Երեքշաբթի, 22 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

Բացօթյա սրճարանի համար ԱԺ աշխատակազմը ծախսել է մոտ 100 հազար դոլար. «Ժողովուրդ»

Բացօթյա սրճարանի համար ԱԺ աշխատակազմը ծախսել է մոտ 100 հազար դոլար. «Ժողովուրդ»
123
Այսօր, 09:12

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Ազգային Ժողովի ամառային թանկարժեք սրճարանը սկսել է գործել։
Ալեն Սիմոնյանի ղեկավարած ԱԺ-ն այս սրճարանի միայն բարի համար 11,5 մլն (մոտ 30 հազար ԱՄՆ դոլար) է ծախսել, 3-4 անգամ տոմետներ շարելու պայմանագիր է կնքվել և երկու անգամ ավել աթոռ ու սեղան են գնել։

Հիմա ամեն ինչի մասին՝ հերթով։

Ուսումնասիրել ենք Ազգային Ժողովի գնումները, ուղարկել մի քանի հարցումներ ԱԺ աշխատակազմին և հավաքել է փաստեր, որ ԱԺ սրճարանն արժե ոչ թե 30 հազար դոլար, այլ ավելի քան 100 հազար ԱՄՆ դոլար է վատնվել։

ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանն այնպես է խճճել գնումների գործընթացը, որ դժվար է ասել չկարողանալո՞ւ, թե՞ ինչ որ բան թաքցնելու համար է ամառային բաց սրճարանի կառուցումն այսքան բարդ ճանապարհով անցել։

Այսպիսով, ներկայացնենք մեր ձեռքի տակ եղած պայմանագրերը, ծախսերի համար նախատեսված գումարները՝ հերթականությամբ․
ՀՀ Ազգային ժողովի բակի սրճարանի սալիկապատման աշխատանքների ձեռքբերման համար «Հիպերնովա» ՍՊԸ-ի հետ ՀՀ ԱԺ աշխատակազմի 21․12․2022 թվականի ՀՀ ԱԺ ԳՀԱՇՁԲ-22/8 ծածկագրով պայմանագրի գինը եղել է 4 մլն 686 հազար դրամ։ Այս ընկերությունն էլ ստեղծվել է 2019 թվականին՝ հեղափոխությունից հետո, իսկ սեփականատերը, ըստ ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում առկա տեղակությունների, Ալեքսանդր Ալեքսանյանն է։ Այս տարի ՏԿԵ նախարարության հետ 789 մլն դրամ արժողությամբ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ է կատարել, կամ 1 մլրդ 479 մլն դրամ կրկին ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ, բայց նաև ԱԺ 4 մլն դրամանոց մրցույթին է մասնակցել։ Այս ընկերության հետ խոշոր պայմանագրեր են կնքել նաև Մասիսի, Մեծամորի, Չարենցավանի, Արմավիրի, Աշտարակի, Ծաղկաձորի համայնքապետարանները, Երևանի քաղաքապետարանը, ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը և այլ կառույցներ։ ԱԺ-ից 2023 թվականին լրատվամիջոցներին պարզաբանել էին, որ ի սկզբանե «Հիպերնովա»-ն է հաղթել, որը պետք է կատարեր և հիմքը փորելու, և սալիկապատման աշխատանքները, սակայն ընթացքում պարզվել է, որ սխալ հաշվարկ է արվել, և ավելի մեծ տարածք պետք է ընդգրկվի, ուստի սալիկապատման նոր մրցույթ են հայտարարել, որն էլ շահել էր «Լիդեր Քնսթրաքշն» ընկերությունը:

ԱԺ բակի սրճարանի 2-րդ փուլի սալիկապատման աշխատանքների ձեռքբերման նպատակով ՀՀ ԱԺ աշխատակազմը կնքել է ՀՀ ԱԺ ԳՀԱՇՁԲ-23/14 պայմանագիրը «Լիդեր Քնսթրաքշն» ՍՊԸ-ի հետ 1 մլն 857 հազար դրամ արժեքով։ Ազգային ժողովի և «Լիդեր Քնսթրաքշն» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագիրը, սակայն, 2023-ի հոկտեմբերին ԱԺ աշխատակազմը միակողմանի լուծել է․ ըստ տեխնիկական բնութագրի և օրացուցային գրաֆիկի՝ ընկերությունը 30 օրում պետք է ավարտեր աշխատանքները, բայց, ինչպես նշված է պայմանագիրը լուծելու հայտարարության մեջ, հոկտեմբերի 24-ի դրությամբ աշխատանքները սկսված չեն եղել։

20․09․2023 թվականի պայմանագրով Էլեկտրոնային աճուրդի միջոցով «Շուշան Տեխնիկս» ՍՊԸ-ից ՀՀ ԱԺ ԷԱՃԱՊՁԲ-23/37 ծածկագրով պայմանագրի շրջանակներում ԱԺ աշխատակազմը ձեռք է բերել արևից պաշտպանող հարմարանքներ՝ հովանոցներ, որի մեկ հատի արժեքը կազմել է 140 հազար դրամ։ ՀՀ ԱԺ ԷԱՃԱՊՁԲ-23/37 ծածկագրով պայմանագրով գնվել է 8 հատ հովանոց, որի ընդհանուր արժեքը կազմել է 1 մլն 116 հազար 400 դրամ։ Բայց երեկ բացված սրճարանում 10 անձրևանոցներ էին դրված։
07․12․2023 թվականին «Մարիամ Պետրոսյան Խաչատուրի» ԱՁ-ի և ԱԺ աշխատակազմի միջև կնքվել է ընթացիկ նորոգման աշխատանքների ձեռքբերման ՀՀ ԱԺ ԳՀԱՇՁԲ-23/17 ծածկագրով պայմանագիրը, որի առարկան կրկին բետոնե տոմետներ փոխելու, վերանորոգելու աշխատանքներ են եղել՝ 2 մլն 336 հազար դրամ արժեքով։ 12․12․2023 թվականին կնքվել է համաձայնագիր, որով պայմանագիրը դրվել է գործողության մեջ, այսինքն՝ այս գնման ընթացակարգն ի սկզբանե հայտարարվել էր «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի համապատասխան, իբրև առանց ֆինանսական միջոցների նախատեսման, հասարակ լեզվով ասած՝ «առանց փող մրցույթ», սակայն դրա կնքումից հետո՝ օրեր անց, «անփող» մրցույթը դարձել է «փողով»։ Խոսքը մեծապես վերաբերում է նրան, որ նման մրցույթներին մասնավորապես մասնակցում են նրանք, ովքեր «մոտիկ» են կանգնած պատվիրատուներին և լավ էլ տեղյակ են, որ ֆինանսական միջոցները հատկացվում են շատ հրատապ, եթե, իհարկե, իրենց «սրտի մատակարարն» է հաղթում։

10․05․2024 թվականի ՀՀ ԱԺ ԳՀԱՇՁԲ-24/3 ծածկագրով պայմանագրի շրջանակներում, այնուհետև 30․05․2024 թվականին կնքված համաձայնագրով հատկացվել են ֆինանսական միջոցներ և «Հայկ Սարգսյան» ԱՁ-ից ձեռք են բերվել դեկորատիվ ջրվեժի կառուցման և տեղադրման աշխատանքներ՝ 3 մլն 470 հազար դրամ արժեքով։

19․04․2024 թվականի ՀՀ ԱԺ ԷԱՃԱՊՁԲ-24/19-1 ծածկագրով պայմանագրի շրջանակներում Էլեկտրոնային աճուրդի միջոցով «Արգավանդ կահույք» ՍՊԸ-ից ԱԺ աշխատակազմը սրճարանի համար ձեռք է բերել 50 աթոռներ և 8 սեղաններ ընդհանուր՝ 3 մլն 381 հազար դրամ արժեքով։ Հիշեցնենք, որ նշված ընկերությունը ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարին պատկանող ընկերությունն է»:

Մանրամասները՝ թերթի համարում: