«Նիկոլ Փաշինյանի «Իրական Հայաստանը» չի համապատասխանում իրականությանը»․ Նարինե Կիրակոսյան
116
Երեկ, 13:18
Լրագրող Նարինե Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաշինյանի «Իրական Հայաստանը» չի համապատասխանում իրականությանը Երեկ երեկոյան մի փոքր շրջայց կատարեցի Երևանի կենտրոնով և ասեմ ձեզ՝ իրական Հայաստանը ոչ մի կապ չունի նիկոլ փաշինյանի անհեթեթությունների հետ, որը նա նույնպես անվանել է «Իրական Հայաստան»։ Նախ, քաղաքը շատ անհարմար է դարձել երթևեկության համար․ ամենուրեք նոր շինարարություն, հին շենքերից շատերը կամ քանդվում են լիովին, կամ միայն ֆասադն է ու դրանք այդպես կիսաքանդած էլ մնացել են արդեն տևական ժամանակ։ Պարզ է որ՝ մեքենաներն էլ են շատ։ Բայց գիշերային կյանքն ինձ հիշեցրեց անցած դարի 90-ականները, տեղ-տեղ էլ 60-70-ականները, երբ դրսում կանգնած, կամ ինչ-որ մի տեղ նստած «երիտասարդությունը» չունի հստակ ոճ, նախընտրում է կիսահիպպի, կիսաբայկեռական, կամ կիսառոքական տձևությունն ու զգեստների մաշվածությունը։ Հետն էլ այդ հագուկապը գորշ, մուգ գույների մեջ։ Տպավորություն ստեղծվեց մոտս, որ մարդիկ մեծ մասով իրար նման են․ մի ինկուբատոռից, բայց ոչ թե դեղին ու վառ գույներով, այլ փիդրած սև թռչուններ հիշեցնող։ Մի հատվածը նշվածս տիպաժն էր, մյուս մասը «բլանդինկա» վիճակ։ Ընդ որում և՛ կանանց, և՛ տղամարդկանց մեջ կային շրթունքները լցրած, այտերը ձևափոխած, հոնքերը մուլտիպլիկացիոն նկարած, վարսերը միաձև արդուկած։ Մի խոսքով, բնական կեցվածքով, որ զգում ես մարդն ինքն իր հետ համահունչ է ու կոմպլեքսներ չունի, գիշերային մեր մայրաքաղաքում քիչ մարդ տեսա։ Փողոցներում հանդիպածս, թե՛ կին, թե՛ տղամարդ ծխում էին, բայց թութունից ծխախոտ քիչ էին ծխում։ Դրա փոխարեն, տարբեր հոտերով, այդ թվում բուսական թմրանյութերի հոտով էլեկտրոնային սիգարետներ էին օգտագործում։ Կարծում եմ կոնկրետ կանեփ ու նման տեսակի բաներ էլ են ազատ ծխում։ Դե նախ հոտն էր այդպիսին, և հետո «պլան» ծխելուց ձեռքերի ու ծուխը քաշելու ձևն էր այդպիսի տպավորություն մոտս ստեղծել։ Մի կողմից էլ, այդ ծուխը դրսում էր, իսկ փաբերում, սրճարաններում և այլ նմանատիպ վայրերում վերջապես զգացվում էր, որ ներսում ծխած գարշահոտն այլևս չկա։ Դա արձանագրածս լավ դիտարկումներից է։ Չնայած կարող է ես սուբյեկտիվ եմ։ Գիշերային Երևանում երկու տարի առաջ ավելի շատ էին ռուսախոսներն ու հնդիկները։ Այս անգամ նկատելի էր ռուսաստանաբնակ ռելոկանտները քչացել են, իսկ հնդիկները էլի նույն կերպ ամենուրեք մոտոներով շրջում էին։ Խանութներում մոտ 10-20 տոկոսը մարդկանց հնդիկներ են, ըստ իմ դիտարկումների։ Ընդհանուր առմամբ մարդկանց երեսին ոչ մի մտահոգություն քաղաքական կյանքի եղելությունից չես տեսնի։ Առավելևս ոչ մեկի դեմքին Արցախի կորուստի, կամ զոհված հազարավոր հայորդիների դարդ չկա, ուր մնաց մտած էին, կամ բարձր խոսեին Հայաստանի մշուշոտ ապագայի մասին։ Անհատական զրույցներին որ ականջ ես դնում, խոսում են ուտելուց, խմելուց, փող աշխատելուց։ Ընդ որում խոսվում է «հեշտ» վաստակի մասին, ոչ ֆիզիկական, բանվորա-գյուղացիական աշխատանքների մասին։ Օրինակ խոսում էին, թե ի՞նչ ինտեռնետով, էլեկտրոնային հարթակում համակարգչի մոտ նստած ի՞նչ, կամ ինչքա՞ն կաշխատես։ Չէ, երևում է՝ մարդիկ որոշ գիտելիքների տիրապետում են, բայց այդ գիտելիքները միայն հստակ կենսամակարդակով բարձր քաղաքային համակարգում ապրելու համար են։ Որ էլեկտրականությունն անջատեն, ջուրն էլ հետը, այս բոլոր մարդիկ տևական ժամանակ չեն իմանա ի՞նչ անել։ Սկզբում երևի կփորձեն գտնել ինտեռնետ, հետո, հեռախոսի մարտկոցը նստելուց հետո, կփորձեն այն փավեռբանկի օգնությամբ լիցքավորել ու էլի սըրչ անել, որ իմանան ե՞րբ են հոսանքը տալու։ Առնվազն։ Մեկ ․․․ երեք օրից այս մարդկանց մեծ մասը կգրոհի խանութներն ու կփորձի ուտելիք գողանալ։ Ավելի տևական ժամանակ եթե էլեկտրականությունից զրկված լինեն ․․․ Լավ, չենթադրենք։ Ակնհայտ է, որ ամենաորոշիչը քաղաքային բնակչության այսօրվա կյանքում էլեկտրականությունն է։ Հեռախոսներ, բանկային հաշիվներ, ավտոմեքենաներ ․․․ այս ամենն արդեն ոչ թե բենզինից, գազից է կախված, այլ նաև հոսանքից։ Ու սա շատ վտանգավոր երևույթ է, որը կառավարելի է դարձնում ամեն բան և դեգրադացնում է մարդու ֆիզիոլոգիական և մտավոր բնատուր հնարավորությունները։ Մեր Երևանում այլևս կանաչ գոտի գրեթե չկա։ Տեղ-տեղ, քաղաքային իշխանությունների ագահության և անմտության պատճառով տեսնում ես ինչ-որ նոր ծառեր, բայց փոշին կլանելու, ուլտրամանուշակագույն ճառագայթներին հակադարձող կանաչ գոտիավորում չկա, վերացել է։ Սրա պատճառով Երևան քաղաքը ցերեկային ժամերին կիզիչ արևի դեպքում եռում է՝ անտանելի դարձնելով մարդու երկար դրսում լինելու հնարավորությունն, իսկ երեկոյան ժամերին սկսվում է, անապատային երևույթների ցուցիչ՝ փոշոտ քամին։ Երեկվա գիշերային քաղաքում, նիկոլ փաշինյանի մասին ոչ մեկը չէր խոսում ու չէր էլ խոսի։ Մեծ հաշվով հասկանալի է դառնում, որ մարդիկ թքած ունեն իրա վրա էլ, քաղաքականության վրա էլ, ընդհանրապես։ Երկու պատճառ կա սրան․ քաղաքական դաշտի բարոյազրկվածությունը և սեփական կյանքից այն կողմ ամեն բանի նկատմամբ անտարբեր լինելը։ Հա, ու այս բոլոր մարդիկ ընդհանրապես անտարբեր են կրոնական անցուդարձին։ Այս մասսան Եկեղեցին պատմական սուվենիռ է համարում, ըստ իս։ Ընդ որում նկարագրածս տեսակը կյանքը հեռանկարային ապագայով չեն տեսնում, այլ՝ այսօրվա, կամ մաքսիմում վաղվա ու մի քանի օրվա հաշվով, բայց ոչ տարի և ավելինի կտրվածքով։ Ամեն դեպքում գիշերային Երևանը, անկախ ամեն բանից, ինձ ավելի ընդունելի էր երեկ, քան առավոտյան, կամ ցերեկային քաղաքը, որովհետև գիշերային քաղաքում մարդիկ ավելի հասկանալի էին, քան ցերեկային խառնիճաղանջ բազմությունը»։