Ուրբաթ, 06 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Հայկական պետությունը չի կարող հրաժարվել Արցախի հարցից, որի ակունքներում եղել է հենց ինքը»․ Վարդան Օսկանյան

«Հայկական պետությունը չի կարող հրաժարվել Արցախի հարցից, որի ակունքներում եղել է հենց ինքը»․ Վարդան Օսկանյան
211
Երեկ, 17:00

ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արցախահայության հարկադիր տեղահանումից հետո Հայաստանում շատերը փնտրում են պատասխաններ՝ ոմանք՝ վշտից, ոմանք՝ մեղքի զգացումից, իսկ ուրիշներ՝ մոռանալու մոլուցքից մղված։ Նրանց թվում են հարյուրավոր քառասնամյա տղամարդիկ ու կանայք՝ ծնունդով Արցախից, ովքեր այսօր ապրում են որպես փախստականներ Հայաստանում։ Նրանք հինգ տարեկան էին 1990-ականների սկզբին, երբ Հայաստանի ժողովուրդը դուրս եկավ փողոց՝ պահանջելով Արցախի միացումը Հայաստանին։ Նրանք այդ ամենը չեն հիշում, որևէ որոշում չեն կայացրել, որևէ պատասխանատվություն չեն կրել։ Բայց այսօր հենց իրենք են վճարում դրա գինը։
Ի՞նչ էր նրանց մեղքը։ Որ Արցախում հայ ծնվեցի՞ն։ Որ վստահեցին մի ազգի և մի պետության, որն երբևէ համախմբվել էր այն գաղափարի շուրջ, թե Արցախի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք և ի վերջո պետք է դառնա Հայաստանի անբաժան մաս։
1991-ից ի վեր Հայաստանի Հանրապետության բոլոր կառավարությունները ժառանգել են պետության իրավական և բարոյական պատասխանատվությունը։ Կառավարությունները կարող են փոխվել, ղեկավարները՝ գալ ու գնալ, բայց պետությունը մնում է, և նրա հետ՝ նաև իր պարտավորությունները։ Պետականության շարունակականությունը պարտադրում է հավատարիմ մնալ այն հանձնառություններին, արժեքներին և նպատակներին, որոնք ձևավորում են ազգի ինքնությունը և պատմական ուղին։
Բարոյապես անթույլատրելի և քաղաքական առումով սնանկ պնդում է այն, ինչ այսօր ասում են ոմանք, թե Հայաստանի Հանրապետությունն այլևս որևէ պարտավորություն չունի Արցախի նկատմամբ՝ միայն այն պատճառով, որ ներկայիս ղեկավարները ցանկանում են մոռացության տալ անցյալը։ Չի կարելի հրաժարվել մի գործից, որը հենց պետությունն է առաջ տարել։
Այսօրվա լքումը առավել դատապարտելի և անընդունելի է, որովհետև կան Նիկոլ Փաշինյանի անձնական հայտարարություններն ու դիրքորոշումները։ Իշխանության գալու առաջին տարիներին և 44-օրյա պատերազմից հետո նա ամենաանզիջող գործիչներից էր Արցախի հարցում։ Նրա խոսքը բացարձակ էր, նույնիսկ ծայրահեղական։ Նա կանգնեց Ստեփանակերտի հողին ու հայտարարեց՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Նա գրեթե փակեց բանակցությունների բոլոր դռները և սրեց սպասումները ոչ միայն արցախահայության, այլև սեփական ընտրազանգվածի շրջանում՝ որ Հայաստանը երբեք չի նահանջի։ Բայց հենց իր ղեկավարության օրոք տեղի ունեցավ անհավատալին՝ Արցախի ամբողջական փլուզումը և հայության վերջին ժամանակների ամենամեծ տեղահանումը։
Սա ողբերգական անխուսափելիություն չէր։ Սա հրաժարում էր ոչ միայն Հայաստանի պատմական դերակատարումից, այլ նաև իր իսկ քաղաքացիների և հայրենակիցների նկատմամբ անվտանգության պատասխանատվությունից։
Հայաստանում կարող են լինել տարբեր վարչակազմեր, սակայն որևէ կառավարություն իրավունք չունի հրաժարվել մի գործից, որը եղել է պետության ինքնության և բարոյական լեգիտիմության առանցքը։ Արցախի քառասնամյա փախստականների պատմությունը միայն անձնական ողբերգություն չէ. դա Հայաստանի այսօրվա իշխանությունների մեղադրական ակտն է՝ իշխանության, որն կորցրել է իր ուղին, խիղճն ու միտքը։ Եվ դա, ամենից առաջ, մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական և բարոյական ձախողումն է։ Մարդու, որն ուներ բոլոր հնարավորությունները, լիազորությունները և նախազգուշացումները, սակայն ընտրեց մերժման, լռության ու պարտության ուղին։
Պատմությունը խստորեն կդատի նրան։ Բայց մեր դատաստանը չպետք է սպասի ժամանակի վճռին։ Այն արդեն սկսվել է և պետք է շարունակվի առավել վճռականությամբ՝ հասարակական քննարկումներում, մեր հավաքական հիշողության մեջ և մեր ամուր համոզմամբ, որ հայկական պետությունը չի կարող հրաժարվել Արցախի հարցից, որի ակունքներում եղել է հենց ինքը և որի շարունակվող իշխանությունը հանդիսանում է այսօրվա ազգային ողբերգության պատասխանատուն ու կրողը»։

Աղբյուրը`   Վարդան Օսկանյան