Երկուշաբթի, 02 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +26 °C

«Մեր շուրջ տիրող խելագարությունն էլ պարտադիր կերպով կհաղթահարենք». Արամայիս Աղաբեկյան

«Մեր շուրջ տիրող խելագարությունն էլ պարտադիր կերպով կհաղթահարենք». Արամայիս Աղաբեկյան
232
Երեկ, 03:12

Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բլոկադայի օրերին ռուս խաղաղապահները տասնյակ անգամ, թանկ ծխախոտից զատ, ավելի էժան գնով ադրբեջանական ծագմամբ Kent, Bond, Winston և այլ ծխախոտներ էին առաջարկում հայերին։ Մեծամասամբ մերժում ստանալուց հետո վերջիներս գնում են լուծման՝ դատարկելով տուփերը և ծխախոտները վաճառելով կոշիկի համար նախատեսված տուփերի մեջ։ Նրանք նաև հայ մայրերին և հայրերին ադրբեջանական ծագման հրուշակեղեն և քաղցրեղեն էին առաջարկում և էլի մերժում ստանում։
Հիշում եմ նաև Արցախից Հայաստան գալու ճանապարհին՝ արդեն ադրբեջանական կողմից մեզ առաջարկված ջուրն ու հրուշակեղենը, որոնք մեր ավտոբուսի ուղևորները դեն նետեցին. երկար ժամանակ քաղցրավենիքի երես չտեսած երեխաներն անգամ մի բերան ինչ-որ բան բացելու և փորձելու ցանկություն չհայտնեցին։ Հետո ես ճանապարհին տեսա ադրբեջանական ապրանքների մեծ «աղբակույտերը» և հասկացա, որ մնացած ավտոբուսների ուղևորները նույնն են արել։
Գրածիս փիլիսոփայությունն ամենևին ադրբեջանական ապրանքի մերժումը չէ, այլ՝ դժվար և ծանր իրավիճակում հասարակ հայի արժանապատիվ պահվածքը։ Այսպիսի դրվագներն ու որոշումներն են մեզ դարերի մեջ պահել։ Մեր շուրջ տիրող խելագարությունն էլ պարտադիր կերպով կհաղթահարենք։