Երեքշաբթի, 22 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

«Մի ողջ կյանք սահման պահելուց հետո ասում են՝ փախել են». Մարիամ Սարգսյան

«Մի ողջ կյանք սահման պահելուց հետո ասում են՝ փախել են». Մարիամ Սարգսյան
203
Այսօր, 02:00

Արցախցի լրագրող Մարիամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ մազերն արագորեն սպիտակում են։
Իմ բոլոր ծանոթները միանգամից ծերացել են։
Մարդիկ, որ առույգ, ժպտերես, շքեղ էին՝ տապալվել են անճանաչելիորեն։
3 տարի առաջ շատերի համար Երևան գալը շատ հաճելի փոքրիկ ճամփորդություն էր, իսկ հիմա շատերը կուզեին հետադարձի հավերժ տոմսով վերադառնալ ու նույնիսկ մեռնել, բայց՝ իրենց տանը։
Ամեն բացվող օրվա հետ, երազում թողնելով տունը՝ մինչև հաջորդ գիշեր, մենք արթնանում ենք «ինչուների» չպատասխանվող, չմարսվող իրողությամբ և փոքրանում անսպասելի ու անարդարացի մեզ հասնող ատելությունից։
Ամաչում մեզնից մեկի, կամ որոշների ասած հիմարություններից ու մտածում՝ երևի խելագարվել են պարզապես։
Հանդիպում ես ծանոթների, որոնց հազիվ ես ճանաչել, արդեն վաղուց չես տեսել, արտասվում, գրկում և հասկանում, որ մի բան փոխվել է, շա՜տ է փոխվել, բայց ամաչում ես ասել, որ դու ախր քեզ նման չես, դու այնքան շատ ես փոխվել ու հուզմունքի հետ կուլ ես տալիս ծերացել բայը...
Թերթում ես սոցցանցերը, հանդիպում անունների, որ չդիմացան այս ամենին ու հիշում իրենց պապական գերեզմանոցը, որտեղ իրենց տեղը կար, որոշ դեպքերում նույնիսկ գերեզմանաքարը, իսկ հիմա թե որ սև սարում կհանգչի հավետ...
Հանդիպում ես կռվածների, որ զսպված ցասման հետ չգիտեն ինչպես վարվել, որովհետև մի ողջ կյանք սահման պահելուց հետո ասում են՝ փախել են...
Մի՞թե նոր եղեռն էր պետք սգալու համար, իսկ սիրել ու ընդունել անհնա՞ր է»:

Աղբյուրը`   Մարիամ Սարգսյան