Կիրակի, 26 հունվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Փողերը կհայտնվեն խոշոր պաշտոնյաների բանկային հաշիվներին»․ Ոսկան Սարգսյան

«Փողերը կհայտնվեն խոշոր պաշտոնյաների բանկային հաշիվներին»․ Ոսկան Սարգսյան
314
Երեկ, 15:24

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լրատվամիջոցները բնակչությանը ավետիս են անում՝ Համաշխարհային բանկը 1,7 մլրդ դոլար կներդնի Հայաստանում։
Համաշխարհային բանկի խմբի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանի համար նոր՝ հնգամյա գործընկերության շրջանակը։ Բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ծրագրի նպատակն է նվազեցնել աղքատությունը և նպաստել աշխատատեղերի ստեղծմանը և կայունության բարձրացմանը: Նշվում է, որ Հայաստանը զարգացման զգալի հաջողությունների է հասել վերջին տարիներին։ Այնուամենայնիվ, ենթակառուցվածքների բացերը, ներքին և օտարերկրյա ներդրումների ցածր մակարդակը և գործազրկության բարձր մակարդակը շարունակում են մնալ աճի հիմնական մարտահրավերները: Հայաստանում կրթության և առողջապահության անհավասար արդյունքները սահմանափակումներ են ստեղծում զբաղվածության և արտադրողականության վրա: Սոցիալական պաշտպանության համակարգը պահանջում է բարեփոխումներ՝ ճգնաժամի ընթացքում խոցելի խմբերին ավելի լավ բացահայտելու և աջակցելու համար:
Հայաստանի բնակչության մեջ շատերը չգիտեն, որ Համաշխարհային բանկի տրամադրածը վարկ է, ոչ թե՝ դրամաշնորհ, Հայաստանին տրվող վարկերի տոկոսները տարեցտարի ավելանում են։ Ասում են՝ բարի ցանկություններով է սալակված դժոխքի ճամփան։ Հայաստանի անկախացումից հետո երկիրն ավելի քան 30 տարի «բարեփոխում են», սակայն ինչպես Ռուսաստանի օղորմածիկ վարչապետ Վիկտոր Չերնոմիրդինն էր ասում՝ ցանկանում էինք, որ լավ լինի, սակայն եղավ ինչպես միշտ։ Հայաստանի բարեփոխումների, գործազրկության կրճատման, կայունության ապահովման նպատակով տրվելիք 1,7 միլիարդ դոլար վարկի առյուծի բաժինը կխժռի կոռուպցիան, այդ մեծ փողերը ինչ-ինչ մեքենայությունների հետևանքով կհայտնվեն խոշոր պաշտոնյաների ու նրանց մտերիմների բանկային հաշիվներին։ Համաշխարհային բանկը լավ գիտի Հայաստանում կոռուպցիայի մեծ մակարդակի, տրամադրված վարկերը մսխելու մասին։ Սակայն ո՞վ է ասել, թե այդ բանկի նպատակը Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը, վարկային միջոցների արդյունավետ օգտագործումն է։ Իշխանությունը միլիոնավոր դոլարների վարկեր է վերցնում, որ այդ վարկերով անարդյունավետ աշխատող պետական բարձր պաշտոնյաներին պարգևավճարներ բաժանի։ Համաշխարհային բանկը վարկային կազմակերպություն է, իրենց տված փողերը՝ տոկոսներով հանդերձ Հայաստանից հանելու են, իսկ իշխանությունն այդ գումարները հանելու է ժողովուրդջանի տանջված ջանից, հարկերի ու տուրքերի ավելացման, նոր հարկերի սահմանման միջոցով։ Վարկային բեռի տակ կքած Հայաստանի արտաքին պարտքը, այսինքն՝ Արևմուտքի ֆինանսական կենտրոններից երկրի կախվածությունն ավելի է մեծանալու»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան