Շաբաթ, 07 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Հորդորելու փոխարեն ապահովե՛ք ղեկին միայն առողջ վարորդների ներկայությունը»․ Ծաղիկ Վարդանյան

«Հորդորելու փոխարեն ապահովե՛ք ղեկին միայն առողջ վարորդների ներկայությունը»․ Ծաղիկ Վարդանյան
215
Այսօր, 00:48

«Առողջություն և իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հորդորելու փոխարեն ապահովե՛ք ղեկին միայն առողջ վարորդների ներկայությունը․
Հայաստանում 2024 թվականին, ըստ ՆԳ նախարարության արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ-ների) 4315 դեպք, որոնց ժամանակ արձանագրվել է 333 զոհ, 6116 վիրավոր: ՀՀ-ում գրանցված է շուրջ 964 հազար տրանսպորտային միջոց:
Ըստ ԱՀԿ-ի՝ ՀՀ-ում ՃՏՊ-ի պատճառով զոհվածների թիվը 100 000 բնակչի հաշվով վերջին տարիներին տատանվում է 13,6-17,5 միջակայքում, եվրոպական տարածաշրջանային միջին ցուցանիշը ՝ 6,7 է:
Հասկանալի է, որ միայն պարեկային ծառայության ներդրումով, տարաբնույթ օրենսդրական խստացումներով, ճանապարհների կահավորումով հնարավոր չէ ՃՏՊ-ի թվի իրական նվազում ապահովել: Մեզանում 6-7%-ի տիրույթում ՃՏՊ-ների ցուցանիշներին նվազումը համարում են «բարելավում»: Այս ամենին էլ եթե հավելենք, որ ներկայացրած թվերը, ցուցանիշները հանդիսանում են պաշտոնական տեղեկատվություն և հենց պատկան մարմինների կողմից է այն հավաքագրվում և մշակվում, ամեն ինչ ավելի քան պարզ է դառնում:
Հիմա անդրադառնանք ղեկին նստած անձանց առողջական վիճակին: Արդյո՞ք վթարների գենեզում ընկած չէ նաև վարորդների առողջական խնդիրները, արդյո՞ք «առողջ վարորդ»-ը ճանապարհային անվտանգության բաղադրիչ չէ:
Կարծում եմ՝ շատերն են դեռ հիշում, որ տարիներ առաջ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար բժշկական զննությունը պարտադիր էր բոլորի համար:
Փոխվել է, հիմա կարգավորումները այլ են: Բոլոր թեկնածուները չէ, որ պարտավոր են անցնել բժշկական զննություն:
Արձանագրենք, որ Հայաստանում գործող մոդելը ընդօրինակած է «Համընդհանուր Եվրոպական Մոդելից», որի հիման վրա առանձին եվրոպական պետություններ հաստատել են իրենց ճանապարհատրանսպորտային ընթացակարգերը:
ՀՀ-ում նույպես ներդրվել է այդ մոդելը, ցավոք, առանց տեղայնացնելու: Հաշվի չի առնվել ազգային մակարդակում առողջապահական համակարգի կառուցվածքային առանձնահատկությունները, թվայնացման մակարդակը, ԱԱՊ-ը օղակի կարողությունները և այլն:
Ինչպե՞ս է ՀՀ-ում որոշվում վարորդների պիտանելությունը առողջական մասով։
Վարորդի թեկնածուները վարորդական իրավունքի վկայական ստանալու համար ՆԳ նախարարությունում լրացնում է առողջական վիճակի վերաբերյալ հայտարարագիր, որտեղ «պարտավոր» են կատարել նշումներ տրանսպորտային միջոց շահագործելու համար խոչընդոտ հանդիսացող իրենց հիվանդության (վիճակի) մասին:
ՆԳ աշխատակիցները իրականացնում են վարորդի թեկնածուների «արտաքին զննում» և ակնհայտ երևացող տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական հակացուցումների, բժշկական ցուցումների և բժշկական սահմանափակումների ցանկի մեջ ներառված վիճակի հայտնաբերման դեպքում ֆիքսում այն:
էլեկտրոնային եղանակով միասնական վեբսերվերի միջոցով՝ անձի համաձայնությամբ հարցում է իրականացվում կոնկրետ անձի կողմից տրանսպորտային միջոց շահագործելու համար հակացուցում հանդիսացող հիվանդության (վիճակի) վերաբերյալ, (վերաբերվում է հոգեկան, թմրաբանական ծառայությանը):
Եվ եթե ոստիկանության աշխատակիցը «գտել է» խնդիրներ կամ օրինապահ վարորդի թեկնածուն անձամբ է հայտարարգրել իր հիվանդությունը, ապա անձը ուղեգրվում է ԱԱՊ օղակ ընտանեկան բժշկի կամ թերապևտի մոտ բժշկական զննության:
Ի՞նչ է կատարվում առողջապահական համակարգում։
Ակնհայտ է, որ տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական հակացուցումների, բժշկական ցուցումների և բժշկական սահմանափակումների ցանկում ամրագրված ախտորաշումները և/կամ վիճակները խիստ նեղ մասնագիտական բնույթ ունեն և ԱԱՊ օղակի բժիշկները պարտավոր են ուղեգրել նեղ մասնագիտական խորհրդատվության:
ԿԱՐԵՎՈՐԸ
Հայրենի առողջապահության նախարարությունը շրջաբերական է իջեցնում համակարգ՝ ԱԱՊ կազմակերպություններին, որով հրահանգում է, որ ԱԱՊ-ն նեղ մասնագետներին ուղեգրել «անհրաժեշտության դեպքում» (մգացնելով գրվածը), իսկ հոգեբուժական և թմրաբանական դիսպանսեր ուղեգելը ընդհանրապես արգելել են և հրահանգել բավարարվել էլեկտրոնային հարցումով:
ՀՀ առողջապահության նախարարությո՛ւն, որևէ բժշկական բացթողման կամ սխալ ախտորոշման դեպքում պատասխանատվություն ո՞վ է կրելու, դո՞ւք՝ ձեր շրջաբերականներով, թե՞ բժիշկը:
Որևէ մեկը իրավասու չէ՛ բժշկին պարտադրել բուժզննման ծավալ, ավելին, այսօր բազմաթիվ մարդիկ հոգեկան, սրտային, թոքային և այլ հիվանդությունների համար բուժվում են «բոլորի աչքից հեռու» և որևէ համակարգում որպես հիվանդ ամրագրված չեն: Հակառակ իրավիճակն էլ կա, երբ օրինակ «F32 Դեպրեսիվ էպիզոդ» եզակի էպիզոդով քաղաքացին մեկ անգամ հոսպիտալիզացվել է կամ ամբուլատոր բուժում է ստացել և հայտնվել է հոգեկան խնդիրներ ունեցող հիվանդների շարքում: Բազմաթիվ իրավիճակներ կարող եմ ներկայացնել, երբ տվյալ վարորդի թեկնածուի զննումը իրատեսական կասկածներ կառաջացնի թերապևտի մոտ, և նա անպայման կուղեգրի նեղ մասնագետի խորհրդատվության: Այս հարցում բժիշկներին ուղղորդել, հրահանգել պետք չէ, ղեկին պետք է նստի իրական առողջ անձը:
Նիկոլ Փաշինյան, հանձնարարե՛ք վարորդի թեկնածուները վարորդական իրավունքի վկայական ստանալու համար բուժզննման կարգավորումները վերանայեն՝ համապատասխանացնեն ներկա մեր առողջապահական համակարգի կարողություններին:
Գուցե վերադառնաք պարտադիր բոլոր թեկնածուների բուժզննման մոդելին:
Հ.Գ ՀՀ առողջապահության նախարարությո՛ւն, կառավարիչնե՛ր, մի կողմից հրապարակային հորդորում եք քաղաքացիներին զգուշություն պահպանել ճանապարհային երթևեկության ժամանակ, մյուս կողմից՝ տեղից էլ բժշկական սակավաթիվ զննումները համարել եք գործընթացի «անհարկի բարդացում» և հրահանգում եք բժիշկներին հնարավորինս թեթև բուժզննում կատարել:
Հիմա դա երկակի ստանդա՞րտ է, թե՞ պարզապես անտեղյակություն:
Իհարկե՛, մարդկային առումով չկա դատապարտելի որևէ բան ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման համար քաղաքացիներին հորդորելու և խնդելու մեջ, բայց կարևորը՝ վարորդների առողջական վիճակի իրական գնահատականի ապահովումը, բաց եք թողել և էլի փիառ ծրագիր եք իրականացնում:

Լավ չի»։

Աղբյուրը`   Ծաղիկ Վարդանյան