«Ձեզ գցել են երկաթե դռների ետևը, բայց չեն կարող բանտել ձեր կոչումը». Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ
148
Երեկ, 22:36
Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Տ. Տիրան Եպս. Պետրոսյանը հայտարարություն է տարածել. «ԶՈՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՍՔ ՄԻԱԲԱՆԱԿԻՑ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՍ Սիրելի եղբայրներ ի Քրիստոս՝ Բագրատ Սրբազան և Միքայել Սրբազան, Այս տողերը գրում եմ սեղմված սրտով, հուզմունքով լեցուն հոգով։ Քանի որ ինչքան էլ ֆիզիկապես հեռու լինենք միմյանցից, փորձության այս օրերին դուք երկուսդ էլ անջնջելի կերպով ներկա եք իմ աղոթքներում, մտքում և հոգում։ Ցասումով ու ցավով տեղեկացա ձեր ապօրինի ազատազրկման մասին՝ եղկելի գործողություն, որն ուղղված է ոչ միայն ձեր անձերի, այլև հոգևոր այն ճանապարհի դեմ, որով դուք միշտ քայլել եք և շարունակելու եք քայլել խիզախությամբ ու նվիրվածությամբ։ Սակայն որքան անարդար է ձեր դեմ հարուցված այս փորձությունը, նույնքան վեհ է ձեր արձագանքը՝ լռությամբ, հավատքով, ներքին խաղաղությամբ։ Ձեր ձայնը, ձեր կերպարը, ձեր խիզախ վկայությունը հազարավոր մարդկանց համար դարձել են մխիթարություն։ Իսկ այժմ, երբ ձեզ զրկել են ձեր մարմնավոր ազատությունից, գիտեմ և, երկուսիդ էլ լավ ճանաչելով, վկայում եմ, որ ազատ է ձեր ոգին, անսասան է ձեր հավատքը և լուսեղեն ճշմարտության ձեր ճանապարհը։ Ձեզ գցել են երկաթե դռների ետևը, բայց չեն կարող բանտել ձեր կոչումը՝ ապրելու ավետարանում նկարագրված քաջ հովվի սրտով, կանգնելու տառապյալի կողքին, դառնալու ձայնազուրկի ձայնը։ Անգամ ձեր լռությունն է խոսում․․․․ Սիրելի եղբայրներ, Միշտ հիշում եմ մեր միասնական բազմաթիվ պահերը՝ երբ միասին կողք կողքի կանգնել ենք աղոթքի, երբ միասին մասնակցել ենք տարբեր միջոցառումների՝ նույն խղճով խոսելով արդարության մասին, երբ սրտանց ծիծաղել կամ լռել ենք՝ եղբայրաբար, հոգևոր խորությամբ։ Հիշում եմ Մայր Աթոռում կամ այլուր մեր զրույցները, երբ միմյանց հետ աղ ու հացի պես կիսվել ենք մեր ժողովրդի հետ կապված հույսերով ու ցավերով։ Այդ բարի հիշողություններն այսօր վերադառնում են որպես հոգևոր ժպիտ՝ ձեր ներկայությունը տպավորելով անգամ հեռավորության մեջ։ Սիրելի՛ եղբայրներ, այս օրերին ձեզ բաժին հասած փորձությունն այնքան կենդանի է դարձնում մեր Տեր Հիսուս Քրիստոսի ազդու այն խոսքը, որը հաճախ ենք ընթերցել միասին աղոթքի կամ խորհրդածության պահին, բայց որն այսօր ձեր լռությամբ, ձեր ցավով ու տոկունությամբ, ձեր կյանքի օրինակով հնչում է նոր ուժով. «Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը» (Մատթ. 5:10)։ Դուք երբեք մենակ չեք։ Մեր աղոթքները, մեր օրհնությունը, հոգևոր մեր ուժն ուղղված են ձեզ՝ իբրև լույսի մի ճառագայթ դիվային այս խրախճանքի մեջ։ Եվ այդ աղոթքի մեջ ուզում եմ ձեզ հիշեցնել սաղմոսերգուի խոսքերը. «Տերն է իմ լույսը և փրկությունը, ես ումի՞ց պիտի վախենամ. Տերն է իմ կյանքի ապավենը, ես ումի՞ց պիտի սարսափեմ» (Սաղմ․ 27:1)։ Թող ձեր կյանքի այս փորձությունը դառնա ոչ թե կոտրող ցնցում, այլ՝ մաքրող կրակ։ Թող ձեր նեղության պահերը վերածվեն հարության նոր արշալույսի։ Թող շուտափույթ գան ազատության այն օրերը, երբ նորովի կփայլի ձեր հովվական ներկայությունը ձեզ վստահված հազարավոր հավատացյալների հոգիներում՝ սրբացած, խորացած, անսասան։ Տիրոջից խնդրում եմ ձեզ տոկունություն՝ ինչպես Դանիել մարգարեին առյուծների գբի մեջ, խաղաղություն՝ ինչպես սուրբ Պողոսին բանտում, և գալիք ազատություն՝ ինչպես Տեր Հիսուսի հրաշափառ հարությունը մթության խորքից։ Ձեզ գրկում եմ հոգով, օրհնում եմ սիրով, ուղեկցում եմ աղոթքով։ Հ․Գ․ Ձեզ եմ փոխանցում բազմաթիվ մարդկանց աղոթքներն ու բարեմաղթանքները»: