«Արայիկ Հարությունյանի ձերբակալությունը և տեղափոխումը Բաքու»․ Թաթուլ Հակոբյանի հոդվածը
![]() 544 Չորեքշաբթի, 12 մարտի, 2025 թ., 10:00 Լրագրող Թաթուլ Հակոբյանը հոդված է հրապարակել․ «Արցախի հայաթափման և վերջին օրերի պատմությունը ամբողջական հասկանալու համար անհրաժեշտ է տեղյակ լինել Եվլախում 2023 թվականի սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած հայ-ադրբեջանական հանդիպման մանրամասներին և դրան հաջորդած շփումներին: Արցախյան կողմից Եվլախի հանդիպմանը մասնակցած Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանը և պատգամավոր Դավիթ Մելքումյանը մինչև այսօր որևէ հարցազրույց կամ բացատրություն չեն տվել: Միայն նրանք և Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը կարող են ամբողջությամբ ներկայացնել իրականությունը, քանի որ նրանք են եղել վերջին բանակցողները: Եվլախի հանդիպմանը հարցերի մի քանի շրջանակ է քննարկվել, որոնք պայմանականորեն կարելի բաժանել մի քանի խմբի՝ ա) ռազմական, բ) տնտեսական, գ) քաղաքական: Արցախի պաշտպանության բանակի լուծարումը ժամանակի հարց էր միայն: Սեպտեմբերի 19-ի հարձակումից հետո միայնակ մնացած և ինը ամիս անմարդկային շրջափակման ենթարկված Արցախը չէր կարող դիմադրել հակառակորդի տասնապատիկ ուժերին: Փաստացի, Հայաստանը, որ տասնամյակներ Արցախի անվտանգության երաշխավորն էր, և Ռուսաստանը, որպես խաղաղապահ ուժ, չկարողացան և չցանկացան Արցախը պահել հայկական: Արցախի պաշտպանության բանակի լուծարման վերջնագիր-պահանջը Բաքուն դնում էր նաև նախկինում: Եվլախի հանդիպումից և դրան հաջորդած շփումներից հետո Բաքուն Արցախից հայերի անվտանգ հեռանալու համար պայման է դնում հինգ հայերի ձերբակալությունը, որին տրվում է դրական պատասխան: Այդ հինգ հայերն էին՝ նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը: Ինչպես տեսնում ենք, ցուցակում չկա Արայիկ Հարությունյանի անունը: Ավելին՝ Ադրբեջանի ԱԱԾ տնօրենի տեղակալ Ջեյհուն Շիդլինսկին, որը տեղափոխվել և աշխատում էր Շուշիում, Հարությունյանին անձամբ ասել է, որ նա կարող է հեռանալ Հայաստան: Հարությունյանը, որ ադրբեջանցիների հետ շփվում էր 2021 թվականի փետրվարից մինչև իր ձերբակալության պահը՝ 2023-ի հոկտեմբերի 3-ը, Արցախի ղեկավարությանը ասել է, որ ինքը չի կարող մենակ թողնել նախկին նախագահներին, և պետք է միասին դուրս գան Ստեփանակերտից: Եվլախում քննարկված հարցերի երկրորդ շրջանակը վերաբերում էր տնտեսական խնդիրների: Արցախի հայաթափումն արդեն անխուսափելի էր, և որևէ մեկը չէր ուզում մնալ և ապրել Ադրբեջանի դրոշի տակ: Սակայն պարզվեց, որ Արցախում չկա բավարար չափով վառելիք, որպեսզի 120 հազար հայերը կարողանան դուրս գալ Ստեփանակերտից: Եվլախի հանդիպման ընթացքում Ադրբեջանը 120 տոննա բենզին է խոստանում, իսկ հետագայում նաև՝ երեք մեքենա առաջին անհրաժեշտության պարագաներ Ստեփանակերտի պայթյունից տուժածներին: Հարցերի երրորդ շրջանակը վերաբերում է Արցախի վերաինտեգրմանը, որն անընդունելի էր արցախահայության համար: Ինչպես նշել ենք այս շարքի մեր նախորդ հրապարակումներում, 2023 թվականի սեպտեմբերի 30-ից Արցախի ղեկավարությունը տեղափոխվել էր Ստեփանակերտի օդանավակայան՝ ռուսական խաղաղապահ առաքելության հոսպիտալ: Հոկտեմբերի 3-ի օրվա երկրորդ կեսից հետո ռուս խաղաղապահները Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Դավիթ Իշխանյանին օդանավակայանից հասցնում են Կարեն Սարգսյանի առանձնատուն և, այսպիսով, նրանց փոխանցում Ադրբեջանի հատուկ ծառայություններին, որոնք շրջափակման տակ էին պահում տարածքը: Այդ ընթացքում Արայիկ Հարությունյանը Արցախի նախագահի անվտանգության երկու աշխատակցի հետ մեկնում է իրեն պատկանող, Ստեփանակերտի Թումանյան փողոցի վրա գտնվող կոնյակի գործարան և զանգահարում Ջեյհուն Շիդլինսկուն: Հարությունյանը հայտնում է, որ ցանկանում է ցույց տալ գործարանը: Շուշիից Շիդլինսկին պատասխանում է, որ շուտով կլինեն գործարանում: Կարճ ժամանակ անց գործարանի տարածք է հասնում Շիդլինսկու օգնականը Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ և տեղում ձերբակալում Արայիկ Հարությունյանին: Նրան կոնյակի գործարանից ուղիղ տեղափոխում են Բաքու: Արայիկ Հարությունյանի՝ Արցախի նախագահի պաշտոնից հրաժարվելու հարցում տեսակետները հակասական են: Հայաստանի իշխանությունները և նրանց տեսակետներն արտահայտող լրատվամիջոցներն ու ինֆլուենսերները պնդում են, որ Հարությունյանը հրաժարական է տվել Արցախում տեղի ունեցած հեղաշրջման հետևանքով: Իրականում, Հարությունյանը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ հանդիպումներում մի քանի անգամ հայտնել է նախագահի պաշտոնից հրաժարվելու իր ցանկության մասին: Առաջին անգամ այդ ցանկությունը նա հայտնել է Երևանում 2023 թվականի մարտին՝ Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստից հետո: Դա եղել է երկու հանրապետությունների Անվտանգության խորհուրդների վերջին համատեղ նիստը և անցել Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի իշխանությունների հասցեին մեղադրանքների և գոռգոռոցների պայմաններում: Այս ամենի մասին կգրենք այլ հարմար առիթով»: Աղբյուրը` Թաթուլ Հակոբյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
