Երեքշաբթի, 14 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Միջազգային հերթական փաստաթղթերը, որոնք պայթեցնում են Նիկոլի ստերը». Էդուարդ Շարմազանով

«Միջազգային հերթական փաստաթղթերը, որոնք պայթեցնում են Նիկոլի ստերը». Էդուարդ Շարմազանով
110
Երեկ, 22:36

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Միջազգային հերթական փաստաթղթերը, որոնք պայթեցնում են Նիկոլի ստերը։
Բազմիցս առիթներ ունեցել եմ փաստերով ապացուցելու, որ Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը։
Փաստել եմ, որ թե՛ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը, թե՛ միջազգային այլ դերակատարներ նշել են, որ «Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, ով ուղղակիորեն Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս»։
Ավելին. նույն Փաշինյանն է 2020-ին Կապանում ներկայացրել Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությունը, որի համաձայն Արցախի կարգավիճակը պետք է որոշվեր «պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեի» միջոցով, իսկ մինչ հանրաքվեի իրականացումը պետք է ապահովվեր Արցախի խաղաղ կենսագործունեությունը։
Նշել եմ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է հրապարակային ասել, որ Ղարաբաղյան հարցի առանցքը կարգավիճակի հարցն էր։
Այժմ ձեր դատին կներկայացնեմ միջազգային փաստաթղթեր, որոնք հերթական անգամ կպայթեցնեն նիկոլիզմի փուչիկը։
Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում տարբեր տարիների ՌԴ արտաքին քաղաքականության հայեցակարգում ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված դրույթները:
Այդ փաստաթուղթը ՌԴ արտաքին քաղաքականության բարձրագույն իրավական փաստաթուղթ է, որից բխում են այդ պետության գերակայություններն ու քայլերը:
Եվ այսպես:
1. 2013 թվականի ՌԴ արտաքին քաղաքականության հայեցակարգում ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ կար առանձին դրույթ, որով ամրագրվում էր ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի կարևորությունը, այլև այն սկզբունքները, /այդ թվում ազգերի ինքնորոշման սկզբունքը/որոնք արծարծված էին համանախագահ երկրների ղեկավարների հայտարարություններում 2009-2011 թթ.:
2. 2016 թվականին ՌԴ արտաքին քաղաքականության նոր հայեցակարգում ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ նույնպես ներառված էր դրույթ, որտեղ կրկին, բացի ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափի ընդգծումից արդեն հղում էր արված 2009-2013թթ. ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի նախագահների Օբամա, Սարկոզի, Մեդվեդև, Օլանդ, Պուտին/ 5 համատեղ հայտարարություններով ամրագրված կոնֆլիկտի կարգավորման սկզբունքներին:
Հիշեցնեմ, որ այդ սկզբունքների մեջ էր ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործման միջազգային երաշխավորությունը:
Փաստացի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր ՌԴ-ն իր արտաքին քաղաքականության մեջ այս իրավունքը դիտում էր ԼՂ հակամարտության կարգավորման հիմքում՝ մյուս երկու համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ միասին:
3. Եվ ահա՝ 2023 թվական և ՌԴ արտաքին քաղաքականության հայեցակարգում ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ոչ մի հիշատակում չկա:
Իսկ ինչո՞ւ է բացակայում այդ հիշատակումը։
Պատասխանը շատ պարզ է. քանի որ Փաշինյանը 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախն արդեն ճանաչել էր Ադրբեջանի անբաժան մաս։
Հանրագումարի բերելով վերլուծությունը, փաստենք. «Սերժի ժամանակ» Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անգամ Ռուսաստանի արտաքին քաղաքական կարևորագույն փաստաթղթերում էր ամրագրված։
Իսկ Նիկոլի ժամանակ այն այլևս գոյություն չունի»: