Ուրբաթ, 13 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Որ ասում են` գլխացավը բուժում են գլուխը կտրելով, սրանցն է». Սևակ Հակոբյան

«Որ ասում են` գլխացավը բուժում են գլուխը կտրելով, սրանցն է». Սևակ Հակոբյան
218
Չորեքշաբթի, 11 հունիսի, 2025 թ., 20:06

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի քանի ակնհայտ ձախողման մասին խոսենք։ Սյունիքի մարզպետն ասում է՝ հունիսի 6-ին անչափահաս երկու տղաները Ադրբեջանի օկուպացրած տարածք չեն անցել (օկուպացրածը իմ բառն է, իհարկե, ՔՊ-ականի համար այն Ադրբեջան է), շփման գիծը չեն հատել, գերի չեն ընկել։ Իսկ ո՞վ էր ասում, որ հատել են շփման գիծը․ Ազգային անվտանգության ծառայությունը։ Ազգային անվտանգության ծառայությունը Նիկոլի օրոք ֆեյք կառույց է դարձել, իր չճշտված, սուտ հայտարարությամբ սաղ երկիրը խառնեց իրար։ Որ ԱԱԾ տնօրենին հիմա հարց տաս կաթողիկոսի հեռացման փաշինյանական պահանջի մասին, երկար բարակ հստատ կխոսի, բայց իր ոլորտում խայտառակ ձախողում է։
Լավ, մինչև տղաների հայտնաբերվելը, բոլորս գիտեինք, թե գերի են, որովհետև էդպես էր ասել ԱԱԾ-ն․ պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանին հարց են տալիս դեպքից, պատասխանում է՝ տեղյակ չեմ, ժողովուրդ ջան։ Պաշտպանության փոխնախարարարը ասում է՝ չեմ տիրապետում իրավիճակին։ Որ իրեն հարցնեք՝ ՊՆ-ում ինչ ես աշխատում, դա էլ չի կարողանա պատասխանել, ինչպես որ չէր կարողանում նշանակվելուց օրեր ու ամիսներ անց։ Որովհետև ՊՆ-ում ևս բարդակ է, ինչպես սատանա բռնող ԱԱԾ-ում։
Իսկ Քննչական կոմիտեում բարդակ չէ՞․ այդ կոմիտեի հափշտակած 590 հազար դոլարն էլ կոմիտեից են հափշտակում, ու ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը ոգևորված ներկայացնում է, թե ինչքան լավ են աշխատել։ Երբ Քննչական կոմիտեից գումար են գողանում, դա նույնն է, որ, ասենք, զորամասից գողանան դրոշը։
Իսկ էկոնոմիկայի նախարարությունում, պետեկամուտների կոմիտեում բարդակ չէ՞։ ՊԵԿ-ի երեկվա հայտարարությունը կառավարության վախճանվելու մասին էր։ Հայկական բեռնատարները կուտակված են Վրաստանում, չեն թողնում հատել սահմանը, ստուգումներ են անում, կոնյակագործները սննկանում են, ակցիաներ են անում, աշխատատեղեր են կրճատում։ Պետեկամուտների կոմիտեն ասում է՝ քանի որ խնդիրը չի լուծվում, բեռնատարները կուտակվում են, ուրեմն չենք թողնելու այդ բեռնատարները Հայաստանից դուրս գան։ Սա Հայաստանի կառավարության՝ խնդիրները լուծելու ձևն է, փաստորեն։ Էկոնոմիկայի նախարարը մեծ-մեծ խոսում էր, խոստանում էր Վրաստան գնալ-կարգավորել․ բա ինչի՞ չգնաց․ թե՞ չընդունեցին։ Նիկոլը Վրաստանի վարչապետին փաթաթվում է․ արտահանողի խնդիրը լուծիր, փաթաթվելդ ջհանդամին։ Հայաստանի բեռնատարների տարանցման խնդիրը լուծելը սրանք տեսան բեռնատարների ելքը երկրից արգելելու մեջ։ Կոնյակագործներ ջան, ձեր կոնյակները ինքներդ էլ բացեք-խմեք։ Ես նման հաղորդագրություն չեմ հիշում իմ լրագրողանկան գործունեության ամբողջ ընթացքում։ Վախենամ՝ վաղը ասեն՝ քանի որ չենք կարողանում արտահանման հարցը լուծել, քանդեք խաղողի այգիները․ էն օրը իմացանք արդեն ծաղիկների հետ են պրոբլեմ ստեղծում, քանդեք ջերմոցները․ վաղը կոչ կանեն կտրել ծիրանի ու մյուս այգիները։ էն որ ասում են՝ գլխացավը բուժում են գլուխը կտրելով, սրանցն է։
Ժողովուրդ ջան էստեղ շատ ավելի մեծ վտանգ էլ կա․ հարևան, բարեկամ, եղբայրական երկրի տարածքով որ չեն կարողանում կոնյակ ու ծաղիկ տարանցել, ի՞նչ եք կարծում, անհրաժեշտության դեպքում զենք կկարողանա՞ն սրանք Վրաստանով տեղափոխել Հայաստան։ Չեն կարողանա, ինչպես որ, ըստ հրապարակված տեղեկությունների, չեն կարողացել պատերազմի ամբողջ ընթացքում։ Սա բարդակի արդյունք է։
Մեկ այլ կատարյալ բարդակ է ՆԳ նախարարությունում։ Հայաստանը, մինչև սրանց գալը, համարվել է աշխարհի աենաանվտանգ երկրներից մեկը․ այս պահին նկատի ունեմ ներքին անվտանգությունը։ Այսօր, սակայն, Հայաստանում մարդը շատ ավելի անպաշտպան է, քան Մեքսիկայում ու Սիցիլիայում։ Կարող է դուրս գաս զբոսանքի ու մի պատահական գյուլլա կպչի։ Երեկ՝ հունիսի 10-ին, վիճաբանություն ու կրակոց է եղել փողոցի մեջտեղը, Երևանի Ավան վարչական շրջանի ամենաբանուկ մասերից մեկում՝ շուկայի մոտ։ Վիրավորվել են երկու հոգի, որոնցից մեկը՝ պատահական անցորդ։ Սրանց օրոք կրիմինալ իրավիճակի տուժողները ոչ թե կամ ոչ միայն մասնակիցներն են, այլ պատահական անցորդները։
Մի քանի օր առաջ էլ 4-րդ գյուղում էին իրար ծեծել, հետո մեքենաներով հետապնդել, հետո պատահական անցորդների՝ մոր ու երկամյա որդուն, գցել ավտոյի տակ։ Մայրը մահացավ, որդին հայտնվեց հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։ Գնացել-քվեարկել են քո «ապագա կա» կարգախոսին, որ սպանվեն փողոցներո՞ւմ։ Կրակոցները, դանակահարությունները մեր երկրում, հատկապես՝ Երևանում ու փողոցի մեջտեղը, ամենօրյա են։
Ու զավեշտը գիտե՞ք որն է․ էս բարդակի մեղավորներից մեկը՝ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը, աշխատանքից ազատվում է ոչ թե հանցագործությունների շատացման պատճառով, ոչ թե բեսպրեդելի պատճառով, այլ տիկին նախարարի հետ ինչ-որ կոնֆլիկտ ունենալու պատճառով։ Արամ Հովհաննիսյանը համաժողովրդկան խաղաղ հավաքը ցրելու համար նռնակներ է կիրառում, մարդկանց ձեռք ու ոտք պոկում, չի ազատվում աշխատանքից։ Արամ Հովհաննիսյանը ցրում է արևտամետների 20 հոգանոց հակառուսական ակցիան, էն էլ շատ քնքույշ ձևով, երկու օր անց ազատվում է աշխատանքից։ Ո՞ւմ են նշանակում նրա տեղը․ քրեական հեղինակության հորեղբոր տղուն։ Մալադեց քեզ, տիկին Սարգսյան, գազ տուր, թե բա՝ նշանակվել է ոստիկանությունը բարեփոխելու համար։
Երեկ ՔՊ-ն նիստ է արել, քաղաքական հարցեր են քննարկել։ Հանցագործությունների, դժբախտ պատահարների, արտահանման ու էս թվարկածս բաների մասին խոսե՞լ են․ վստահ եմ՝ ոչ, մտքներով էլ չի անցել․ ավելի շուտ ուղիղ կապով քննարկել են Ադրբեջանի հետ Մայր Աթոռի նկատմամբ գրոհը։ Սրանց նպատակը իրենց բարիքների պահպանումն է։ Արդեն հաստատված է, որ նիկոլենք երբեք էլ ո՛չ երկրի մասին են մտածել, ո՛չ ժողովրդի․ մտածել են ու երազել են այն մասին, որ կառավարության շենքում ոչ թե նստած լինի ՀՀԿ-ն, այլ ՔՊ-ն, ոչ թե լինի Սերժ, այլ լինի Նիկոլ, ունենան իրենց սեփական օլիգարխները, պետբյուջեն լինի իրենց սեփական գրպանը, չուլաններից տեղափոխվեն առանձնատներ։ Երազել են բարիքների մասին, ու եկել-տիրացել են։
Ու հետաքրքիր է՝ դու պետք է 2026 թվին գնաս քարոզարշավի, ասես մեզ ընտրեք, որ ի՞նչ լինի․ արտահանողի ճամփե՞ն որ բացես, հանցագործությունների դե՞մն առնես, ճամփիդ վրա ավտոյիդ անիվների տակ էլ մարդ չե՞ս լղճի, արտահանողը խնդիր չի՞ ունենա, թե՞ Շուշի ու Հադրութ հետ բերես»։

Աղբյուրը`   Սևակ Հակոբյան