«Ավելի ու ավելի պարզ է դառնում՝ ինչ են անում գործող իշխանությունները». Գարեգին Խումարյան
219
Երեկ, 23:12
Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարծում եմ, ավելի ու ավելի պարզ է դառնում՝ ինչ են անում գործող իշխանությունները, ու ինչի համար է այս ամենը․ ինչին են խփում և ինչ նպատակով։ Պարզ է, չէ՞, որ նրանք հասկանում են, որ իրենց օրոք մեզ հետ տեղի ունեցածն ուղղակի անմարսելի է, և իշխանությունից հեռանալուց հետո նրանց կյանքը մեր երկրում (ու թերևս այլուր) այլևս երբեք նույնը չի լինելու, անգամ եթե փոխարինելու եկողներից անձեռնմխելիության ու կոմֆորտի երկաթբետոնե երաշխիքներ ստանան։ Այն հասարակությունում, որտեղ քաղաքական ինքնության առանցք են Արցախը՝ կանգուն թե կորսված, Ցեղասպանության վերապրման և պահանջատիրության խորհուրդը, հատուկ վերաբերմունքը բանակի, եկեղեցու, պատմության, Հայկական լեռնաշխարհի աշխարհագրության նկատմամբ․․․ հասարակությունում, որի բարու և չարի, գեղեցիկի և տգեղի, վեհի և ճղճիմի վերաբերյալ պատկերացումները, հերոսների ու հակահերոսների պանթեոնը ձևավորվել են մեծ ու փոքր կռիվների, ապստամբությունների ու լայն իմաստով ազգային-ազատագրական պայքարի շուրջ, այ այդ հասարակության համահյուսում տեղի ունեցածն իսկապես մարսելի չէ։ Մարսելի է, սակայն, այն հասարակության պայմաններում, որի համար Արցախը Լեռնային Ղարաբաղ է, էն գլխից՝ Ադրբեջան, իսկ արցախցիները օտար ու վնասակար մի զանգված, որի համար Արևմտյան Հայաստանը Արմավիրն ու Գյումրին են, սրբազան լեռը՝ Արագածը, որի համար Ցեղասպանության միջազգային ճանաչումն առաջնահերթություն չէ, որովհետև պետք է դեռ քննել՝ ինչ հանգամանքներում է այն տեղի ունեցել, որի համար հայրենիքը ոչ թե Հայկական բարձրավանդակն է, այլ պետությունը, Հայոց պատմությունը՝ Հայաստանի պատմություն, որտեղ կարելի է բարձրաստիճան սպաներին էրկու կոպեկի համար ատեստացիայի պատրվակով տեսախցիկի առաջ շարային քայլեցնել, վազեցնել ու ժիմ անել տալ, քննարկել՝ բանակից փողով ազատվելը լեգալացնել/չլեգալացնելու հարցը, քաշքշել զոհվածների ծնողներին, դիմակավորված զորքը մտցնել Մայր Աթոռ ու Լուսավորչի գահի դիմացից եպիսկոպոս բերման ենթարկել, հասարակություն, որի պետականության գոյության իմաստը բարեկեցությունն է հայտարարվում, իսկ հերոսը՝ հարկատուն․․․ Այ այդ հասարակության պայմաններում, այո, 2020-2023 թվականներին տեղի ունեցածի մեջ արտառոց ոչինչ չկա, ու այդպիսի հասարակությունն, այո, հաշիվ չի պահանջելու։ Կարծում եմ, գործ ունենք, սոցիալական ճարտարագիտության գործիքներով ազգային, քաղքական, քաղաքացիական ինքնություն խմբագրելու պատմության մեջ ամենամասշտաբային արշավներից մեկի հետ։ Իշխանության համար 26 թվին վերարտադրվելը ընթացող վակխանալիան շարունակելու միջոց է, որպեսզի, ասենք, 30-31 թվականներին, երբ այս ամենն ավարտվի, «բա Արցախն ի՞նչ եղավ» հարց ուղղակի գոյություն չունենա։ Կուզեի հավատալ, թե Էրդողանն է գիշները զանգում այս մարդկանց, ականջներին շշնջում թուրքական գենշտաբում մտահղացված հնարքները ու կյանքի սպառնալիքի ներքո հարկադրում իրացնել դրանք։ Սակայն, կարծում եմ՝ պատճառն ավելի պրոզաիկ է՝ ինքնապահպանման բնազդ՝ բնազդներից հնագույնն ու ամենապարզունակը։ Կուզեի նաև հավատալ, որ նկարագրվածն անիրատեսական է, ու մեր պես հզոր ողնաշար ունեցող ժողովրդին անհնար է այդպիսի մուտացիաների բերել։ Ցավոք, կարծում եմ, հնարավոր է։ Բարդ է, բայց անհնար չէ»։