Հինգշաբթի, 06 մարտի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Դատական համակարգում լավ չեն աշխատում․ գերանդին առնենք, ընկնենք սրա, նրա հետևի՞ց»․ Նիկոլ Փաշինյան

«Դատական համակարգում լավ չեն աշխատում․ գերանդին առնենք, ընկնենք սրա, նրա հետևի՞ց»․ Նիկոլ Փաշինյան
180
Երեկ, 20:06

«Երեք տարի առաջ վարչապետի շարասյունը մահացու վրաերթի ենթրակեց հղի կնոջը, և երեք տարի անց մենք ունենք անընդհատ ձգձգվող դատավարություն, ունենք անհետացած ապացույցներ, ունենք մի իրավիճակ, երբ որևէ մեկը մեկ օր անգամ պատասխանատվություն չի կրել, անգամ աշխատանքից չեն ազատվել էդ մարդիկ»,- այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Այս ֆոնին Սոնա Մնացականյանի հայրն արդեն սիրտանոթային խնդիրներ ունի, վերջին նիստին հորեղբայրը կաթված է ստացել: Որևէ մեկը կարո՞ղ է տրամաբանական, հոդաբաշխ բացատրություն ներկայացնել, թե այդ ո՞նց է ստացվում, որ երբ հարցը վերաբերում է որևէ ՔՊ-ականի, օրինակ, ձեր ուղղությամբ խնձոր նետածին, օրինակ, Սամվել Վարդանյանին, միանգամից րոպեներ է տևում մարդկանց հայտնաբերելը, սովորաբար կալանավորելը ու պատիժը: Իսկ երբ հարցը վերաբերում այսպիսի դեպքերին, և պատասխանատվությունը ձեզ է վերաբերում, որևէ հետևանք դա չի ունենում: Ստանդարտների երկակիությունը, հովանավորչությունը, դատական գործերին միջամտությունը էլ ո՞նց է լինում, պոզով-պոչո՞վ է լինում»,- նշեց պատգամավորը։

Նիկոլ Փաշինյանն ի պատասպան նշեց. «Երբ դուք հարց տալիս ասում էիք, թե մեր դեպքում դատական համակարգը լրիվ այլ կերպ է գործում, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հետևից ասաց. «Էդ լո՞ւրջ եք ասում»: Որովհետև իր դեմ մահափորձի գործով մինչև այսօր որևէ մեկը դատապարտված չէ: Ես կարող եմ բերել իմ անձնական օրինակը, երբ մի շարք աղմկահարույց դեպքերով դատական համակարգում, այդ թվում Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպերով, իմ դեմ գործողություններ արած անձանց նկատմամբ անհասկանալի որոշումներ են կայացվել, որոնք ուղղակի ոչ մի մեկնաբանության չեն տրվում: Էլ չեմ ասում, որ տեսնում եմ՝ իշխանության ներկայացուցիչները դատարաններում հայցեր է, որ պարտվում են:

Գալիս եք այստեղ, ասում եք՝ բռնապետություն է, մարիոնետային դատական համակարգ է, մեկ էլ լուրերը կարդում ենք, տեսնում ենք մեր խմբակցության պատգամավորը դատական գործընթացում պարտվել է։ Էդ ո՞նց ա լինում»:Անդրադառնալով պատգամավորի նշած կոնկրետ գործին, Փաշինյանը նշեց, որ իր հեռախոսահամարը տվել է տուժողին, և նա վերջին անգամ իրեն գրել է 2022-ի հունիսի 6-ին:

«Հիմա դուք ինչի՞ եք ինձ ասում, դուք մի կողմից ասում եք՝ դատական համակարգը պետք է անկախ լինի․․․ Դուք ունե՞ք որևէ հիմք, որ ես որևէ միջամտություն եմ արել գործին․․․ Ես ասում եմ՝ բացառված է, չի կարող բնության մեջ այդպիսի հիմնավորում և ապացույց լինել․․․ Եթե մենք դատական միջամտություն անող լինեինք, մեր գործերով կանեինք այդ միջամտությունները:

Այն, որ իմ գործերով մարդիկ հանգիստ, ազատ իրենց համար պտտվում են, դա վկայում է այն մասին, որ ես այդ գործից հետո մի անգամ հեռախոսը չեմ վերցրել, մեկից մի բան չեմ հարցրել: Արդյունքում ստացվել է խայտառակ բան։ Սա խայտառակություն է։ Բայց մյուս կողմից դա ապացույցն է, որ ես ոչ մի անգամ հեռախոսը չեմ վերցրել և որևէ հրահանգ չեմ տվել: Լա՞վ եմ արել, թե՞ վատ: Լա՛վ եմ արել։

Ես դատական համակարգի ներկայացուցիչներին էլ եմ ասում, որ ես հասկանում եմ, որ դատական համակարգը տարբեր պրոբլեմներ ունի, բայց ձեզ ոչ մեկը փողոցում չի ասում՝ էս մեկին ինչի բռնեցիք, էն մեկին ինչի բաց թողեցիք: Որովհետև հանրությունը որևէ դատավորի անուն-ազգանունը չգիտի․․․, այդ բոլորն ինձ են ասում, ինձ տվեք պատասխաններ, որ ես կարողանամ մարդկանց պատասխան տալ:

Ընդդիմությունն ասում է՝ բոլորը նստած են ձեր հրահանգով, կամ նստած չեն ձեր հրահանգով: Փողոց ենք դուրս գալիս, ասում են՝ բոլորը նստած չեն ձեր հրահանգով: Մեր հրահանգով չի։ Եկեք փոխենք իրավակարգավորումները, տվեք ինձ պատասխանատվությունը դատական համակարգի, գամ ձեր բոլոր հարցերին պատասխանեմ»,- ասաց Փաշինյանը:

Քրիստինե Վարդանյանն արձագանքեց՝ ընդգծելով, որ բռնապետության մասին պնդումները գալիս են փաստերից. «Դրանք գալիս են համացանցում հրապարակված այն ձայնագրություններից, որով դուք Արթուր Վանեցյանին, մյուս պաշտոնյաներին ուղիղ ցուցում եք տալիս կալանավորել-չկալանավորելու․․․ Որ դուք հեռախոս եք վերցնում ու զանգում, դրա մասին վկայում է ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդու հրաժարականը՝ «Վոթսափով» SMS ստանալուց հետո:

Երկրորդը՝ հղի կին է մահացել, կա քաղաքական պատասխանատվություն և իրավական, երբ որ ձեր դատական համակարգին դուր չի գալիս, այն, ինչ կատարվում է, ԲԴԽ-ն տեսանյութեր է նկարում, որ նիստերը իրենց ուզած արագությամբ չեն դնում: Էս դեպքում տեսանյութեր չեն նկարահանվել, որևէ մեկը քաղաքական, բարոյական որևէ պատասխանատվության չի ենթարկվել, նորմա՞լ է»:

«Ես չգիտեմ՝ ինչ նկատի ունեք բարոյական պատասխանատվություն ասելով,- նշեց Փաշինյանը,- ես էլ եմ ասում, որ դատական համակարգում լավ չեն աշխատում։ Ո՞րն է ճանապարհը՝ գերանդին առնենք, ընկնենք սրա, նրա հետևի՞ց: Ճանապարհն էն ա, որ բարեփոխումները շարունակենք, ուրիշ տարբերակ չկա։

Հիմա եթե ձայն տանք, Արարատ Միրզոյանը կարող է այդ նույն հարցերը բարձրացնել, մենք էլ ենք բարձրացնում, բայց մենք մեզ զսպում ենք, որովհետև հավասարակշռությունները պետք չի կորցնել, որովհետև իշխանության բաժանման սկզբունքը, դատարանի անկախության սկզբունքը պետք է պահել: Եվ հետևաբար, ձեր հարցն ինձ ուղղված չէ»։

«Դատական համակարգում լավ չեն աշխատում․ գերանդին առնենք, ընկնենք սրա, նրա հետևի՞ց»․ Նիկոլ Փաշինյան