Չորեքշաբթի, 26 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Փաշինյանի կառավարությունը CEPA-ն օգտագործում է որպես գործիք՝ Արևմուտքի վստահությունը շահելու համար»․ Արմեն Հովասափյան

«Փաշինյանի կառավարությունը CEPA-ն օգտագործում է որպես գործիք՝ Արևմուտքի վստահությունը շահելու համար»․ Արմեն Հովասափյան
110
Երեկ, 21:06

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փաշինյանի աշխարհաքաղաքական փակուղին և Հայաստանի ներքին բռնապետական դրսևորումները․
Հայաստանը ներկայումս կանգնած է քաղաքական լրջագույն ճգնաժամի առաջ, որը արտահայտվում է ինչպես արտաքին աշխարհում մեկուսացվածության, այնպես էլ ներքին դիկտատորական ռեժիմի ամրապնդման միջոցով։
Ամենօրյա ռեժիմով մենք ականատես ենք լինում, թե ինչպես են Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից ճնշվում ընդդիմադիր խոսքը, ազատ քննադատությունը և ժողովրդավարական ինստիտուտները։ Իշխանության ռեպրեսիվ գործողությունները գնալով խորանում են, քանի որ Փաշինյանը գիտակցում է՝ իր կառավարման հիմքերը օրեցօր թուլանում են։
Նրա իշխանության պահպանման գլխավոր մեթոդը ոչ թե իրական խնդիրների լուծումն է, այլ քննադատության խեղդումը։ Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, դասական բռնապետական տրամաբանություն է․ երբ իշխանությունն այլևս չի կարողանում հիմնավորել իր գործողությունները, սկսում է վերացնել ընդդիմադիրներին՝ իրավական կամ ոչ ֆորմալ լծակներով։
Փաշինյանն ակնհայտորեն հայտնվել է աշխարհաքաղաքական մանևրների փակուղում։ Նրա վերջին քայլերը՝ ԱՄՆ-ի հետ համագործակցության պայմանագրի ստորագրումը, Մյունխենում Օլաֆ Շոլցի հետ հանդիպումը, Վաշինգտոնում Էմանուել Մակրոնի «խայտառակ իրավիճակը», ցույց են տալիս, որ նա խաղադրույք է կատարել միանգամից մի քանի տարբեր ուժերի վրա՝ առանց հաշվարկելու, թե արդյոք այդ խաղադրույքները կյանքի կկոչվեն։
Փաշինյանի իշխանությունն աշխատում է ֆեյք օրակարգերի ստեղծման վրա՝ ներկայացնելով ցանկացած քայլ՝ որպես «պատմական ձեռքբերում», բայց իրականում այդ քայլերը ոչինչ չեն փոխում Հայաստանի արտաքին քաղաքական դիրքերում։
Արդյունքում նա ոչ միայն չի կարողանում ամրապնդել Հայաստանի դիրքերը, այլև մեկուսացված է դառնում բոլոր հիմնական խաղացողների համար։ Նրա գլխավոր գործիքը՝ հակառուսականության շահարկումը, արդեն սպառվել է, և այժմ նույնիսկ Արևմուտքը չի շտապում աջակցել նրան այնպես, ինչպես նախկինում։
Այս ամենի ֆոնին, այսօր Երևանում տեղի ունեցած ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե ինչպիսի իրավական քաոս և ինստիտուցիոնալ փլուզում է տիրում Հայաստանում։
Նիստի ընթացքում Հայկ Մամիջանյանը հստակ մատնանշեց, որ Հայաստանի դատաիրավական համակարգն ամբողջությամբ կախված է գործադիր իշխանությունից, և այսօր չկա որևէ անկախ ինստիտուտ, որը կարող է հավասարակշռել Փաշինյանի ռեժիմը։
Հատկապես պետք է ընդգծել, որ ՀՀԿ-ն ի սկզբանե հստակ գծել է իր մոտեցումները CEPA-ի (Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր) շրջանակում։
CEPA-ն այն հիմնական փաստաթուղթն էր, որով Հայաստանը Եվրոպայի հետ հարաբերությունների ինստիտուցիոնալ հիմքն էր դնում՝ առանց կտրուկ աշխարհաքաղաքական շրջադարձերի, առանց կեղծ օրակարգերի, առանց հակառուսական խարդավանքների։
Ի տարբերություն ՀՀԿ-ի քաղաքականության, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը CEPA-ն օգտագործում է բացառապես որպես գործիք՝ Արևմուտքի վստահությունը շահելու համար՝ միևնույն ժամանակ խախտելով դրա հիմնական սկզբունքները։
CEPA-ն ենթադրում էր դատաիրավական համակարգի անկախություն, ժողովրդավարության ամրապնդում, շուկայական տնտեսության զարգացում, սակայն այս ամենը Փաշինյանի օրոք վերածվել է հակառակ գործընթացի․ Հայաստանն անցնում է ավտորիտար կառավարման, կոռուպցիան աննախադեպ ծավալ է ստացել, իսկ տնտեսության հիմքերը խարխլվում են։
Այս ամենն ապացուցում է, որ Փաշինյանի կառավարությունը ոչ միայն չի կարողանում իրապես գործադրել CEPA-ի դրույթները, այլև օգտագործում է այն բացառապես Արևմուտքին մանիպուլացնելու համար։
Հայաստանն այսօր դարձել է հաշվարկների պակաս ունեցող, աշխարհաքաղաքական մանևրներ խաղացող, բայց միևնույն ժամանակ ներսում բռնապետական մեխանիզմներ կառուցող պետություն։ Փաշինյանը մեկուսացված է միջազգային ասպարեզում և իր վերջին հույսը սեփական իշխանությունը ցանկացած գնով պահելն է։
Սակայն այս գործընթացը երկար չի կարող շարունակվել։ Հայաստանն այս ձևաչափով գնալով ավելի խոցելի է դառնում թե՛ արտաքին ուժերի, թե՛ ներքին դիմադրության առումով։
Արդյունքում հարցն այլևս Փաշինյանի կարճաժամկետ մանևրների մասին չէ, այլ այն մասին, թե որքան ժամանակ կպահանջվի, որպեսզի Հայաստանը դուրս գա այս ինքնաոչնչացման ուղուց»։

Աղբյուրը`   Արմեն Հովասափյան