Երկուշաբթի, 10 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Բանկերում անհուսալի վարկերի մեծ ծավալ կա, որը երկրի ֆինանսական կայունության տակ դրված բալիստիկ ռումբ է»․ Հրայր Կամենդատյան

«Բանկերում անհուսալի վարկերի մեծ ծավալ կա, որը երկրի ֆինանսական կայունության տակ դրված բալիստիկ ռումբ է»․ Հրայր Կամենդատյան
169
Երեկ, 13:06

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀՀ ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովը, ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր հարկաստեղծ Արման Պողոսյանը հանդիպել էին փոքր միջին ձեռնարկությունների ներկայացուցիչներին և քննարկել հարկային նոր փոփոխությունները։
ՓՄՁ-ի մի քանի ներկայացուցիչներ փորձեցին հին, չաշխատող ավանդույթով խղճահարություն առաջ բերել մարդկանց մոտ, որոնք զարմանալի հետևողականությամբ վերացնում են ՓՄՁ ոլորտը։ Ելույթ ունեցողներին պետական պաշտոնյա չարամիտները տալիս էին նույն հարցը։ Քանի տոկոս շահույթ ունեք և ինչու եք դեռ աշխատում, չարչարվում, եթե կարող եք ոչինչ չանել և ընդամենը ազատ կապիտալը ներդնել առևտրային բանկում և ստացված եկամտով ապրել գոհ ու երջանիկ փլվող տնտեսության երկրում:
Կարծես, թէ կա հստակ քաղաքական միտում բանկերի համար ապահովել նոր հաճախորդների հոսք հանձինս սննկացող տնտեսվարողների։ Իմիջայլոց այդ քաղաքական վարքագծի բաղադրիչ է նաև մինչև մեկ միլիոն դրամ անհուսալի վարկերի ունեցողների փոխարեն պետական բյուջեի եկամտային հարկի գումարների հաշվին բանկերին օգնելու նախաձեռնությունը։ Ընդհանրապես ի՞նչ է բանկը, ի՞նչ է նա իրականացնում և որն է նրա դերը տնտեսության մեջ։
Բանկ, դրամատուն (իտալ.՝ Banco բառից, թարգմանաբար՝ սեղան, նստարան, որի վրա փոխանակողները շարում էին դրամները), ֆինանսական կազմակերպություն, որը կենտրոնացնում է ժամանակավորապես ազատ դրամական միջոցները՝ ավանդներ ներգրավելու միջոցով և տեղաբաշում է դրանք՝ վարկերի, փոխառությունների տրամադրման, ավանդների տեղաբաշխման և ներդրումների իրականացման միջոցով։
Բանկն իրենից ներկայացնում է տնտեսության մի մասնիկը՝ տնտեսության կարևորագույն բաղադրիչ օղակներից մեկը, առանց որի անհնար է պատկերացնել ժամանակակից ապրանքադրամական տնտեսությունը։ Բանկային համակարգի զարգացումը ուղղակիորեն պայմանավորված է տնտեսության մեջ ապրանքադրամական հարաբերությունների զարգացման մակարդակով։ Բանկերը կատարում են ֆինանսական միջնորդի դեր դրամական միջոցների ժամանակավորապես ավելցուկ և դրանց նկատմամբ ժամանակավոր պահանջ ունեցող անձանց միջև։
Հայկական տնտեսական մոդելի մեջ սակայն բանկերը կտրվել են տնտեսությունից։ Ռուս ուկրաինական պատերազմի արդյունքում այդ խզումը ավելի խորացավ, որովհետև ներգաղթող վերաբնակիչները դարձան հայկական բանկերի զոհը։ Տասնապատիկ աճեցին հաշվի բացման, հաշվի սպասարկման, բանկային փոխանցումների, արժույթի կանխիկացման սակագները, որոնց արդյունքում հայկական բանկերը 2023 և 2024 թվականներին ստացան աստղաբաշխական շահույթներ։ Հիմա արդեն ներգաղթած սլավոնները հեռացել են, այլևս չկա այդ հարուստ անպաշտպան խավը, բայց բանկերը մտադիր չեն վերադառնալ նախկին սակագներին։ Եվ առաջանում է մի աննկարագրելի վտանգավոր իրավիճակ։ Հայկական բանկերի հաշվեկշիռներում կա անհուսալի վարկերի մեծ ծավալ, որը հիմնականում սպառողական վարկավորման բարձր տոկոսադրույքների պատճառով է գոյացել և որը երկրի ֆինանսական կայունության տակ դրված բալիստիկ ռումբ է։ Իրավիճակի ռիսկերը գնահատելու փոխարեն երկրի տնտեսական կյանքը իբր կարգավորող անձիք որոշել են սնանկացնել փմձ բնագավառը և տնտեսվարողներին հորդորում են ոչինչ չանել եվ ազատ կապիտալը ներդնել բանկերում որպես ավանդ՝ չգիտակցելով որ բանկն առանց տնտեսության իրական հատվածի դատապարտված է։ Կարծում եմ տնտեսությունը քանդող, տնտեսվարողներին միայն որպես ավանդատու տեսնող քպ-կան տնտեսական մոդելը շուտով փլվելու է, ավերակների տակ թողնելով անգրագետ կառավարիչներին, որոնք հետևողական կերպով քանդում են երկրի տնտեսությունը։ Ինչպիսի լուծում ենք առաջարկում։ Իրական լուծումներ կան, սակայն դրան կարելի է անդրադառնալ ներկա քաղաքական վարչախմբի հեռացումից հետո միայն։ Եվ ուրեմն վարչախմբի հեռացումը զարգացող Հայաստանի համար առաջին քայլն է ։Մնացյալը կկարգավորենք շատ արագ եվ արդյունավետ»: