Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Հայաստանում Ռուսաստանի դիրքերը չեն թուլացել, Հայաստանում փոխվում է Ռուսաստանի նկարագիրը»․ Հակոբ Բադալյան

«Հայաստանում Ռուսաստանի դիրքերը չեն թուլացել, Հայաստանում փոխվում է Ռուսաստանի նկարագիրը»․ Հակոբ Բադալյան
242
Շաբաթ, 08 մարտի, 2025 թ., 03:06

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Հրապարակը հայտնում է, որ առաջիկայում լինելու է այսպես ասած պրոռուսական դաշտում դիրքավորվող ուժերի եւ անհատների ակտիվացում, փողոցային ակցիաներ և այլն: Ըստ տեղեկության, դա պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանը վերջին իրողությունների լույսի ներքո ակտիվանում է նաև Հայաստանում՝ դիրքերը վերականգնելու համար:

Եկեք փորձենք հասկանալ, թե Ռուսաստանի դիրքերը Հայաստանում այս ընթացքում ինչո՞վ են թուլացել, եթե մենք դիտարկում ենք հենց ռեալ դիրքերը: Սահմանապահնե՞րն են դուրս եկել Զվարթնոցից և Իրանի հետ սահմանի անձնագրայիին կետից: Եվ որևէ մեկը կարծում է, որ դա Ռուսաստանի համար եղել է էական դիրք և ներկայումս դրա չլինելը թուլացնո՞ւմ է այդ դիրքերը: Ես կարծում եմ մենք շատ ենք չափազանցացնում այդ ակտերի նշանակությունը: Դրանց նշանակությունը, իրական քաղաքական գետնի վրա, ավելի շուտ ունեցել է քարոզչական իմաստ պաշտոնական Երևանի համար:

Հայաստանը գնում է ԵՄ և թուլանո՞ւմ են ՌԴ դիրքերը: Իրականությունը չափեք գետնի վրա եղած պատկերով, այլ ոչ մեդիավերնագրերով: Ռուսաստանի ներկայությունը Հայաստանում միայն ավելացել է՝ տնտեսական սեգմենտով: Իսկ տնտեսությունը ամեն ինչի հիմքն է: Ես սա չեմ քննարկում դրական կամ բացասական եզրահանգման համար, այլ ընդամենը իրողությունները գնահատելու, որպեսզի հանրային միտքն ու չափումները չկտրվեն իրականությունից:

Հայաստանում Ռուսաստանի դիրքերը չեն թուլացել, Հայաստանում փոխվում է Ռուսաստանի նկարագիրը, փոխվում է Ռուսաստանի ներկայության կառուցվածքը, տրամաբանությունը: Եվ Ռուսաստանն ինքն է գնում այդ փոփոխության: Սա ևս թերեւս շատ կարևոր է արձանագրել: Ռուսաստան ասելով, ես նկատի ունեմ այդ երկրում որոշումների մշակման ու կայացման փոքր խումբը, այլ ոչ թե ռուսական լայն մեդիափորձագիտական, քաղաքական խմբերը, որոնց համար իսկ փոփոխությունները խնդիր են:

Ես այս թեմային անդրադարձել եմ բազմիցս, դեռ տարիներ առաջ, այս մասին խոսել եմ մինչեւ 2018-ը:

Հայաստանում այսպես ասած ընդգծված պրոռուսականությամբ ակտիվությունը իր բոլոր այսպես ասած թեր և դեմ կողմերով հանդերձ, իր վերջնական բալանսում աշխատելու է հօգուտ Նիկոլ Փաշինյանի: Այսպես ասած չոր մնացորդը լինելու է հօգուտ Նիկոլ Փաշինյանի:

Այդ պատճառով է, որ Հայաստանում քաղաքական էական հեռանկար չի ունենալու որևէ «մետությամբ» շեշտադրում, որովհետև այդ շեշտադրումը անկախ իր կողմնացուցային բովանդակությունից, բոլոր դեպքերում կտրված է իրականությունից, կտրված է միջազգային զարգացումների տրամաբանությունից: Աշխարհաքաղաքական որևէ լուրջ կենտրոնի պետք չէ Հայաստանում որևէ ուժի «մետությունը»: Ներեցեք, բայց այդ հարցերը նրանք որոշում եւ լուծում են միմյանց մեջ: Երբ խոսք է գնում«նոր Յալթայի» մասին, հենց ըստ էության դա է «Յալթայի» տրամաբանությունը:

Հետեւաբար, այդ շրջանակից դուրս գտնվող երկրներում, «Յալթայի» թիրախային գոտիներում գտնվող երկրներում բուն խնդիրը սեփական ներքին օօրակարգերն են, արտաքին աշխարհի հետ աշխատանքի բովանդակային եւ առարկայական օրակարգերն են, առանց որևէ «մետության» շեշտադրման, այլ «Յալթայի» սեղանի շուրջ նստողներից յուրաքանչյուրի համար գործնական առաջարկներ պարունակող փաթեթներով, առանց մեկին մյուսի դեմ օգտագործելու պարզունակ «հնարամտությունների»»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան