««Կատարված պարտքի» գիտակցությամբ Նիկոլն անմիջապես մի քանի օրանոց մորատորիում է հայտարարում». Լիլիթ Բլեյան
254
Այսօր, 03:12
Երգչուհի Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մայիսի 27-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդը ելույթ է ունենում Բեռնի կոնգրեսում՝ խոսելով արցախցիների հանդեպ իրականացված ոճրից, Արցախ վերադարձի իրավունքից, Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումից։ Մայիսի 29-ին Փաշինյանը եկեղեցիներն անվանում է չուլաններ ու այդ պահից անցնում կտրուկ հարձակման՝ պատմության մեջ երբևէ չեղած բառապաշարով գրոհելով Էջմիածինն ու հոգևորականությանը։ Նպատակն էր, հավանաբար, որ հանրային արձագանքը լինի շատ բուռն, մարդիկ տրվեն պրովոկացիային ու անեն հակաօրինական քայլեր։ Պրովոկացիան չի հաջողվում։ Հունիսի 17-ին ի պաշտպանություն եկեղեցու հանդես գալու համար ձերբակալվում ու կալանավորվում է Սամվել Կարապետյանը։ Նույն օրը, ինչպես կիմանանք ավելի ուշ, գործ է հարուցվում Միքայել Սրբազանի դեմ՝ մեկուկես տարի առաջվա հարցազրույցի հիման վրա։ Հունիսի 20-ին Նիկոլը մեկնում է Էրդողանի հետ հանդիպման, նրա վերադարձից առաջ Երևանում ու մարզերում ոստիկանները պրոֆիլակտիկ խուզարկություններ են իրականացնում տասնյակ քաղաքացիների բնակարաններում և նրանց հետ «հորդորիչ» զրույցներ ունենում։ Հունիսի 23-ին ադրբեջանական հայտնի քարոզչական կայքը հատուկ «հորդոր» է հրապարակում՝ ասելով, որ իր հավատարմությունն ապացուցելու համար այս ամենը քիչ է, և Նիկոլը պետք է օրենքով արգելի Արցախ բառն ու մի քանի «առավել ակտիվ ռևանշիստի» կալանավորի, որ հավատան նրա ազնիվ խաղաղասիրական մղումներին (հղումը՝ մեկնաբանություններում)։ Հունիսի 25-ին ձերբակալվում ու անմիջապես կալանավորվում են Բագրատ սրբազանը, հոգևոր ծառայության մեջ գտնվող այլ անձինք և պարզապես համակիրներ՝ 15 հոգի։ Իրականացնողներին Նիկոլը պարգևատրում է։ Սակայն պետք էր անել ամենակարևորը՝ ասպատակել Մայր Աթոռը՝ Արցախի մասին ամենաակտիվ ու հաստատակամորեն խոսող կառույցը։ Հունիսի 17-ին հարուցված գործի հիման վրա որոշում են Միքայել սրբազանին ձերբակալել Էջմիածնից՝ ստեղծելով պատմության ամենաամոթալի տեսարանը՝ հայ ոստիկանները Հայոց Վեհարանում։ Հունիսի 27-ն առհավետ մտնում է հայոց պատմության մեջ՝ որպես ամոթի օր։ Դրա իրականացման համար նախապես հանրային արդարացման քող են փորձում հյուսել բազմաթիվ պաշտոնյաներ և իշխանությունների համակիր գործիչներ՝ գործածելով բոլշևիկյան շրջաբերականներ հիշեցնող, շտամպավորված ֆրազներ։ Հանրությունը չի համոզվում, եկեղեցու պաշտպանները խմբերով սկսում են հոսել դեպի Էջմիածին։ Ոստիկանությունը կանգնեցնում և խուզարկում է մեքենաները, ոստիկանության բաժիններ տանում տասնյակ մարդկանց։ Էջմիածնում հետագա ամոթալի տեսարանները կանխելու համար Միքայել սրբազանը որոշում է վերջ դնել իշխանությունների նախաձեռնած շոուին ու ուղևորվում է քննչական՝ լավ իմանալով, որ գնում է կալանքի։ Սրբազանի կալանքից հետո, «կատարված պարտքի» գիտակցությամբ և հասկանալով, որ բոլոր չափերն անցել է ու պետք է դադար վերցնի, Նիկոլն անմիջապես մի քանի օրանոց մորատորիում է հայտարարում հայհոյանքի վրա։ Մինչև հուլիսի 5-ը։ Հուլիսի 5-ը ՀՀ Սահմանադրության օրն է»։