«Զգաստության կոչ եմ անում իշխանության որոշ ներկայացուցիչների»․Հայր Ասողիկ Կարապետյան
211
Երեկ, 21:06
Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՎԵՐՍՏԻՆ ԶԳԱՍՏՈՒԹՅԱՆ ԿՈՉ Սրտի անկեղծ ցավով ենք արձանագրում, որ Հայրենի իշխանության որոշ ներկայացուցիչներ՝ ձայնակցելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գիտակցորեն շարունակում են ընդդեմ Սբ Եկեղեցու և նրա աստվածարյալ Նվիրապետության իրենց անպատկառ և անպարկեշտ ընթացքը՝ գայթակղեցնելով և չարության թթխմոր առաջ բերելով հավատավոր ազգի ծոցում և այդպես, արդեն, հերձվածողության դուռ բացելով: Քանի՜ անգամ Սբ Եկեղեցին, անհատաբար և ժողովաբար, զգաստության կոչ է արել իշխանություններին, որոնց ներկայացուցիչները հանդիսանում են Հայոց Եկեղեցու մկրտյալ անդամներ և (իրենց իսկ պնդումների համաձայն) հավատարիմ հետևորդներ, որպեսզի նրանք չչարաշահեն իրենց պաշտոնական հանգամանքը՝ ոտնահարելով Սահմանադրությունն ու օրենքները, կանգ առնեն, դադարեցնեն իրենց հարձակումները և ապաշխարեն: Որպես հայ քրիստոնյաներ ապաշխարեն: Սակայն, ի ցավ սրտի, ինչպես տեսնում ենք, ոչինչ չի փոխվում. մնում են նույն անզգամ չարության մեջ, ավելին՝ շարունակում են իրենց ոչ քիստոնեավայել և ապօրինի ընթացքը: Որպես ձեռնադրյալ և օծյալ հոգևորական՝ Ամենակալ Տիրոջից տրված հոգևոր իշխանությամբ և զորությամբ, ամենայն սիրով, նորեն զգաստության և ապաշխարության կոչ եմ անում իշխանության որոշ ներկայացուցիչներին: Այլև հարկ եմ համարում նրանց տեղեկացնել, որ, հակառակ պարագային, հարկադրված ենք լինելու խորհելու անվանական բանադրանքի մասին, քանի որ նրանք, այլևս, հատում են հավատքի և հոգևոր կյանքի բոլո՛ր սահմանները: Սբ Ներսես Դ. Շնորհալի և Տ. Տ. Ներսես Ե. Աշտարակեցի Ամենայն Հայոց Կաթողիկոսների սահմանած կանոններն արտոնում են՝ որևէ քահանա կամ եպիսկոպոս իրավունք ունի բանադրելու Սբ Եկեղեցու մոլորյալ ու հանցապարտ անդամներին՝ հոգևոր-բարոյական «զանազան հանցանքների կամ պատվիրազանցության համար»: Հայրապետահաստատ կանոնները սահմանում են. «Եթե քահանան մեկին բանադրում է զանազան հանցանքների կամ պատվիրազանցության համար, ուրիշ քահանա տգիտաբար այդ բանադրյալին չպիտի թույլ տա իր եկեղեցին մտնելու, բոլոր քահանաները պիտի մերժեն նրան, մինչև որ չզղջա մեղավորը և թողություն խնդրելով բանադրանքը վերացնել տա» (Սբ Ներսես Շնորհալի, Կանոն 36), «Եթե մի քահանա մի որևէ հանցանքի համար բանադրում է ժողովրդականին, ուրիշ քահանա իրավունք չունի բանադրանքը վերցնելու, վերցնողը ինքը կբանադրվի» (Տ. Տ. Ներսես Ե. Աշտարակեցի, Կանոն 77): Կա՛նգ առեք, տիկնայք և պարոնայք պաշտոնյաներ, խնդրանքս է ձեզ, ի սեր Աստծո վե՛րջ տվեք այս հրեշավոր ընթացքին, որի մեջ սեր և լույս իսպառ չկա, քանզի միմիայն թշնամու վարմունք է: Սոսկալի է եկեղեցական բանադրանքը՝ իր ծանրագույն հետևանքներով այս կյանքում և հանդերձյալում: Արդ, մի՛ դրդեք մեզ ի գործ դնելու աստվածային իշխանությունը. կա՛նգ առեք և ապաշխարեցե՛ք: Ասողիկ աբեղա Կարապետյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան»։