«Մեր բացարձակ մեծամասնությունը առ այսօր անտեղյակ է, թե ինչու ընկավ Կարսը». Վարդան Բալյան
207
Այսօր, 02:06
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի առաջին հանրապետության անկման համար բախտորոշ եղավ Կարսի անկումը: Կարդում եմ նախկին նախարար, հայ-թուրքական պատերազմի ժամանակ Կարսի ճակատում կառավարության լիազոր ներկայացուցիչ բժիշկ Ա. Բաբլանյանի հուշերը, ով, ի դեպ, քաղաքաբերդի գրավումից հետո գերի էր թուրքերի մոտ: ...Զինադադարի կնքումից հետո տարածված կարծիք էր, որ Անգորայի/Քեմալի գլխավորած ազգայնական շարժումը մեռնող Թուրքիայի մի վերջին ջղաձգությունն էր... 1920 թվականի հուլիսին որոշվեց գրավել Օլթին և ուժեր կենտրոնացնելով Կարսի շրջանում ձգվել դեպի Սև ծով... Արտասահմանի մեր դիվանագիտական ներկայացուցիչները կամ լուռ էին քեմալական շարժման մասին կամ լավատեսական դիտարկումներ էին ներկայացնում կառավարությանը... ...Իշխանությունը առավելապես զբաղված էր ներքին թշնամու դեմ պայքարով. կառավարության համար տաճկական վտանգ չկար կամ այդ վտանգը սպառնալից չէր համարվում... Սեպտեմբերի 27-ին թշնամին հարձակվեց, ամսի 29-ին կառավարությունը արտակարգ նիստ հրավիրեց, որի ժամանակ որոշվեց զորահավաք հայտարարել ու ամեն գնով պահել Կարսը. ոչ ոք չառաջարկեց բանակցություններ սկսել թուրքերի հետ... Պարենի և ռազմամթերքի տեսանկյունից մեր զորքերն ապահովված էին. բանակը հագնված էր շատ լավ անգլիացիների տրամադրած նոր համազգեստով: Զինված ռուսական և կանադական հրացաններով մեր վաշտերն ապահովված էին փամփուշտի առատ պաշարով: Զինվորները ստանում էին սպիտակ հաց, միս, խտացրած կաթ, կակաո և կոնսերվաներ/պահածոներ: Հաստատ էր, որ թնդանոթների թվով գերազանցում ենք թշնամուն, գործում էր թիկունքի հետ անխափան երկաթուղային և այլ հարմար ճանապարհային կապ, որ տալիս էր հնարավորություն ամեն օր նոր ուժեր, պարեն և ռազմամթերք հասցնել բանակին: Զորքը բարձր տրամադրություն և մարտական ոգի ուներ... Հայ ժողովուրդն ամենայն պատրաստակամությամբ արձագանքել էր կառավարության կոչին և մինչև անգամ Վրաստանից մեծ թվով կամավորների խմբեր էին եկել... Մեր գերազանցությունը ռազմական տեսանկյունից թշնամու նկատմամբ ակնհայտ էր այնքան, որ որևէ մեկը չէր կասկածում հաղթանակին... ...Հոկտեմբերի 14-ին մեր զորքերը դիմեցին հաձակման: Հրամանատարության անհոգության, հանցավոր ինքնավստահության արդյունքում հարձակումը նախատեսվածից ուշ սկսվեց և անհաջողության մատնվեց: Այդուհանդերձ, թշնամու բանակում շատ ավելի հուսահատ վիճակ էր՝ մի ճիգ ևս ու թշնամին փախուստի կդիմեր: Կեսօրին մեր օդանավը հետախուզական տվյալներ հաղորդեց, որ թուրքական բանակային տրանսպորտը զբաղված է զորքը դեպի Սարիղամիշ տեղափոխելով... Տաճկական բանակը վատ էր հագնված, հաճախ էին հանդիպում անգամ ցնցոտի կրող զինվորներ, պարենավորումն էլ գոհացուցիչ չէր... ...Հայաստանի Հանրապետությանը Կարսի շրջանի հանձնումից ի վեր կառավարությունն ու զինվորական ղեկավարությունը ամոթալի կռիվ էին վարում ու չէին կարողանում պայմանավորվել, թե ում պետք է ենթարկվի նահանգային իշխանությունը: Այդպիսին էր դրությունը պատերազմի նախօրեին ու ամբողջ պատերազմի ընթացքում մինչև բերդի անկումը... Տարածված կարծիք կա, թե պարտության գլխավոր պատճառն այն էր, որ մեր զինվորը վախեցած թուրքից փախուստի ճանապարհ էր փնտրում ու չկռվեց թշնամու դեմ... Մեկ այլ տեսակետ, թե հայ ժողովուրդը զզված Դաշնակցական կառավարության կամայականություններից, կառավարիչների ապիկարությունից անհրաժեշտ ջանք չգործադրեց թուրքին իր երկրից քշելու... Կարծիք կար նաև, որ զորքերը սակավաթիվ էին, իսկ նորակոչիկ կամավորներից կազմված գնդերը, որ համալրեցին ռազմաճակատը բավարար չափով նախապատրաստված ու կարգապահ չէին, սպայակազմն անծանոթ էր և ժամանակ չունեցավ իր զինվորի ճանաչելու, ինչն էլ դարձավ զանգվածային դասալքությունների, զորքի մարտական ոգու անկման և ռազմաճակատի փլուզման պատճառ... Խոսում էին, թե Վրաստանից ու Ալեքսանդրապոլի շրջանից եկած կամավորները բանակում բարոյալքման քարոզ էին անում, ինչի պատճառով էլ... Պետք է ասեմ, որ այդ բոլոր կարծիքները անհիմն էին... Շարունակությունը հաջորդ գրառումով կներկայացնեմ: Վստահ եմ, շատերդ ակնհայտ նմանություն կտեսնեք հարյուրամյա վաղեմության այս դեպքերի ու ներկա իրադարձությունների մեջ: Կլինեն մարդիկ, ովքեր կասեն, թե ինչ իմաստ ունի այս ամենի մասին խոսել հիմա՝ համաձայնելով, որ այս ամենի մասին մեր դասագրքերում բառ անգամ չկա, որ մեր բացարձակ մեծամասնությունը առ այսօր անտեղյակ է մեր ժողովրդի համար ճակատագրական նշանակության բազմաթիվ անկումների ու տապալումների, ինչպիսին, օրինակ, Կարսի անկումն էր ու հետո Հայաստանի Հանրապետության անկումը: Մենք պատմության դասերը չենք սովորում, մենք իրականության հետ չենք առերեսվում, մենք ապրել ու շարունակում ենք ապրել ստի ու կեղծիքի մեջ: Ու համառորեն չենք հասկանում, չենք ուզում հասկանալ, որ մեր բոլոր անհաջողությունների ու տապալումների գլխավոր պատճառն ու մեղավորը հենց մենք ենք, որովհետև...»: