Հինգշաբթի, 30 հունվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

ՔՊ-ն «300» դրամն այլ տեղից է քերելու․ «Հրապարակ»

ՔՊ-ն «300» դրամն այլ տեղից է քերելու․ «Հրապարակ»
131
Այսօր, 09:12

«Հրապարակ»-ը գրում է․ «Տրանսպորտի ուղեվարձի թանկացումից կես քայլ «զադնի» դնելու որոշումը, պարզվում է, կայացվել է ՔՊ վարչության նախօրեի նիստում։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանից բացի, որը թանկացման համար երևանցիների գլխավոր թիրախն էր դարձել, վարչության այլ անդամներ ևս ընդունել են, որ իրենց տխուր օրեր են սպասվում, եթե հետքայլ չանեն:

Արձանագրել են, որ «ռեֆորմը» չեն կարողանում «կերցնել» ժողովրդին՝ որպես բարեփոխում, և կարող է իրենց դեմ ընդվզման մեծ ալիք բարձրանալ, ուստի պետք է զիջումների գնալ: Որոշվել է այդ գումարներն այլ՝ ավելի հնարամիտ ձևերով քերել ժողովրդից։ Օրինակ, տրանսպորտային երթուղիների վերակազմակերպմամբ կրճատել գծերի երկարությունները։ Որ քաղաքի մի ծայրից մյուսը գնալու համար ոչ թե մեկ ավտոբուս նստեն, այլ առնվազն 2-3, արդյունքում ծախսեն այնքան գումար, որքան թանկացնելու դեպքում կծախսեին։

Եվ որոշել են իջեցնել մեկ ուղեվարձի արժեքը։ Ուշագրավ է, որ վարչության նիստը դեռ չավարտված՝ Տիգրան Ավինյանը տարածեց տեսանյութ և քաղաքացիներին աչքալուսանք տվեց՝ շեշտելով, որ լսում է բոլորի քննադատությունները, կարդում եւ նման հետևության է հանգել։ Դրանից 1-2 ժամ հետո միայն ՔՊ-ական պատգամավորներն ակտիվացան, որոնք ընդամենը օրեր առաջ փրփրաբերան հիմնավորում էին տրանսպորտի թանկացման ծայր անհրաժեշտությունը, որ եթե չթանկացնեն, վերադառնալու ենք «մահվան գազելներին»: Ի դեպ, նիստում խոսել են նաև համընդհանուր հայտարարագրման գործընթացի մասին, որն առաջիկայում քննարկման թեմա կդառնա»։