«Համ լացդ ա գալիս, համ՝ ծիծաղդ, համ՝ զայրույթդ»․ Հայկ Սահակյան
229
Երեկ, 16:24
«Քաղաքացիական որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Հայկ Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բնականաբար կարդացի ՀՀ Արտաքին հետախուզության ծառայության տարեկան զեկույցը՝ ռիսկերի մասին․ հակասական թուղթ ա՝ համ լացդ ա գալիս, համ ծիծաղդ, համ զայրույթդ։ Բայց մի քանի դիտարկում կանեմ ստորև։ Ի տարբերություն միջազգային կազմակերպությունների, ինչպիսիք են World Economic Forum կամ Transparency International, հետախուզական ծառայությունները հիմնականում չեն հրապարակում լայնամասշտաբ հանրային զեկույցներ: Սակայն ժողովրդավարական պետություններում որոշ զեկույցներ հասանելի են՝ թափանցիկությունն ապահովելու համար: Օրինակ MI5 (Մեծ Բրիտանիա) հաճախ հրապարակում է հանրային զեկույցներ, բայց ահաբեկչության սպառնալիքների վերաբերյալ: CIA (ԱՄՆ) հաճախ չի հրապարակում ամբողջական զեկույցներ, բայց որոշ տեղեկություններ կիսվում է՝ Կոնգրեսի լսումների միջոցով: Mossad (Իսրայել) հազվադեպ է հրապարակում զեկույցներ, բայց որոշ դեպքերում տրամադրում է ընդհանուր տվյալներ՝ կապված տարածաշրջանային սպառնալիքների հետ: SVR (Ռուսաստան) և MSS (Չինաստան) երբեք բաց և հանրային զեկույցներ չեն հրապարակում: Բովանդակային առումով ցածր կամ ոչ պրոֆեսիոնալ մակարդակ էր և տեղ-տեղ հակասող տրամաբանական եզրակացություններով։ Մասնավորապես շատ ճիշտ նշում է, որ 2023-2024 թվականներն աչքի են ընկել պետությունների ու վերպետական դերակատարների կողմից՝ խնդիրների քաղաքական և տնտեսական լուծումների փոխարեն ռազմական լուծումների գնալու գլոբալ միտումով և որ այդ միտումը 2025 թվականի ընթացքում կպահպանվի, բայց, չգիտես ինչու, Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական հարձակման հավանականությունը բարձր չեն գնահատում)) Ճիշտ է՝ նշել են՝ այս պահին, բայց երբ խոսում ես միտումների մասին, այս պահինը տեղին չէ, իսկ միտումի մասին միտումնավոր լռում են)) Հիմա պրոֆեսիոնալների մասին։ WEF-ը հանդես է եկել ավանդական տարեկան Global Risks Report (Գլոբալ ռիսկերի զեկույց) ով, և նշում են, որ Պետությունների միջև զինված հակամարտությունները (ներառյալ միջնահանգային պատերազմներ, քաղաքացիական պատերազմներ, պրոքսի պատերազմներ, հեղաշրջումներ և ահաբեկչություն) ճանաչվել են որպես 2025 թվականի ամենամեծ ռիսկը 33 գնահատված ռիսկերի շարքում: Զեկույցի 20-րդ էջում հստակ շարադրված է, որ EOS (Executive Opinion Survey) զեկույցում «զինված հակամարտություն»-ը, որը ներառում է միջպետական, ներպետական, պրոքսի պատերազմներ և հեղաշրջումներ, դասվում է աշխարհի առաջիկա երկու տարիների ընթացքում առաջացող 10 գլխավոր ռիսկերի շարքում: Այս ռիսկը առաջնային է 12 երկրի համար, այդ թվում՝ Հայաստան, Իսրայել, Ղազախստան և Լեհաստան: Ինչպես տեսնում եք, Հայաստանը աշխարհի 193 պետությունների մեջ հայտնվել ա թոփ 12-ում (ցավոք Եվրատեսիլում չենք): Հաշվի առնելով այս ամենը, կարծում եմ ճիշտ կլիներ, որ մեր Արտաքին հետախուզական ծառայությունը կամ լռեր, կամ էլ ճշմարտությունն ասեր՝ մեզ մոտիվացնելով, ստիպելով կամ հուշելով, որ պետք է պատրաստվել առաջիկա հակամարտություններին, դրանով իսկ նպաստելով վերոնշյալ ռիսկերի չեզոքացմանը և կառավարելի հուն հաղորդելուն»։