Շաբաթ, 24 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Պետությունը պատանդ է վերցնում որդուդ և պահանջում փրկագին` 60 հազար դոլա՞ր»․ Գևորգ Թամամյան

«Պետությունը պատանդ է վերցնում որդուդ և պահանջում փրկագին` 60 հազար դոլա՞ր»․ Գևորգ Թամամյան
233
Այսօր, 17:54

Բժիշկ Գևորգ Թամամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ծառայում եմ Հայրենիքիս, 2012թ. օգտագործված Լեքսուսը կամ կես բիթքոինը․
Կառավարությունը հավանություն է տվել նախագծին, ըստ որի՝ մուծելով 24 միլիոն դրամ կարող ես 2 տարվա փոխարեն ծառայել 1 ամիս, այն է՝ ազատվել զինվորական ծառայությունից։
Ավելի զազրելի օրինագիծ դժվար էր պատկերացնել և մտածել։
Բանակում ծառայելը ցանկացած նորմալ պետության մեջ համարվել և համարվում է մեծ պատիվ։ Իսկ այս օրինագծով հստակ ուղերձ է հղվում, որ այսուհետ հայրենիքին ծառայելը կվերաբերվի այն մարդկանց, որ չեն կարողանա վճարել 24 միլիոն դրամ, այն է՝ 2012-2013 թվականի օգտագործված մի Լեքսուս, 1 սենյականոց բնակարան Երևանի ծայրամասում կամ կես բիթքոին։
Հայրենիքին կծառայեն միայն աղքատները։
«Զինվորի հայր» արտահայտությունը, որ մշտապես հարգանք է արտահայտում, կսկսի ընկալվել որպես աղքատության և անճարության հոմանիշ։
Պատկերացնում եք ծնողի վիճակը, ում երեխան գնում է ծառայության և, Աստված մի արասցե, զոհվում է։ Ծնողն այդուհետ ապրելու է մտքով, որ իր երեխան զոհվեց ոչ թե հանուն Հայրենիքի, այլ որովհետև չկարողացավ «փրկագինը» վճարել: Այո, հենց փրկագինը։
Զինծառայությունը, այսինքն հայրենիքդ, պետությունդ և ընտանիքդ պաշտպանելը պարտադիր է, սակայն եթե ունես 60 հազար դոլար, ապա պարտադիր չէ՝ քո տեղը կյանքը կվտանգի ընկերդ, որը չկարողացավ այդ գումարը հայթայթել։
Ստացվում է ինչ, պետությունը պատանդ է վերցնում ձեր որդուն և պահանջում է փրկագին՝ 60 հազար դոլա՞ր։ Կարծում եմ՝ շատ բանկեր հատուկ վարկային գիծ կարող են առաջարկել՝ լավ պայմաններով. «Ազատիր որդուդ» փաթեթը 18 միլիոն դրամ, «Ազատիր որդուդ պլյուս» պրեմիում փաթեթը՝ 24 միլիոն դրամ»։

Աղբյուրը`   Գևորգ Թամամյան