Չորեքշաբթի, 27 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Լուրջ մտավախություն, որը ես ՊԱՐՏԱՎՈՐ եմ հանրայնացնել». Հայկ Դեմոյան

«Լուրջ մտավախություն, որը ես ՊԱՐՏԱՎՈՐ եմ հանրայնացնել». Հայկ Դեմոյան
58
Այսօր, 01:06

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նամակ հայ դիվանագետին, կամ «մաքուր պատմության» կեղտոտ էջերից
Այս գրառումը որևէ մեկին թիրախավորելու կամ վատաբանելու նպատակ չի հետապնդում: Այս գրառումով ես ընդամենը ցանկանում եմ, որ ի վերջո պարզենք, թե ովքե՞ր են այսօր ստանձնել մեր ու ապագա սերունդների անվտանգության համար պատասխանատու որոշումներ կայացնելու և փաստաթղթեր ստորագրելու իրավունքը: Ես կցանկանայի, որ յուրաքանչյուր հայ դիվանագետ և, վերջին հաշվով յուրաքանչյուր հայ, կարևոր մի հարց ձևակերպեր ու փորձեր պատասխան տալ դրան. արդյո՞ք կցանկանայիք, որ Հայաստանի Հանրապետության անունից այսպես կոչված «խաղաղության պայմանագիր» ստորագրող և նոր Սահմանադրություն գրող անձինք առնվազն կասկածվեին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում գողություն կատարելու մեջ:
Հակիրճ տեղեկանք
2006 թվականի աշնանը, ստանձնելով ՀՑԹԻ տնօրենի պաշտոնը, կարճ ժամանակում տեղեկացա, որ 2005 թվականին, թանգարանի հիմնանորոգման ժամանակ, ՀՑԹԻ նախկին տնօրեն Լավրենտի Բարսեղյանի օրոք թանգարանից գողացվել էին 19 միավոր խիստ արժեքավոր հնատիպ գրքեր: Իմ այն հարցին, թե ինչո՞ւ քրեական գործ չի հարուցել գողոնը հայտնաբերելու և թանգարանին հասցված վնասը վերականգնելու համար, Լավրենտի Բարսեղյանը պատասխանեց, որ չի ցանկացել աղմուկ լինի և ուղղակի հայտարարեց. «Էդ բոլոր գրքերը թանգարանի ասպիրանտներն են գողացել»:
Այդ տարի թանգարանում ասպիրանտներ են եղել Արարատ Միրզոյանն ու Վլադիմիր Վարդանյանը: 2007 թ. ամռանը գողությունների ու հափշտակությունների փաստով քրեական գործ հարուցելու ժամանակ երկուսին բնավ չէի ճանաչում: Չնայած որ Լավրենտի Բարսեղյանը, ով այդ ժամանակ իմ խորհրդականն էր, ընդդիմանում էր քրեական գործ հարուցելու իմ որոշմանը, այդպիսի գործ հարուցվեց, հարցաքննվեցին թանգարանի նախկին ու ներկա աշխատակիցներ:
Իմ ունեցած հավաստի տվյալներով, քրեական գործի շրջանակում հարցաքննվել էին նաև Արարատ Միրզոյանն ու Վլադիմիր Վարդանյանը: Արդյո՞ք հարցաքննության ընթացքում բռնություն է գործադրվել երկուսի նկատմամբ ցուցմունքներ կորզելու համար և արդյո՞ք իրավապահ մարմիններին հաջողվել էր պարզել գողոնի գտնվելու կամ իրացնելու վայրը, փաստեր չունեմ:
Սակայն անհերքելի փաստ է այն, որ նույն տարվա, նույն ժամանակահատվածում Արարատ Միրզոյանը հավաքագրվել է Ազգային անվտանգության ծառայության կողմից՝ ստանալով «օմեգա» կեղծանունը: Սա փաստ է, որը հաստատել է հենց ինքը՝ Արարատ Միրզոյանը: Հարգելով անմեղության կանխավարկածը, այդուհանդերձ, լուրջ մտավախություն ունեմ, որ ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահն ու ներկայիս արտգործնախարարը հավաքագրվել է գողություն կատարելու համար պատիժ չկրելու դիմաց: Կրկնում եմ, որ սա լուրջ մտավախություն է, որը ես ՊԱՐՏԱՎՈՐ եմ հանրայնացնել, որպեսզի բոլորս միասին իրազեկ լինենք, թե ովքեր են ստորագրում բոլորիս համար բախտորոշ փաստաթղթերը:
Ի դեպ, եթե Սյունյաց ազատատենչ հողն ու ջուրը նպաստեն, մեր դիվանագետներից գոնե մեկը հարց կարող է ուղղել Արարատ Միրզոյանին՝ այս պատմության բոլոր դրվագները, այդ թվում՝ հավաքագրման մանրամասնություններն ու հիմքերը հանրայնացնելու համար, որն, ըստ իս, խիստ կարևոր է հենց իր՝ Արարատ Միրզոյանի և նրա ընտանիքի անդամների բարի համբավի համար:
Կրկնում եմ հիմնական մտահոգությունս. մենք բոլորս պարտավոր ենք տեղեկանալ այս պատմության բոլոր մանրամասնություններին, հասկանալու համար, արդյո՞ք Արարատ Միրզոյանն ու Վլադիմիր Վարդանյանը (ովքեր նաև քավոր-սանիկական կապեր ունեն) ունեն այդ բարոյական իրավունքը Հայաստանի Հանրապետության անունից խաղաղության պայմանագիր ստորագրելու ՀՀ դեմ անթաքույց թշնամական վերաբերմունք ունեցող երկրի հետ և արդյո՞ք բարոյական իրավունք ունի հնարավոր գողության մեջ ներքաշված անձը՝ տվյալ դեպքում Վլադիմիր Վարդանյանը, նոր ՀՀ Սահմանադրություն գրել ՀՀ քաղաքացիների համար:
Հիշեցնեմ, որ Հայոց ցեղասպանության թանգարանում տարբեր տարիներին գողության, ավազակային ներխուժման, հաստատությանը նյութական վնաս հասցնելու և տարաբնույթ այլ հանցագործությունների մեջ հանցակցության մեջ իմ ցուցմունքներում մեղադրել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին ու ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին, վերջիններիս մասնակցությամբ 2018 թվականի հուլիսին իմ բացակայության ժամանակ ՀՑԹԻ տնօրենի սենյակ ներխուժելու դրվագով: Այս միջադեպից մեկ տարի առաջ՝ 2017 թվականի սեպտեմբերին նույն «սխրանքը» կրկնել էր ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, ով ընդդիմանալով իմ ու Գիտությունների ակադեմիայի ղեկավարության ցուցումներին, ներխուժել էր իմ աշխատասենյակ և ինքնակամ փոխել էր առանձնասենյակի դռան փականը: Այս միջադեպերի հետ կապված տեսագրությունները հանրայնացրել եմ՝ տրամադրելով դրանք նախաքննությունը վարող մարմիններին:
Այս և բազում այլ հանցագործություններ բացահայտելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ՀՑԹԻ նախկին ու ներկա տնօրեններ Հարություն Մարությանն ու Էդիտա Գզոյանը շատ հասկանալի պատճառներով որևէ քայլ չեն ձեռնարկել և իմ կողմից մեղադրվել են բացահայտ հանցակցության մեջ: Արդեն չորրորդ տարին է, ինչ 2021 թվականին հարուցված քրեական գործը չի մտնում դատաքննության փուլ՝ հայկական իրականության պայմաններից ելնելով՝ շատ հասկանալի պատճառներով…
Արդյո՞ք 2018 թվականի Արայիկ Հարությունյանի ու Հովհաննես Հովհաննիսյանի փողոցային գործելաոճն ու ինձ ոստիկաններով ու ԱԱԾ-ով սպառնալու հանգամանքները պայմանավորված են եղել իրենց թիմակիցների քինախնդրությամբ՝ 2007 թվականին հարուցված քրեական գործով հարցաքննվելու և բացահայտվելու առումով, համարում եմ ոչ այնքան կարևոր, մինչ կպարզվեն այս հանցագործություններին առնչվող առավել կարևոր դրվագները:
Ես չէի ցանկանա, որ տարիներ անց հայ դիվանագետները, իրենց հուշագրությունները շարադրելիս, ամոթխած շրջանցեին այս դրվագը և չարձանագրեին, թե իրականում ում ենթակայության տակ են աշխատել, այնպես ինչպես չէի ցանկանա, որ անհերքելի փաստերի հիման վրա ապացուցվեր իմ այն մտավախությունը, որ Արարատ Միրզոյանն ու Վլադիմիր Վարդանյանն իսկապես հավաքագրվել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում գողություն կատարելու, դրա դիմաց չպատժվելու և պատանդի կարգավիճակով հակապետական ու հակասահմանադրական «թավշյա» գործողությանը մասնակցելու համար»։

Աղբյուրը`   Հայկ Դեմոյան