«ՀՀ Կառավարությունն` ընդդեմ հայկական ավիափոխադրողների». Հակոբ Ճաղարյան
128
Այսօր, 00:12
Քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդաչու, ավիացիոն ոլորտի կառավարիչ Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅՈւՆՆ՝ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻ (հերթական արար) ՀՀ կառավարությունն օրեր առաջ, ապրիլի 23-ին, ընդունել է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՕԴԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ: Որպեսզի երկար-բարակ չմտնեմ մանրամասների մեջ, կարճ ասեմ, որ ԿԱՐԳԸ նախատեսում է դեպի ՀՀ նոր ուղղություններով կանոնավոր չվերթներ կատարող ավիաընկերություններին դրամական փոխհատուցում տրամադրել ՀՀ բերած ամեն ուղևորի համար՝ «Զվարթնոց» 20.000 դրամ «Շիրակ» 15.000 դրամ Ի՞նչ է սա նշանակում: Եվ ինչո՞ւ է այն ուղղված տեղական ավիափոխադրողների դեմ: Եվ ինչո՞ւ «արար՝ հերթական» Դեռևս 2019 թ. ՀՀ ՔԱԿ-ը լծվել էր դեպի ՀՀ լոուքոստ ընկերություններ բերելու գործընթացին, որը ոչ միայն նրա գործառույթը չէր, այլ տրամագծորեն ՀԱԿԱՍՈւՄ ԷՐ Պետական Կառավարման Համակարգի գործառույթներին: Այն ուղղակիորեն ծնում էր շահերի բախում (իմա՝ կոռուպցիա): Ստուգող մարմինն ինքն էր հանդիսանում գործարքի նախաձեռնող ու իրականացնողը: Արդյունքում հրավիրվեց իռլանդական RyanAir լոուքոստերը, որը բազմաթիվ այլ պահանջներին զուգահեռ, ինչպիսիք են՝ օդանավակայանի և նավիգացիոն ծառայությունների գների խիստ կրճատում, տուրքերից ազատում, հարկերի բացակայություն... և այլն, պահանջում էր նաև դրամական սատարում: Գյումրու «Շիրակ» 80 և 60 եվրո, համապատասխանաբար նոր, և արդեն կատարվող ուղղությունների համար: «Զվարթնոց» 20 եվրո, օդանավակայանային սպասարկման գործող՝ 47 եվրո արժեքի դիմաց ընդամենը 5 (!) եվրո վճարի պայմանով: ՀՀ կառավարությունն իր հոգեզավակ, տխրահեչակ ԱՆԻՖ-ի միջոցով RyanAir-ին ֆինանսավորեց 5.0 մլն եվրո 1 տարվա կտրվածքով, շաբաթական 4 թռիչք կատարելու համար (2-Հռոմ, 2-Միլան): Պայմաններ, որոնք ԵՐԲԵՎԻՑԵ ՉԵՆ ՏՐԱՄԱԴՐՎԵԼ որևէ հայկական ավիաընկերության: ՀՀ կառավարության ճնշման ներքո «Զվարթնոցը» իրավիճակից դուրս գալու նպատակով հայտարարեց նոր ուղղությունների համար աննախադեպ գնիջեցում: Հիշենք էս պահը՝ ՆՈՐ ՈւՂՂՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ արդեն իսկ գոյություն ունեն զգալի արտոնություններ օդանավակայանում: Մի քանի թռիչքից հետո, հիմնավորելով ՔՈՎԻԴ-19 սահմանափակումները, RyanAir-ը դադարեցրեց իր թռիչքները: Որոնք չվերականգնվեցին քովիդից հետո: Վճարված 5.0 մլն-ի ճակատագիրն էլ մնաց անհայտ: Հաջորդ արարն ընդդեմ հայկական ազգային ավիափոխադրողի քաղաքականության, նույն ԱՆԻՖ-ի միջոցով, էմիրաթական Air Arabia ավիաընկերության հետ համատեղ, իբր «ազգային» ավիաընկերության՝ «Ֆլայ Առնա»-ի ստեղծումն էր: Ընկերությունը ՀՀ բյուջեից ֆինանսավորվել 4մլրդ 850 մլն ՀՀ դրամով (մոտ 12,5 մլն ԱՄՆ դոլար), և 1 տարուց քիչ ավելի գործելուց հետո սնանկացավ ու փակվեց: Ինչի՞ վրա ծախսվեց այդ գումարը, մնաց անհայտ: Ըստ հավասար մասնաբաժինների տրամաբանության, նույնքան էլ պիտի ծախսած լիներ արաբական ընկերությունը: Եվ նույնիսկ որևէ լումա չվաստակելու, 1 տարի 2 օդանավի վարձակալության և աշխատակազմի աշխատավարձերը վճարելու պարագայում, ԸՆԴՀԱՆՈւՐ (2 կողմերի համատեղ) գումարը չի գերազանցել 7-8 մլն ԱՄՆ դոլարը: Բա մնացա՞ծը... Դրանից հետո ԱՆԻՖ-ի տնօրենը «թռավ» Լոնդոն, Խորհրդի նախագահ Ավինյանը դարձավ քաղաքապետ, իսկ կառավարության ղեկավարն օրերս հայտարարեց, որ ԱՆԻՖ ծրագիրը ձախողվել է: Եվ վերջ: Ոչ մի պատասխանատու, ոչ մի դատապարտյալ: Հիմա՝ էսօրվա մասին: 2020 թ. մայիսին ՀՀ այն ժամանակվա ավիացիոն իշխանությունների «փայլուն» աշխատանքի շնորհիվ այն հայտնվեց ԵՄ Ավիացիոն Անվտանգության գործակալության «սև ցուցակում»: Ինչի հետևանքով սույն մարմնի կողմից տրված բոլոր սերտիֆիկատները ԵՄ տարածքում դարձան ոչ վավեր: Ինչը ԲՈԼՈՐ հայկական ավիաընկերություններին զրկեց դեպի ԵՄ թռիչքներ կատարելու իրավունքից: Էսօրվա ընդունած որոշումը ձեռնտու է ՄԻԱՅՆ եվրոպական ընկերություններին: Որովհետև իրական աճի պոտենցիալը դեպի դեպի ԵՄ թռիչքների ավելացումն է: Դեպի ԵԱՏՄ հիմնական ուղղություն՝ Ռուսաստան, թռիչքների քանակն ու հաճախականությունն իր մաքսիմում բավարարվածության, կամ դրան մոտ լինելու սահմաններում են: Ես հղում եմ վիճակագրությանը: Նույնիսկ ռուսական ավիաընկերությունների հանդեպ կիրառվող պատժամիջոցների պայմաններում: Ստացվում է, որ դեպի ԵՄ թռիչքներն ունեն ավելանալու միտում: Բայց հայկական ավիաընկերություններն այդ սեգմենտ օգտագործել չեն կարող իրենց վերահսկող մարմնի լեգիտիմության բացակայության պատճառով: Նույնիսկ այժմ, երբ վերջապես մասնագետ նշանակված ՔԱԿ ղեկավարի, Կոմիտեյի համապատասխան մասնագետների խիստ պակասի պայմաններում տարվող, հիրավի, տիտանական աշխատանքի պայմաններում ՀՀ ավիացիոն իշխանությունները դեռ ԵՄ «սև ցուցակում» են: Ո՞ւմ, և ինչի՞ օգտին է այս որոշումը: Տուրիզմի զարգացմա՞ն... Մանկամտություն է մտածել, որ տոմսի արժեքի $30-40 խթան են վերջինիս զարգացմանը: Ցանկացած զբոսաշրջիկ դրա բազմապատիկը ծախսում է հյուրանոցի, սննդի, շրջագայությունների, և այլ հաճույքների վրա: Ասել եմ բազմիցս, և պնդում եմ՝ Քաղաքացիական ավիացիան ցանկացած երկրի ԱՄԵՆԱՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ոլորտներից մեկն է: Իսկ կառավարության գլխավոր անելիքը իր ավիաընկերություններին սատարելն է, ոչ թե անընդմեջ խոչընդոտներ ստեղծելը: Ինչով նախանձելի հետևողականությամբ զբաղվում է ՀՀ կառավարությունը: ՀԳ: 2 հայկական ավիափոխադրող, «Ֆլայ Ուանը» և «Շիրակն» արդեն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ»: