Շաբաթ, 10 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

ԼՂ փախստականների իրավապաշտպան միությունը հայտարարություն է տարածել

ԼՂ փախստականների իրավապաշտպան միությունը հայտարարություն է տարածել
250
Այսօր, 13:06

2025 թվականի մայիսի 6-ին ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (UNHCR) Ադրբեջանի կառավարությունից ստացված պաշտոնական ծանուցման համաձայն դադարեցրել է իր գործունեությունը, որի մասին պաշտոնապես հայտարարել է գրասենյակի լրատվամիջոցների բաժնի ղեկավար Մեթյու Սոլթմարշը (Matthew Saltmarsh)։ 33 տարի տևած համագործակցության դադարեցումը կարող է նվազեցնել Ադրբեջանի պարտավորությունները միջազգային հանրության հանդեպ, թուլացնել միջազգային վերահսկողությունն ու հաշվետվողականությունը և խոչընդոտել բռնի տեղահանված արցախահայերի իրավունքների պաշտպանությանը,
UNHCR-ի միջազգային ներգրավվածությունը կարող էր պաշտոնապես հաստատել, որ Լեռնային Ղարաբաղից 2020–2023 թվականների ընթացքում շուրջ 120․000 արցախահայերի նկատմամբ կիրառվել են հարկադրանքի միջոցներ, նրանք չեն ունեցել կամավոր ընտրության հնարավորություն, իսկ տեղահանությանը նախորդել են պատերազմական հանցանքներ, ցեղասպանական գործողություններ, քաղաքացիական բնակավայրերի ու անձանց թիրախավորման բազմաթիվ դեպքեր։ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը՝ կյանքի հանդեպ վախի, հուսալքության, էթնիկ զտումների և համատարած բռնությունների պայմաններում, հարկադրված է եղել լքել իր հայրենիքը։ UNHCR-ը կարող էր ճանաչել արցախահայերին որպես բռնի տեղահանվածներ և իրացնելով իր մանդատը՝ ոչ խտրական և հավասար պայմաններում նպաստել նրանց իրավական հետագա պաշտպանությանը։
Գրասենյակի բացակայության պայմաններում խոչընդոտվում են այն հիմնական գործընթացները, որոնք կարող էին ուղղված լինել վերադարձի տեխնիկական կամ իրավական հարցերի նախապատրաստմանը, ինչպես նաև տեղում մարդկանց իրավունքների վիճակի դիտարկմանը։ Բայց այնուամենայինիվ մենք նշում ենք, որ 2023 թվականի հոկտեմբերի 12-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» N 2517 բանաձևն իր 11-րդ հոդվածով հստակ արձանագրել է, որ տարածաշրջանի գրեթե ողջ հայ բնակչությունը լքել է իր պապենական հայրենիքը և գնացել Հայաստան ֆիզիկական ոչնչացման վտանգի, Ադրբեջանի կառավարության երկարամյա հայատյաց քաղաքականության և ադրբեջանական իշխանություններին վստահության բացակայության պատճառով։ Բանաձևն իր 13-րդ կետով նշում է, որ տարածաշրջանից գրեթե ողջ հայ բնակչության զանգվածային տեղահանությունը կարող է հավասարվել էթնիկ զտումների, որը կարող է առաջացնել անհատական քրեական պատասխանատվություն՝ համաձայն միջազգային իրավունքի և Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության։
«Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միություն» հասարակական կազմակերպությունը գտնում է, որ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR) գործունեության դադարեցումը հարված է հասցնում բռնի տեղահանված 120.000 արցախահայերի՝ իրենց բնակության վայր վերադարձի իրավունքի ապահովման միջազգային երաշխիքներին։ Հիշեցնում ենք, որ 1951 թվականի «Փախստականների կարգավիճակի մասին» կոնվենցիան և դրա 1967 թվականի արձանագրությունը պետություններին պարտավորեցնում են երաշխավորել փախստականների վերադարձի կամավորությունն ու անվտանգությունը։
Հարավսլավիայի միջազգային քրեական տրիբունալի 1993թ. Կանոնադրությունը սահմանում է, որ որևէ քաղաքացիական բնակչության տեղահանությունը հանցագործություն է մարդկության դեմ (ICTY Statute, 1993, Article 5(d)։ Իսկ հիշյալ փաստաթղթի դրույթների համաձայն (ICTY Statute, 1993, Article 2(g)) դատարանը քրեական հետապնդման իրավասություն ունի քաղաքացիական անձանց ապօրինի արտաքսման կամ տեղահանման դեպքում, որն այն համարում է 1949թ. Ժնևի IV կոնվենցիայի կոպիտ խախտում։
Կոչ ենք անում միջազգային հանրությանը և ՄԱԿ-ի համապատասխան մարմիններին վերանայել Ադրբեջանի այս որոշումը և ապահովել ՄԱԿ-ի համապատասխան կառույցների անխափան ներկայությունը տեղում՝ բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության համար։