Երկուշաբթի, 27 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Ռուսաստանը ձգտում է վերականգնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում»․ Սուրեն Սուրենյանց

«Ռուսաստանը ձգտում է վերականգնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում»․ Սուրեն Սուրենյանց
148
Այսօր, 14:30

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «Ապաշրջափակման ռուսական տարբերա՞կ․ Բաքվի «կառուցողականությունը»՝ Դուշանբեից հետո
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Ադրբեջանը համաձայնել է ռուսական բեռների տարանցմանը դեպի Հայաստան՝ իր երկաթուղային համակարգի միջոցով։
«Երկու օր առաջ ադրբեջանական կողմը հաստատեց իր երկաթուղիների օգտագործման հնարավորությունը՝ ռուսական բեռները Ադրբեջանի տարածքով Հայաստան տեղափոխելու համար։ Այս առումով մենք արձանագրել ենք նշանակալի առաջընթաց»,- նշել է Օվերչուկը։
Մի քանի օր առաջ էլ ղազախական ցորենը Հայաստան էր տեղափոխվել Ադրբեջան-Վրաստան երթուղով։
Արդյո՞ք սա կարելի է համարել Հայաստանի ապաշրջափակում:
Այս որոշումը կարելի է համարել ապաշրջափակման գործընթացի ուղղությամբ քայլ, սակայն այն դեռ չի նշանակում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցման ուղիները բացվել են։
Ադրբեջանը շարունակում է վերահսկել թե՛ տարանցման ծավալները, թե՛ բեռների տեսականին, ինչի հետևանքով հաղորդակցությունը գործում է խիստ սահմանափակ ձևաչափով և իհարկե՝ Վրաստանի միջոցով, այլ խոսքով՝ հայ- ադրբեջանական սահմանի բացման մասին խոսք անգամ չկա, գոնե՝ առայժմ։
Այնուամենայնիվ, սա իրական գործընթաց է, որը տասնամյակների ստատուս-քվոն փոխելու հնարավորություն է տալիս:
Ո՞վ է այս գործընթացի արտաքին «քավորը»:
Թեպետ վերջին ամիսներին ակտիվ էին արևմտյան միջնորդական փորձերը, սակայն, կարծես թե, Բաքվի այս որոշումը կայացել է Ռուսաստանի միջնորդությամբ (եթե չեմ սխալվում, նման վարկած օրեր առաջ զարգացրել էր իմ գործընկեր Հակոբ Բադալյանը)։
Ադրբեջանի որոշումը հաջորդեց Դուշանբեում կայացած ԱՊՀ գագաթնաժողովին, որտեղ Մոսկվան, ըստ ամենայնի, հանդես է եկել նոր գաղափարներով։
Օվերչուկի հայտարարությունը փաստում է, որ Ռուսաստանը ձգտում է վերականգնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում՝ վերահսկելով տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների հիմնական ուղղությունները։
Այն, ինչ արտաքինից կարող է ներկայացվել որպես Բաքվի ինքնուրույն որոշում, ըստ էության տեղավորվում է Մոսկվայի տարածաշրջանային հաշվարկների և քաղաքական ռազմավարության շրջանակում։
Իհարկե, գործող իշխանության ներկայացուցիչներն այս լուրը ներկայացնելու են էյֆորիկ, ակնհայտորեն նախընտրական շեշտադրումներով:
Եթե Հայաստանը չապահովի իր ինքնիշխան և հավասար մասնակցությունը, ապա այս գործընթացը կարող է վերածվել նոր կախվածության, այս անգամ՝ տնտեսական բնույթի։
Իրական ապաշրջափակումը տեղի կունենա միայն այն դեպքում, երբ Հայաստանը կկարողանա տնօրինել իր տարածքով անցնող հաղորդակցությունները՝ ինքնուրույն և գործընկերային սկզբունքներով, առանց արտաքին վերահսկողության։
Մի խոսքով, հնարավորությունների պատուհան կա, բայց այն արագ կարող է փակվել, եթե առարկայական բազմաշերտ աշխատանքի փոխարեն՝ լսենք իշխանության ներկայացուցիչների կենացները»: