամադրել։ Գործարանի 14 աշխատակիցները օրական մինչեւ 300 հեռուստացույց են հավաքում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում գնել հայկական արտադրության հեռուստացույցները՝ «Ֆեյբսուք»-ի իր էջում տեղադրելով ՀՀ կառավարության լրատվական ծառայության պատրաստած տեսանյութը: 4. 2020թ․ հուլիսի 7-ին Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանում բացված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս: Վարչապետին տեղեկացվել է, որ արտադրամասում տարեկան արտադրվելու է 50 հազար միավոր ինքնաձիգ։ Նախատեսված է նաև նանո մանրաթելերի, ինչպես նաև նանո մանրաթելից տարբեր իրերի արտադրություն, մասնավորապես՝ արտադրվելու են օպտիկա-էլեկտրոնային սարքեր, գիշերային ջերմային նշանոցներ: Ամբողջական փորձարկումից հետո կսկսվի արտադրությունը և մեկ տարվա ընթացքում կբավարարվի ՀՀ Պաշտպանության նախարարության պահանջարկը: Արտադրանքի մի մասը կհամալարի ՀՀ Զինված ուժերը, իսկ մյուսը կարտահանվի: Վարչապետ Փաշինյանը կարևորել է մեր երկրում «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրության հիմնումը և այն գնահատել Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմարդյունաբերության ոլորտում սերտ համագործակցության արդյունք: 5. Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք հայտարարվեց, որ Հայաստանում «Սեպուհ-1» ընկերության կողմից հավաքվելու է կորեական SsangYong ընկերության կողմից արտադրվող Tivoli և Rexton անվանմամբ ավտոմեքենաներ։ Թե ինչ եղավ, այդ արտադրությունը, հայտնի չէ։ 6. 2022 թվականի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը հայտարարել է, որ լոգիստիկ ենթակառուցվածքներ զարգացնելու նպատակով Գյումրիում չոր նավահանգիստ են կառուցելու։ Այն արագ հաղորդակցություն ու կապ է ստեղծելու վրացական երկու՝ Բաթումի և Փոթիի նավահանգիստների հետ։ 2024թ․ դեկտեմբերի 30-ին Շիրակի նորանշանակ մարզպետը հայտարարել է, որ Գյումրիի «Չոր նավահանգիստ» ծրագիրը դեռ արդիական է: Այս մասին այսօր լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց Շիրակի նորանշանակ մարզպետ Դավիթ Առուշանյանը: «Այս կոնցեպտը կա, այս ծրագիրը փոխկապակցված է սահմանների բացման հետ: Ծրագիրը կա, և ամեն հարմար պահի դրա հետ կապված քննարկումներ են լինում։ Եթե ներդրումներ են գալիս, նրանց առաջարկվում է ներդրումներ անել հենց այս ծրագրում: Այնպես որ, այս ծրագիրը կա ու մնում է արդիական»: Այլ կերպ ասած, մինչ օրս այդ նավահանգիստը կառուցված չէ։ Հ․Գ․ Ակնհայտ է, որ վերը նշված ոլորտներում նույնպես տեղի է ունեցել իսկական տապալում։ Սակայն, ճիշտ կլիներ, որ գործող իշխանությունը շուրջ 7 տարի կառավարելուց հետո խոսեր, թե առհասարակ ի՞նչ է արել իրենց կախված Հայաստանի երբեմնի արդյունաբերական հսկաներ «Նաիրիտ» և «Վանաձոր Քիմպրոմ» գործարանները շահագործելու, նորանոր շուկաներ որոնելուն ու գտնելուն, նորանոր ներդրողներ Հայաստան բերելու և արտադրական բում ստեղծելու համար։ Միանգամից կարելի է ասել՝ ոչինչ։ Եթե ինչ-որ բան արած լինեին, վստահ եմ՝ Նիկոլ Փաշինյանը ամեն օր հեծանիվ քշելուց կխոսեր այդ մասին։ Միակ «Զարմանալի» փաստն այն է, որ 7 տարի պահանջվեց՝ կողմնորոշվելու համար, որ Ամուլսարը շահագործվելու է»: