Ուրբաթ, 10 հունվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Փասադենայում, աղետը դեռ տաք, կյանքը քիչ֊քիչ վերականգնվում է»․ Կարինե Փանոսյան

«Փասադենայում, աղետը դեռ տաք, կյանքը քիչ֊քիչ վերականգնվում է»․ Կարինե Փանոսյան
145
Այսօր, 10:06

Զբոսավար Կարինե Փանոսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ Փասադենայից․ «Այսօր վերադարձանք տուն։
Հեռվից նշմարվում էր՝ սարի վրա դեռ կրակ կա, տարբեր կողմերից ծխում է։
Էլեկտրաէներգիան քաղաքում, աղետը դեռ չմարած, մասնակիորեն վերականգնվել է, բայց թեժ գոտուց ավելի հեռու թաղամասերում։ Մեզ մոտ դեռ ոչ։
Քաղաքի փողոցներում փոթորկի հետևանքով դեռ թափված ճյուղեր, տերևներ կան, բայց մաքրում են։
Շատ տներ քամուց վնասվել են, կամ տների ցանկապատերը, ծաղկանոցներն են վնասվել։
Ինտերնետը նույնպես անջատված է։ Հույս ենք փայփայում, որ արագ կվերականգնեն։
Քայլեցի մեր փողոցով վեր՝ դեպի հյուսիս։ Մեր տնից մոտ 150 մ այն կողմ Նյու Յորք փողոցն է, որից հյուսիս՝ դեպի աղետի թեժ գոտի, բոլոր խաչմերուկները փակ են։ Ոստիկանները դեղին ժապավեններով գոտիավորել են, թողնում են միայն այդ հասցեների բնակիչներին՝ ստուգելով փաստաթղթերը։ Այլ մարդիկ չեն կարող քայլել այդ կողմ։
Մի քանի մարդ ոստիկանների հետ բուռն զրույցի էր բռնվել, կարծես թե ուզում էին արգելված գոտի մուտք գործել, սակայն՝ մինչև ականջները զինված ծառայողները հստակ գիտեին իրենց անելիքը։ Այդ պահին, երբ շփվում էի, նորից տագնապի ահազանգ եկավ, ոստիկանն ասաց.
֊ Տեսե՛ք, սրա համար ենք ասում։ Ձեր անվտանգության նպատակով է։
Թեև Նյու Յորքից այրված տները չեն երևում, բայց դիմացի մայթին թփերի տերևները, մայթերն ու ցանկապատերը մրով են պատված։ Օդում թաց մոխրի օդն է ճնշում, ու ձյան փաթիլների պես մոխրի թերթերը լողում են ներքև։
Խաչմերուկներից մեկում, թեև այրված տները չերևացին, բայց նկարեցի այրված ցանկապատ ու թփեր։ Ոստիկաններն ասացին, որ հրդեհի բռնկման վայրերից է եղել, բայց հասցրել են կանխել։
Սարի վրա հրդեհը չի մարել, պարբերաբար զգուշացնող ազդանշանները դա են վկայում, սակայն տագնապ չկա, կրակը քիչ֊քիչ մարում է Իթոնի տարածքում։
Բակերի առջև կարելի է հանդիպել շշերով ջուր, սնունդ, հագուստ, որոնք կամավորները հավաքում են կարիքն ունեցողների համար։ Որոշ մարդիկ էլ տան առաջ պատահական կենդանիների համար են կեր ու ջուր դրել։
Նախազգուշացնող զանգեր ու նամակներ են ստանում քաղաքացիները իշխանությունների կողմից՝ 24 ժամվա ընթացքում էլեկտրասնուցումը կվերականգնվի, ծորակի ջուրը որևէ նպատակով չօգտագործել սննդի մեջ՝ թունավոր է։
Այսպես, գոնե Փասադենայում, աղետը դեռ տաք, կյանքը քիչ֊քիչ վերականգնվում է։
Մի շաբաթից քաղաքացիները, որոնք առանձնապես չեն տուժել, էլ չեն զգա աղետի ազդեցությունը։ Պետությունն իր վրա կկրի բոլոր խնդիրների լուծումը, իսկ թե ոնց տակից դուրս կգա՝ քաղաքացու հոգսը չի։
Այս երկրում քաղաքացին գիտի, որ կարող է վստահել համակարգին, ուստի, ԱՄՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՎՍՏԱՀՈՒՄ Է ԻՐ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ»։

Աղբյուրը`   Կարինե Փանոսյան