«Տասնութ տարի առաջ հուլիսի 9-ին ԱՄՆ-ում ինքնասպան եղավ հանճարեղ Էլվինա Մակարյանը». Էդուարդ Մանվելյան
167
Այսօր, 21:18
Գրող Էդուարդ Մանվելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արմատներով Արևմտյան Հայաստանից էր․․․ Տատերն ու պապերը գաղթել էին՝ հաստատվելով տարբեր երկրներում: Հորական տատը պոլսահայ էր, պապը՝ ֆրանսահայ, մորական պապը պարնեցի էր՝ գեներալ, ում 1937թ-ին գնդակահարել էին։ Մորական տատը Իգդիրից էր, նա Չարենցի կնոջ հետ նույն բանտում էր եղել: Աղջիկը շատ կապված էր մոր՝ տիկին Ռոզայի հետ: Մայրը նրա համար և ծնող էր, և քույր, և քննադատ, երկրպագու և հավատարիմ օգնական, խորհրդատու: Դուստրը միշտ պաշտամունքով էր վերաբերվում նրան: Մայրը ներկա էր նրա բոլոր ելույթներին, շրջագայում էր դստեր հետ, օգնում իր խորհուրդներով ու հոգատարությամբ: «Երբ որ ես ստացա «Գրան պրին», Թարիվերդիևը, խելոք մարդ, որին ես չլսեցի, ասաց. «էդ ճահճում դու գործ չունես»: Իսկ ես էլ մեռնում էի Հայաստանի համար: Ասաց. «Դու ադամանդ ես, կխամրես, կխորտակվես այդ ճահճում, դու պետք է մեկնես այնտեղից»: Թարիվերդիևը և Լարիսա Կլիցկայան, որը ԽՍՀՄ Կոմպոզիտորների միության անդամ էր, առաջարկեցին ինձ տեղափոխվել Մոսկվա և խոստացան ապահովել բնակարանով ու աշխատանքով: Թարիվերդիևն անընդհատ պնդում էր. «Ամեն ինչով կապահովեմ՝ բնակարան Մոսկվայի կենտրոնում, դու պետք է մեր աչքի առջև լինես, որովհետև ամեն անգամ Մոսկվա կանչելը երկար ժամանակ է պահանջում՝ մինչև հեռագիր ուղարկենք, մինչև տոմս գնես, ժամանես: Իսկ այսպես կլինես մեր աչքի առաջ»: Խոստացա մտածել, երբ որ այդ ամենն իրական լինի: Որոշ ժամանակ անց գալիս է հեռագիրը Թարիվերդիևից. «Բնակարանը Մոսկվայի կենտրոնում կա, սպասում ենք: Թարիվերդիև, Կլիցկայա»: Բերում եմ հեռագիրը և ցույց եմ տալիս ամուսնուս: Ռոմիկն էն ժամանակ ՕԲԽՍ-ից դուրս էր եկել, և մայրիկս, որը բանկում պաշտոն ուներ, դասավորեց նրան Բժիշկների կատարելագործման ինստիտուտում՝ որպես տնտեսական գծով պրոռեկտոր: Ռոմիկը կարդաց, ուրախացավ: Սակայն հետո, նրա գործի բերումով, չգնացինք։ Կլիցկայան, երբ իմացավ, որ չեմ գնալու, զանգեց. «Նրա նման տղամարդիկ դու շատ կունենաս, թող նրան ու արի: Ես քեզ հրեայի հետ կամուսնացնեմ: Գիտե՞ս ինչ բարձունքների կհասնես: Տես, կփոշմանես»: Ու այդպես էլ եղավ: Ես էշի նման էդ տարբերակը բաց թողեցի ու մնացի Հայաստանում: 1977թ-ին տղաս ծնվեց: Ռոմիկի հետ ապրեցինք մինչև 1980թ-ը: Դրանից հետո մի անգամ էլ ամուսնացա, ու վերջացավ: Էդ երրորդ ամուսինս էլ էր հայտնի մարդ, բայց պետք չի, որ իմանաս․․․»,- վերջին հարցազրույցում անկեղծացել էր նա․․․ Աշխույժ և տարբերվող, հանճարեղ այս աղջնակի համար ճակատագիրը անմարդկային դաժան գտնվեց․ նախ մահացավ մայրը՝ Ռոզան, նրա կումիրը, նրա հավատարիմ երկրպագուն ու պահապան հրեշտակը։ Հետո ինքասպան եղավ երիտասարդ որդին․ «Ինձ շատ հալածեցին․․․մի օր որոշեցի դիմել Կարեն Դեմիրճյանին՝ նամակով, թե վիճակս վիճակ չի, ինձ այստեղ ոտնատակ են տալիս, այն աստիճանի է հասել, որ նախագահն ասում է՝ չգաս, չերևաս Ռադիոհեռուստատեսության շենքում ոչ մի հնարավորություն չենք տալիս, աշխատավարձը կբերեն տուն: Նամակում գրել էի, սա ի՞նչ է՝ տնային կալա՞նք է: Մի նամակ, երկու նամակ ուղարկեցի, հետո մտածեցի՝ ի՞նչ է, Կարեն Դեմիրճյանն իր ընկերոջը պետք է նկատողություն տա կամ գործից հանի՞: Լավ, մտածեցի, Գորբաչովին գրեմ: Մեծ նամակ գրեցի ու ուղարկեցի: Այդ նամակից անցնում է մի երկու-երեք օր, ինձ Կենտկոմից կանչում են: Գնացի, Կարեն Սերոբիչն ինձ ընդունեց. – Էս ի՞նչ է, Գորբաչովին նամա՞կ ես գրում: – Կարեն Սերոբիչ, քանի անգամ ձեզ գրեցի, տեսա՝ բանի տեղ չի անցնում, ասի՝ Գորբաչովին գրեմ,- պատասխանեցի: – Այ մարդ, գլխիցդ ձե՞ռք ես քաշել, գնա քո համար տունդ նստի, ռոճիկդ ստանում ես, դե վերջացավ գնաց,- ասում էր ու քմծիծաղով էր հետս խոսում ու մատ էր թափ տալիս: – Բայց ինչո՞ւ եք մատ թափ տալիս… – Արա, հըլը դեռ խոսում է… – Ինչու, խոսելն արգելվո՞ւմ է… Ես չեմ հասկանում, ի՞նչ է կատարվում, էս բարդա՞կ է, թե՞ երկիր է,- ասացի ու հեռացա: Բայց վերջում չդիմացա ու հիշեցրի նրան. – Բայց դուք իմ պապայիս հետ, էն որ ապրում էիք Տպագրիչներում, ֆուտբոլ եք խաղացել: – Գիտեմ, հիշում եմ,- պատասխանեց: – Ու հիմա ինձ հետ այսպե՞ս եք վարվում՝ արհամարհում ու մա՞տ եք թափ տալիս,- ասացի: – Ուրեմն սենց, աղջիկ ջան, գնա հանգիստ տուն: Անտոն Երվանդովիչի ժամանակ կարող է քեզ լավ են ընդունել, հիմա՝ գնա տունդ ու էլ չթպրտաս»,- հատված նույն հարցազրույցից։ Ահա թե ինչպես լքեց երկիրը մեր ժամանակների լեգենդը։ 1990-ականների սկզբներին վերադարձավ Հայաստան։Էլվինա Մակարյան. «Երգ սիրո մասին» Նորանկախ հայրենիքում երգչուհին ունեցավ մի քանի հիթեր։ Մինչև 90-ականների վերջ էլ մնաց և ստեղծագործեց հայրենիքում, որից հետո ընդմիշտ մեկնեց ԱՄՆ, որտեղ շարունակեց իր գործը սեփական ստուդիայում մինչև 2007թ-ի չարաբաստիկ այդ օրը․․․ Տասնութ տարի առաջ հուլիսի 9-ին ԱՄՆ-ում ինքնասպան եղավ Էլվինա Մակարյանը»: